Մատչելիության հղումներ

Արձանագրում ենք ֆիզիկական բռնությունների ալիք լրագրողների ու օպերատորների նկատմամբ. Աշոտ Մելիքյան


Բողոքի ակցիան Երևանում, 13-ը մայիսի, 2024թ.
Բողոքի ակցիան Երևանում, 13-ը մայիսի, 2024թ.

24news-ի լրագրող Մերի Մանուկյանն այսօր ակցիայի ժամանակ գետնին է տապալվել։ Ասում է՝ կարմիր բերետավորներն այսօր ցուցարարներին բերման ենթարկելիս իրեն էլ չեն խնայել։

«Ոստիկանության կարմիր բերետավորները դիտավորությամբ ինձ հրեցին ու գցեցին գետնին, որտեղ կադրերը երևում են, ու այդ պահին գիտակցության կորուստ եմ ունեցել», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Կադրերում երևում է, թե ինչպես են կարմիր բերետավորները փորձում ուշքի բերել լրագրողին, հետո նրան գրկած հեռացնում ճանապարհից։ Ավելի ուշ շտապօգնության մեքենայով Մերի Մանուկյանը տեղափոխվում է հիվանդանոց, ախտորոշումը՝ ձախ դաստակի սալջարդ, թիկնային մակերեսի քերծվածք։

5 ժամ հիվանդանոցում հետազոտվելուց ու բուժօգնություն ստանալուց հետո Մերի Մանուկյանը դուրս գրվեց։ Նա համոզված է՝ համազգեստավորները դիտավորյալ են տապալել իր աշխատանքը, քանի որ, պնդում է, մի քանի անգամ է զգուշացրել՝ լրագրող է, նաև տեսանելի է եղել լրագրողի վկայականը։

Կարմիր բերետավորներից մեկն էլ փորձել է խափանել օպերատորի աշխատանքը, ասում է՝ ձեռքով փակում էր տեսախցիկը։

«Կարծում եմ՝ նրանք նպատակ ունեն չեզոքացել, և որքան քիչ տեսանկարահանում տեղի ունենա, այնքան քիչ ինֆորմացիա կտարածվի», - նշեց լրագրողը։


«Վերջին շաբաթների ընթացքում բողոքի ակցիաներով պայմանավորված, նաև ընդհարումներով, մենք արձանագրում ենք լրագրողների ու օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնությունների ալիք», - ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած բողոքի ակցիաների ընթացքում՝ Տավուշից մինչև Երևան, լրագրողների ու օպերատորների նկատմամբ բռնության ու ճնշումների ութ դեպք է արձանագրել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն։ Այս թվում է նաև ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականի բռնությունը իշխանամետ կայքի լրագրողի նկատմամբ։


Ոստիկանների այս աշխատաոճը նորություն չէ, շեշտում է Խոսքի ազատության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը։ Այդպես էր նաև նախկին իշխանությունների օրոք, երբ լրագրողները թեժ կետերում էին ու լուսաբանում էին կարմիր բերետավորների բիրտ ուժը։

«Ամեն ինչ անում են, որ օպերատորները, լրագրողները չֆիքսեն, չնկարահանեն այն, ինչ իրենք այնտեղ անում են, այսինքն՝ այդ բիրտ ուժի կիրառումը, կոշտ գործողությունները և այլն», - նկատեց նա։

ABC մեդիան էլ է այսօր կադրեր հրապարակել ու հայտարարել, որ ոստիկանները հարվածել ու գետնին են գցել իրենց օպերատորին։ Թեև այս դեպքերով ոստիկանների գործողություններն ուսումնասիրելու համար ծառայողական քննություն է նշանակվել, բայց որևէ ոստիկան չի պատժվել։ Գլխավոր դատախազությունից էլ հայտնեցին, թե մշտադիտարկում անում են, իսկ գործընթաց կսկսեն, թե ոչ, խոստացան ավելի ուշ պատասխանել։

Լրագրողական կազմակերպություններն այսօրվա դեպքերի հետ կապված էլ դատապարտող հայտարարություն կանեն, ասում է Աշոտ Մելիքյանն ու խոստանում հետևողական լինել, որ ոստիկանները խոսքից գործի անցնեն, ծառայողական քննությունը բավարար չէ։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավարը շեշտում է՝ անհանդորժողականությունը միայն լրագրողների նկատմամբ չէ, ամենուր է։ Այսօր նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, շարժման նախաձեռնողներից Գառնիկ Դանիելյանի նյարդերն էին տեղի տվել։ Ակցիայի ժամանակ հայհոյեց մի վարորդի, որը մեքենայից պատգամավորին «Պուտին» անվանեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG