Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հայտարարում է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։
Անցած կիրակի Գյումրիում իմ մասնակցությամբ միջադեպը Գաբրիելյանը համարել է «ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի վարքին»։
«ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ: Ըստ այդմ՝ բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն և պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս: Դիմումը այսօր սահմանված կարգով կհանձնեմ ԱԺ աշխատակազմ», - Ֆեյսբուքում գրել է Գաբրիելյանը։
Մարտի 30-ին «Եվրամեդիա» լրատվամիջոցի լրագրող Կորյուն Սիմոնյանը մոտեցել էր Գյումրիում շրջող Գաբրիելյանին՝ հարցեր տալու: Լրագրողը փորձել էր հասկանալ՝ խմա՞ծ է պատգամավորը, նա էլ ոչ սթափ վիճակում սեռական բնույթի հայհոյանքով պահանջել էր, որ չհրապարակի տեսանյութը: Այդ տեսանյութը հրապարակվեց, ու դրանից հետո լրագրողները պատգամավորից պահանջում էին ներողություն խնդրել ու մանդատը վայր դնել:
Գաբրիելյանն այսօր նաև տեղեկացրել է, որ ինքնաառաջադրվում է, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում՝ վարչության անդամի թեկնածու։
«Ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք», - Ֆեյսբուքում գրել է Վիլեն Գաբրիելյանն ՝առանց մանրամասնելու, թե ինչ առողջացման մասին է խոսքը: