Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում ավելի քան չորս տասնյակ հայկական բեռնատարների արդեն մի քանի օր է՝ արգելվում է մտնել Ռուսաստան, ահազանգում են վարորդները, որոնք Հայաստանից տոննաներով թարմ միրգ, բանջարեղեն, ծաղիկներ ու այլ ապրաքներն են փորձում հասցնել Ռուսաստան։ Խնդիրը բարձրաձայնող մի քանի վարորդներից միայն մեկն այսօր համաձայնեց ձայնագրվելու պայմանով խոսել. «Կոնկրետ ես որ տեսել եմ՝ 40-50 պլյուս մեքենա»:
Վարորդը, որը չցանկացավ ներկայանալ, պատմեց՝ երրորդ օրն է 22 տոննա սալորով բեռնված մեքենան կանգնած է ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում. «Մեզ ասի՝ «գիտե՞ք, պատճառը էս ա», մենք էլ հանենք, էդ չեկերը ցույց տանք, ասենք՝ էս ա, մենք տուգանքը մուծել ենք, մենք օրենք չենք խախտել իրենց երկրի մեջ», - ասում է վարորդը:
Մաքսայիններն, ասում է, հստակ բացատրություն չեն տվել, թե ինչու է իր ու գործընկերների մուտքն արգելվել Ռուսաստան։ Երիտասարդ տղամարդու խոսքով՝ դեռ երկու շաբաթ առաջ ՌԴ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները համատարած տուգանել են հայ վարորդներին Ռուսաստանի սահմանն անցնելիս, երբ հերթում էին։ Տուգանքը պատճառաբանել են սխալ կայանմամբ։ Վարորդների դիտարկմանը, թե իրենք հերթում են և որևէ խախտում չեն արել, ոստիկանն արձագանքել է, թե վերևներից է հրանհանգված տուգանել։
Ըստ «Ազատության» զրուցակցի՝ շատերը ժամանակին վճարել են տուգանքը, բայց դա ոչինչ չի փոխել: Հիմա ՌԴ նրանց մուտքն արգելված է։ Վարորդն ասում է՝ ինքը նաև տուգանքի վճարման կտրոնն ունի մոտը, որն էլ ներկայացրել է ոստիկաններին: Որևէ պատճառաբանություն չստանալով արգելքի վերաբերյալ, բեռնատարի վարորդը եզրահանգել է՝ պատճառը քաղաքական է. ռուսական կողմը պարբերաբար է իրենց համար դժվարություններ ստեղծում. «Եթե քաղաքական մասով չլինի, ասում ա՝ վերևներից հրաման ունենք, մեր պետերը հրաման են տվել, որ գանք էստեղ բոլորիդ վրա շտրաֆ [տուգանք՝ ռուսերեն] գրենք: Ինչի՞ համար պիտի զուտ գան ըտեղ ու մեր սաղիս վրա շտրաֆ գրեն: Վարորդներն էլ, ով որ հիմա աշխատում ա էս գործի տակ, գալու են Հայաստան, մնան գործազուրկ, չկարողանան էդ գործին աշխատեն, որը որ աշխատում էին: Նշվում ա, թղթի մեջ գրած ա՝ անորոշ ժամկետով»:
Վարորդները վրդովված են նաև, որ տեղում Հայաստանի կառավարությունից որևէ ներկայացուցիչ չկա, որ իր միջոցով փորձեն խնդիրը լուծել։ ՌԴ–ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանի պաշտոնանկությունից հետո նոր պաշտոնյայի չեն հանդիպել:
«Չգիտեմ... ես ինչքան գիտեմ, Լարսում պիտի մեր հայկական մարդ լինի, որ էս հարցերով զբաղվի, գոնե մեզնով հետաքրքրվի. լավ, մենք էստեղ ի՞նչ ենք ուտում, ո՞նց ենք ապրում, սայլարկա ո՞նց ենք լցնում էդ սառնարանի մեջ, որ աշխատում ա», - ասում է վարորդը:
Էկոնոմիկայի նախարարությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ կցորդի տեղը դեռ թափուր է։
Իսկ ի՞նչ է անում Էկոնոմիկայի նախարարությունը հարցը լուծելու համար, խոսնակ Լիլիթ Շաբոյանը միայն փոխանցեց. «Հարցն, ըստ էության, նախարարության տիրույթում չէ, սակայն կփորձենք հասկանալ մեր տնտեսվարողների խնդիրը ինչում է կայանում, ինչով է պայմանավորված այդ խնդրի առկայությունը, քանի որ մշտապես մենք կապի մեջ ենք մեր տնտեսվարողների հետ և փորձում ենք գտնել անհրաժեշտ լուծումներ նրանց բոլոր խնդիրների համար»:
Այս ամռանը հայաստանցի արտահանողները խնդիրների բախվեցին նաև Վրաստանում, ալկոհոլ արտահանողներն էին տևական ժամանակ բողոքում, որ Վրաստանը շաբաթներով ձգձգում է իրենց ապրանքների ստուգումը: Ռուսական կողմն էլ Հայաստանից արտահանվող ծաղիկների վրա էր արգելք դրել՝ վարակված լինելու պատճառաբանությամբ: