Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի դեմ պաշտպանի բողոքը: Սրբազանը կշարունակի մնալ կալանքի տակ, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը:
Արշակ արքեպիսկոպոսին Քննչականը ձերբակալեց, ապա մեղադրանք առաջադրեց դեկտեմբերի սկզբին՝ յոթ տարի առաջ ուրիշի պայուսակի մեջ թմրամիջոց գցելու համար: Սրբազանը մեղքը չի ընդունում:
Վերաքննիչ դատարանը հունվարի 5-ին հետաձգել էր կալանքի դեմ միջնորդության վերաբերյալ վճռի հրապարակումը:
Մայիսից կաթողիկոսի հետ միասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիրախում հայտնված Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, ըստ ՔԿ-ի, 2018-ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման ակցիայի ժամանակ դիվանատան ընդունարանում կախված պայուսակի մեջ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց գցելու ցուցում էր տվել:
Արշակ սրբազանից բացի, բանտում են նաև Շիրակի, Արագածոտնի թեմերի առաջնորդները, Տավուշի թեմի նախկին առաջնորդ, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսը:
Ավելի վաղ անդրադառնալով Մայր Աթոռի դիվանապետի կալանքին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտարարել էր, որ նա ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով: