Վերաքննիչ դատարանն անփոփող թողեց 4 տարի առաջ բալիկի սպասող Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մայոր Արամ Նավասարդյանի պատիժը՝ 1,5 տարվա ազատազրկում:
Մահացած 28-ամյա կնոջ ծնողները վարչապետ Փաշինյանի ավտոշարասյան մեքենայի վարորդի համար ավելի խիստ՝ 4 տարվա ազատազրկում են պահանջում: Ողբերգությունից 4 տարի անց սակայն ոչ վարորդը, ոչ էլ որևէ այլ անձ փաստացի պատիժ չի կրել, քանի դեռ կողմերը բողոքարկում են դատարանի վճիռը, այն դեռ վերջնական ուժի մեջ չի մտել. առաջիկայում կողմերն այն կբողոքարկեն հաջորդ ատյանում՝ Վճռաբեկ դատարանում:
Մեղադրյալի աթոռին չի հայտնվել ոչ մի այլ պաշտոնատար անձ, թեև արդեն 4 տարի հարազատները պնդում են՝ եթե Պարոնյան-Լեո խաչմերուկը պատշաճ փակ լիներ, ոստիկանությունն իր գործը աներ, հիմա Սոնան ու թոռնիկն իրենց կողքին կլինեին:
«Մտածում էինք երևի էնպես լինի, որ ընդհանրապես կալանքը հանեն, մեղավոր չճանաչեն, բայց տեսնենք, դեռ շարունակություն կունենա այս ամենն ինձ թվում է, ես այս 4 տարվա ընթացքում առաջին անգամ եմ գալիս դատարան», - ասաց Սոնա Մնացականյանի մայրը:
Դստեր ողբերգական մահից հետո հազվադեպ հարցազրույցներ տվող Արմինե Մակինյանն առաջին անգամ էր դատարան եկել ու առաջին անգամ տեսավ Սոնային վրաերթի ենթարկած մարդուն: «Ուզում էի նրա աչքերի մեջ նայել», - ասաց նա:
«Առավոտյան դատարանի բակում հանդիպեցի, ասեցի այն, ինչ իմ սրտում կուտակվել էր այս չորս տարվա մեջ: Այդ մարդը չի ընդունում իր մեղքը, ընդհանրապես չի ընդունում իր մեղքը... չգիտեմ՝ ինչ արժեհամակարգի ենք հասել, որ կարող է հղի կնոջը բարձր արագությամբ տան-սպանեն ու հետո նույնիսկ օգնություն ցույց չտան, ու այդ մարդը նույնիսկ այդ պարագայում իրեն մեղավոր չի համարում», - նշեց Արմինե Մակինյանը:
Սոնա Մնացականյանի մայրն ուզում է, որ Նավասարդյանն ինքն իրեն մեղավոր համարի, ընդունի մեղքը, սակայն այսօր հասկացավ՝ դա չի լինի: Բացառված չէ, որ Նավասարդյանն ընդհանրապես խուսափի պատժից, մեկ տարի անց լրանում է վաղեմության ժամկետը և եթե Վճռաբեկում քննությունն ավելի երկար տևի՝ նա ճաղերի հետևում չի հայտնվի. «Իրանք երևի հույս ունեն, որ տենց ա լինելու, ես մտածված եմ էսօր եկել, որ այդ մարդու աչքերի մեջ նայեմ ու ասեմ, որ դու, առաջին, մեղավորն ես, որ արագությունը գերազանցել ես, երկրորդը՝ թողել ես անօգնական հղի կնոջը փողոցում ու գնացել ես»:
Պաշտպանական կողմը, մինչդեռ, շարունակում է Արամ Նավասարդյանի անմեղության մասին պնդել: Մայոր Արամ Նավասարդյանն իրեն մեղավոր չի ճանաչում, նա վերաքննիչից արդարացում էր պահանջում՝ պնդելով, թե արագությունը չի գերազանցել: Փաստաբան Ռուբեն Բալոյանը հայտարարում է, եթե Վճռաբեկ դատարանը նրան չարդարացնի կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Եթե տեղում կանգներ, ողջ շարասյունը պիտի կանգներ, օրինակ, վերջին մեկ տարվա մեջ Պուտինի շարասյունը ուղեկցման ընթացքում 2 անգամ վրաերթ է կատարել, բացեք տեսեք կանգնո՞ւմ են, պետության ղեկավարն է, մի մոռացեք, մեր երկիրը փոքր երկիր է, բայց ղեկավարը մնում է ղեկավար», - ասաց փաստաբանը:
Վարորդն, ըստ Սոնայի մոր, առաջին մեղավորն է, սակայն կատարվածը ամբողջ պետական համակարգի թերացումն է համարում՝ փնթի աշխատանքը. «Ես ամեն առավոտ աշխատանքի գնալուց տեսնում եմ՝ էն, ինչ որ կատարվում ա, փնթի, անշնորհք, կիսատ-պռատ, փողոցը փակած չեն եղել, մեկ ոստիկան է եղել, որը եսիմ որտեղ է կանգնած եղել, ինքն իր խոսքերով ասում է՝ «ես չեմ էլ տեսել, դա դու ինչի՞ համար էիր այնտեղ կանգնած»:
Սոնայի մահից հետո միայն վարչապետի շարասյան երթևեկության ժամանակ պարեկները սկսեցին առավել խիստ հսկել մայթերը: 28-ամյա կնոջ ու չծնված երեխայի կյանքը խլած ավտոշարասյան գլխավոր անձը՝ վարչապետ Փաշինյանը կատարվածի համար իրեն ընդհանրապես մեղավոր չի համարում. «Հիմա պատկերացրեք՝ դուք ավտոբուսի մեջ նստած եք ու ավտոբուսը մարդ է վրաերթի ենթարկում»:
Փաշինյանն իր ավտոշարասյունը հանրային տրանսպորտի հետ էր համեմատում, իրեն էլ՝ պարզապես ուղևորի. վերջին վագոնում նստած է՝ ինքն ի՞նչ կապ ունի. «Մետրոյի վերջին վագոնում նստած եք, առաջին վագոնը մարդ է վրաերթի ենթարկում, դուք ի՞նչ կապ ունեք այդ դեպքի հետ»:
Սոնայի մայրիկը՝ Արմինե Մակինյանը լսել է Փաշինյանի խոսքերը, պնդում է՝ վարչապետը ոչ թե միայն սգացող ընտանիքից, այլև Հայաստանի ամբողջ ժողովրդից պետք է ներողություն խնդրեր կատարվածի համար. «Վերջիվերջո, դա քո աշխատանքն է, դու ես կազմակերպում այդ աշխատանքը, քո ենթականերն են կազմակերպում այդ աշխատանքը, եթե պատշաճ չես կազմակերպել՝ ուրեմն մեղավորությունը նաև քոնն է»:
Մնացականյանների տունը Սոնայի գերեզմանին մոտ է, բոլորովին վերջերս կինը վրդովվել է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» աջակիցների՝ իրենց թաղամասում իրականացրած քարոզարշավից. պատմում է՝ գերեզմանատան մոտ բարձր երաժշտություն են միացրել, այնքան բարձր, որ Սոնայի գերեզմանից էլ կլսվեր: Տիկին Արմինեն այդ օրը չի կարողացել լռել. «Դուրս եկա, ինչ-որ պետք էր ասացի, տարա գերեզմանի մոտ իմ աղջկա, ասեցի՝ եկեք ես ձեզ տեղ եմ տանում, տարա, ասացի՝ այն, ինչ որ դուք տեսնում եք համացանցով և այլն, դա իրական է, ու այս դեպքի հետևում իրական մարդիկ են կանգնած, ես եմ կանգնած՝ մայրը...»: