Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է փոխել կոռուպցիայի համար մեղադրվող Գյումրիի քաղաքապետի կալանքը: Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ բանտում: Փաստաբան Արամայիս Հայրապետյանը «Ազատությանն» ասաց՝ դատարանի հիմնավորումներին կծանոթանան, երբ իրենց ձեռքի տակ լինի դատական ակտը: Ամեն դեպքում, պնդում է, 21 էջից բաղկացած լուրջ հիմնավորումներ էին ներկայացրել՝ Ղուկասյանի բանտային պայմանների, առողջական խնդիրների մասին:
«Ապացույցները, հիմնավորումները, իմ կարծիքով, պաշտպանության կողմի, ինքը բավականին հարուստ էր և հիմնավոր, բայց հաշվի առնելով էն բոլոր մտահոգությունները, որ տևական ժամանակ մենք բարձրաձայնում ենք՝ կապված քաղաքական ճնշումների հետ, շատ դժվար է ակնկալել, որ որևէ դատարան, էս փուլում առնվազն, արդարադատություն կիրականացնի: Դրա վերաբերյալ լրջագույն կասկածներ մենք ունենք, էն ձև չի, որ միամիտ ենք և կարծում ենք, որ պետք է մեր գրածին նայեն մինչև վերջ կամ օրենքին նայեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը՝ շարունակելով. - «Բայց քանի որ չունենք Վերաքննիչ դատարանի որոշումը, բովանդակային առումով թույլ տվեք էս պահին որևէ գնահատական չտալ, երբ որ արդեն կծանոթանամ բովանդակությանը, էդ ժամանակ հայտարարություն կտարածենք»:
Նաև սպասում են գլխավոր դատախազին ուղղված իրենց բողոքի պատասխանին: Այս դեպքում խոսքը Հակակոռուպցիան կոմիտեի քննիչի կայացրած՝ երկու խափանման միջոցների որոշումների մասին է. դրանցից մեկով կալանք է նշանակված, մյուսով՝ միայն պաշտոնի կասեցում ու բացակայելու արգելք: «Ազատության» տեղեկություններով՝ այլընտրանքային խափանման միջոցի վերաբերյալ քննիչի որոշումը չեղարկվել է: Արամայիս Հայրապետյանը հաստատում է տեղեկությունը և կարծիք հայտնում, որ անկախ որոշման չեղարկումից՝ Ղուկասյանի կալանքը պետք է փոխվեր:
«Առաջին բողոքի պատասխանի մեջ հպանցիկ գրված է, որ պաշտոնավարման կասեցումը չեղարկվել է, բայց որոշում չունենք՝ ինչ հիմքով է չեղարկվել: Բայց դա ոչինչ չի փոխում, որովհետև մենք ասում ենք՝ եթե անգամ հիմա չեղարկվել է, պետք է արձանագրվի, որ 21-ը հոկտեմբերի 25 թվականի առնվազ անձը ենթակա է եղել ազատ արձակման, սա՝ մեկ, հետևաբար՝ եթե դրանից 10 օր հետո դուք ակտը չեղարկում եք՝ պաշտոնավարման կասեցումը, դա իրավիճակ չի փոխում, պետք է անձին ազատ արձակած լինեն: Եվ երկրորդը՝ միայն էդ ակտը չէ, նաև կա բացակայելու արգելք, որը կրկին բացառում է կալանքի կիրառման հնարավորությունը», - նշեց Հայրապետյանը:
Գլխավոր դատախազության պատասխանից է կախված, եթե բացասական լինի, ապա կդիմեն դատարան. - «Սպասենք, տեսնենք՝ գլխավոր դատախազը ինչ պատասխան կտա մեր էդ բողոքին: Եթե արդյունքի չհասանք, բնականաբար, էդ ուղղությամբ էլ դատարան ենք դիմելու իրավունքի խախտումը ճանաչելու խնդրանքով»:
Ղուկասյանի ձերբակալության օրը քաղաքապետարանի դիմաց Երևանից Գյումրի բերված մեծաթիվ ոստիկանների ու նրա աջակիցների միջև բախում եղավ: Չորս տասնյակից ավելի մարդ զանգվածային անկարգություններին մասնակցելու, դրդելու մեղադրանքով կալանավորվեց: Նրանց թվում էր նաև ընդդիմադիր «Մեր ձևով» շարժման Գյումրիի համակարգող, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը, ով մեկ ամիս բանտում պահվելուց հետո օրերս ազատ արձակվեց: Դատախազությունը, սակայն, համաձայն չէ Վերաքննիչ դատարանի որոշմանը և բողոքարկելու է: Մխիթարյանի փաստաբան Լիաննա Գասպարյանի համար սա կանխատեսելի զարգացում էր:
«Մենք որևիցե կերպ չենք էլ մտածել, որ հնարավոր է չբողոքարկվի էդ դատական ակտը: Ինչպես պայքարել ենք, այդպես ևս շարունակելու ենք պայքարել», - ասաց Գասպարյանը:
Ռուբեն Մխիթարյանը պատմում է՝ այդ օրը Երևանից Գյումրի է եկել, որ կարողանա մուտք գործել քաղաքապետարան ու որպես փաստաբան Վարդան Ղուկասյանին իրավական աջակցություն ցուցաբերի: Դժվարությամբ կարողացել է մուտք գործել քաղաքապետարան, ու երբ Ղուկասյանին ձերբակալել ու տեղափոխել են, գնացել է քաղաքապետարանի դիմաց, փորձել հավաքվածներին աջակցել որպես փաստաբան. - «Ձեռքերս բարձրացրած մտել եմ թե՛ ոստիկանների և թե՛ քաղաքացիների մեջտեղը, այսինքն՝ ես չեմ եղել բարիկադից այս կողմ կամ այն կողմ և մտել եմ երկուսի մեջտեղը, փորձել եմ հանգստության կոչեր անել: Էդ երևի թե, ըստ զգացողության և նաև տեսագրություններից էլ պարզվեց, որ տևել է մոտավորապես 19-ից 20 վայրկյան, ձեռքերս բաց վիճակով կանգնած եմ եղել, ու էդ պահին ինձ, առնվազն իմ համար անհասկանալի պայմաններում, բերման են ենթարկում»:
Մխիթարյանի փաստաբանը աբսուրդ է համարում, որ մեկ ոստիկանի ցուցմունքը բավարար է եղել կալանավորելու համար: Իսկ ամենազավեշտալին համարում են ոստիկանական ցուցմունքները:
«Ձերբակալման արձանագրություն կազմել է այլ անձ՝ ոստիկան, իսկ հարցաքննվել է այլ անձ, որը որ ընդհանրապես Ռուբեն Մխիթարյանի ձերբակալման հետ առնչություն չի ունեցել; Երբ որ մենք էդ տեսագրությունն ենք դիտում հարցաքննության, նա անգամ Ռուբեն Մխիթարյանին չէր էլ ճանաչում», - ընդգծեց Լիաննա Գասպարյանը:
Զանգվածային անկարգություններին մասնակցելու, դրանց դրդելու, արդարադատությանը խոչընդոտելու հոդվածներով հարուցված գործով 43 մեղադրյալ կա, այս պահին կալանքի տակ են նրանցից 23-ը: