Վենս ամուսիններն առավոտյան Ծիծեռնակաբերդի բարձունքում էին՝ ծաղկեպսակ դնելու Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ իջավ անմար կրակի մոտ՝ վարդերի փնջով, մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը։
Հայաստանի իշխանությունն է խնդրել այցելել այս շատ կարևոր վայրը, արդեն հեռանալիս օդանավակայանում ասաց Միացյալ Նահանգների փոխնախագահը՝ ի պատասխան հարցի՝ արդյոք պաշտոնապես ճանաչո՞ւմ եք Հայոց ցեղասպանությունը։
«Առաջին փոխնախագահն եմ, որ երբևէ այցելել է Հայաստան, և նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայրը։ Ակնհայտ է, որ սա շատ սարսափելի մի բան է, որ տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, և մի բան, որը նրանց համար մշակութային առումով շատ-շատ կարևոր է։ Այդ պատճառով որպես հարգանքի նշան թե՛ զոհերի, թե՛ Հայաստանի կառավարության հանդեպ, որը տարածաշրջանում մեզ համար շատ կարևոր գործընկեր է, թե վարչապետ Փաշինյանի նկատմամբ հարգանքով, ես ցանկացա գնալ և այցելել այդ վայրը՝ հարգանքի տուրք մատուցելու», - ասաց նա։
Նահանգների փոխնախագահի առավոտյան հուշահամալիր այցից հետո X-ի նրա էջում գրառում կար, որտեղ օգտագործված էր «Հայոց ցեղասպանություն» բառը. «Այսօր փոխնախագահ Վենսը և երկրորդ տիկին Ուշա Վենսը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում մասնակցել են ծաղիկներ խոնարհելու արարողությանը՝ հարգելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»։
Գրառումը սակայն ջնջվեց, ու Վենսի էջում հայտնվեց նրա խոսնակի գրառումը՝ առանց «ցեղասպանություն» եզրույթի։
Վենսի աշխատակազմից հայտնում են՝ առաջին գրառումը սխալմամբ է տեղադրվել անձնակազմի կողմից, նրանք փոխնախագահի գլխավորած պատվիրակությունում չեն եղել։ Խոսնակն էլ բացատրել է՝ փոխնախագահի տեսակետին կարող եք ծանոթանալ ինքնաթիռի մոտ նրա արած մեկնաբանությամբ։ Ինքնաթիռի մոտ Ջեյ Դի Վենսն այսօր Հայոց ցեղասպանությունը «շատ սարսափելի բան» անվանեց։ Թրամփի վարչակազմը հավատարիմ է Հայոց ցեղասպանության փոխարեն այլ արտահայտություններ օգտագործելու քաղաքականությանը։ Անցած տարի էլ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձում «Մեծ Եղեռն» հնչեց։
Այսօր Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում բարձրաստիճան զույգին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը նախ պատմել է այն ամերիկացիների մասին, որ թուրքական կառավարության իրագործած ոճիրի դեմ իրենց ձայնն են բարձրացրել։
Հուշապատի խորշերի մեջ Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Մորգենթաուի ու Կլարա Բարտոնի՝ ԱՄՆ Կարմիր խաչի ղեկավարի գերեզմաններից բերված հողով լի սափորներն են։ Հուշահամալիրի տարածքում այլ խաչքարեր ու հուշաքարեր կան, որ օգնում են պատմել ողբերգական այլ իրադարձությունների մասին։ Այստեղ Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ջարդերի զոհերի հիշատակի խաչքարերն են, արցախյան պատերազմի առաջին զոհերի շիրիմները։
«Ներկայացրի նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում երեք խաչքարերը՝ նվիրված Սովետական Ադրբեջանում հայերի դեմ իրականացված բռնությունների և նաև 5 ազատամարտիկների շիրիմներին, որոնք ամփոփված են: Բացատրել եմ, թե ինչու են իրանք Հայոց ղեղասպանության հուշահամալիրի տարածքում՝ բացատրելով այն կապը, որ ժողովրդի մոտ եղել է այդ մոտեցումը, այդ գիտակցումը, որ սրանք կապված երևույթներ են, և այդ պատճառով աճյուններն ամփոփվել են Ցեղասպանության թանգարանի տարածքում, և նաև խաչքարերն ինչու են այստեղ», - ասաց տնօրենը:
Հյուրերին Էդիտա Գզոյանը 5 գիրք է փոխանցել՝ Հայոց ցեղասպանության ու Արցախի խնդրի մասին, այն ամենի, ինչ տարբեր դարաշրջաններում տեղի է ունեցել հայերի հետ՝ թուրքերի ու ադրբեջանցիների ձեռքով, ողբերգական դեպքեր, որոնց անդրադարձել է նաև ամերիկյան մամուլը։
Վենս ամուսինները լսել են նաև հուշահամալիրի կառուցման պատմությունը։ Ընդհանուր առմամբ շատ տպավորված էին, ասում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը։ Այցը թեպետ ընդամենը կես ժամ է տևել, հյուրերը թանգարան էլ չեն մտել, բայց ըստ Էդիտա Գզոյանի՝ հասցրել է այդ կես ժամում շատ բան պատմել։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան դրսում՝ անձրևի տակ, հասցրել է նաև գրառում անել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
«Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի», - գրել է Վենսը։
Այցի վերաբերյալ տարածված լուսանկարներում հյուրերը ժպտում են միայն մեկում, ենթադրվում է՝ այստեղ թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանը պատմում է հուշահամալիրի հիշողության պուրակում շուրջ 30 տարի առաջ տնկված առաջին ծառի մասին ամերիկացի սենատոր Ռոբերտ Դոուլի կողմից:
Ամերիկացի սենատորինին փրկել ու երկրորդ կյանք էր տվել Ցեղասպանությունից փրկված հայ վիրաբույժը։ Սենատորը երկարատև արշավ է մղել, որպեսզի Կոնգրեսն ընդունի Հայոց ցեղասպանությունը։