Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորած պատվիրակությունը, որում ընդգրկված են նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և փեսա Ջարեդ Քուշները, այսօր առավոտյան ժամանել է Իսլամաբադ: Պատվիրակությանը դիմավորել են Պակիստանի զինված ուժերի ղեկավար Ասիմ Մունիրը և արտգործնախարար Իշաք Դարը:
Իրանի պատվիրակությունը՝ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և արտգործնախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունների նպատակով Պակիստանի մայրաքաղաք է ժամանել երեկ:
Սա ԱՄՆ-Իրան ամենաբարձրաստիճան բանակցությունն է 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությունից և 2015-ին երկու կողմերի միջև առաջին պաշտոնական բանակցություններից հետո, երբ համաձայնություն էր ձեռք բերվել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ:
Վաշինգտոնն ու Թեհրանը, սակայն, մի շարք տարաձայնություններով են գնում բանակցությունների: Իրանը պնդում է, որ երկշաբաթյա հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա, պետք է վերացվեն պատժամիջոցները, ապասառեցվեն իրանական ակտիվները, ճանաչվի Հորմուզի նեղուցի նկատմամբ Թեհրանի ինքնիշխանությունը, իսկ նեղուցն ամբողջությամբ կբացվի Լիբանանում հրադադարից հետո:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ իրանական ակտիվների ապասառեցումը ևս ուղիղ կապ ունի նեղուցն ամբողջությամբ վերաբացելու հետ: Ըստ նրա՝ այս պահանջով Թեհրանը ցանկանում է համոզվել՝ արդյոք ԱՄՆ-ն լո՞ւրջ է տրամադրված կայուն խաղաղությանը հասնելուն: Պաշտոնյան նաև ասել է, որ Վաշինգտոնը համաձայնել է ապասառեցնել իրանական ակտիվները:
ԱՄՆ-ն, սակայն, պնդում է, որ Լիբանանը հրադադարի գործարքի մաս չէ, Հորմուզը պետք է բացվի անմիջապես, Իրանն էլ հրաժարվի միջուկային ծրագրից: Բանակցություններից առաջ ԱՄՆ նախագահը կրկնել է՝ Իրանը չի կարող միջուկային ծրագիր ունենալ։ Դոնալդ Թրամփը նաև նշել է, որ Հորմուզի նեղուցը այսպես թե այնպես շուտով կբացվի: