Մատչելիության հղումներ

Վենսն ու Ռուբիոն թերահավատ են, թե Ուկրաինայում պատերազմը շուտով կավարտվի


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենս և պետքարտուղար Մարկո Ռուբիո, արխիվ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենս և պետքարտուղար Մարկո Ռուբիո, արխիվ

Միացյալ Նահանգների փոխնախագահն ու պետքարտուղարը թերահավատ են, որ Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել շուտով: Ուկրաինական հանածոների գործարքի ստորագրումից մեկ օր անց փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել է, որ պատերազմն առաջիկայում չի ավարտվի, թեև նախագահ Թրամփն ընտրվելուց առաջ խոստանում էր մի քանի օրում վերջ դնել հակամարտությանը, իսկ վերջերս էլ ասել էր, թե կռիվն իր վերջնական փուլում է:

Fox News-ին տված հարցազրույցում Ջեյ Դի Վենսն ասել է՝ Ուկրաինան և Ռուսաստանն արդեն ներկայացրել են իրենց պայմանները, և հաջորդ շաբաթների ընթացքում ԱՄՆ-ը կփորձի բանակցություններ կազմակերպել կողմերի միջև, որպեսզի հնարավորինս մոտեցնեն դիրքորոշումները:

«Հիմա ... ռուսների և ուկրաինացիների որոշելիքն է։ Նրանք պետք է համաձայնության գան այս դաժան հակամարտությունը դադարեցնելու հարցում։ Այն դեռ լուծված չէ, բայց պատերազմը շուտով չի ավարտվելու», - ասել է ԱՄՆ փոխնախագահը:

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, իր հերթին, ասել է, որ Վաշինգտոնը կշարունակի կարգավորման ջանքերը, սակայն չեն կարող հավերժ զբաղվել այս խնդրով, կան այլ՝ ոչ պակաս կարևոր հարցեր: Ռուբիոն նշել է՝ Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումները նախկինի համեմատ ավելի մոտ են, սակայն դեռ ոչ այնքան, որպեսզի խնդիրը կարգավորվի: Եվ դրա համար առաջիկայում անհրաժեշտ կլինի լուրջ առաջընթաց, շեշտել է պետքարտուղարը:

«Մենք պետք է շատ շուտով իրական առաջընթաց ունենանք, որպեսզի կարգավորումը հնարավոր դառնա։ Կամ կարծում եմ՝ նախագահը ստիպված կլինի որոշել, թե դեռ որքան ժամանակ ենք մտադիր հատկացնել այս խնդրին», - ընդգծել է Ռուբիոն:

Պետքարտուղարը նաև ասել է, որ Ուկրաինայի զորքն ի վիճակի չէ ռուսական զորքին հետ մղել մինչև 2014 թվականի սահմանները, և դա պետք է ընդունել որպես փաստ։

Պետքարտուղարության խոսնակն էլ ասել է, որ Միացյալ Նահանգները փոխում է իր մեթոդաբանությունը. կշարունակի աջակցել կարգավորմանը, բայց ոչ միջնորդի դերում: Ժամանակն է, որ Մոսկվան ու Կիևը սկսեն ուղիղ բանակցել, շեշտել է Թեմի Բրյուսը:

«Մենք միջնորդ չենք լինելու ... Հիմա ժամանակն է, որ նրանք ներկայացնեն և մշակեն կոնկրետ գաղափարներ, թե ինչպես է այս հակամարտությունն ավարտվելու։ Դա կախված կլինի նրանցից», - ասել է Բրյուսը:

Այս ֆոնին Ֆրանսիայի արտգործնախարարն ասել է, որ եվրոպական երկրները նախատեսում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ևս մեկ փաթեթ ընդունել, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել կրակն Ուկրաինայում: Ժան-Նոել Բարոն հայտնել է, որ ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմ:

«Ես չորեքշաբթի օրը սենատոր Լինդսի Գրեհեմին խոստացա, որ կփորձենք համակարգել այս երկու փաթեթների թե՛ բովանդակությունը, թե՛ ժամկետները», - նշել է Բարոն:

Մինչ ԱՄՆ-ը և Եվրոպան պատժամիջոցներ են պատրաստում, Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ ուկրաինական օգտակար հանածոների համատեղ արդյունահանման համաձայնագրին, որն երեկ ստորագրվեց: Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ այն հավասար գործընկերություն է ենթադրում և ներդրումային լավ հնարավորություններ կստեղծի Ուկրաինայի համար ու կօգնի վերականգնել տնտեսությունը:

«Այն հնարավորություններ է ստեղծում Ուկրաինայում զգալի ներդրումների, ինչպես նաև Ուկրաինայի արդյունաբերության զգալի արդիականացման և իրավական պրակտիկայի համար, որը նույնքան կարևոր է», - հայտարարել է նա:

Սակայն Reuters-ը գրում է, որ գործարքը հաջողելու քիչ շանսեր ունի, քանզի ներդրողները հազիվ թե պատրաստ լինեն գումար ներդնել երկրում, որը պատերազմի մեջ է, որի հանքարդյունաբերության ոլորտի ենթակառուցվածքները ոչնչացվել են պատերազմի հետևանքով, և կան անվտանգության հետ կապված անորոշություններ:

Այս ընթացքում ռազմաճակատում իրադրությունը մնում է լարված: Ռուսական զորքն անօդաչուներով հարվածել է Զապորոժիեին, կա առնվազն 30 վիրավոր, ևս երկու զոհ կա Դոնեցկում: Ռուսական կողմն, իր հերթին, հաղորդել է ուկրաինական անօդաչուների հարվածների մասին մի քանի շրջանում: Ռուսաստանը հայտարարել է՝ շարունակում է անվտանգության գոտի ստեղծել Ուկրաինայի Սումիի մարզում: Ղրիմում անօդաչուների հարվածներից հրդեհներ են բռնկվել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG