Ոստիկաններն այսօր շրջափակել էին Վեդիի համայնքապետարանի մուտքը՝ արգելով բնապահպաններին, ակտիվիստներին ու տեղացիներին մասնակցել համայնքի տարածքում կրաքարի հանք բացելու հանրային քննարկմանը։ Պատճառաբանում, թե նախապես չեն գրանցվել։
Ոստիկանության ծառայողներն առավոտյան արգելում էին նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մուտքը։ Ավելի ուշ, սակայն, ստիպված էին պատգամավորին ներս թողնել։
Տևական պայքարից հետո քաղաքացիներին ևս հաջողվեց մտնել նիստերի դահլիճ ու մասնակցել քննարկմանը։
«Օրդ Գրուպ» ընկերությունը ցեմենտի հումք հանդիսացող կրաքարի հանքավայրը նախատեսում է Կարմիր սար կոչվող տարածքում բացել՝ գյուղատնեսական հողերից ոչ հեռու։ Մի քանի հարյուր աշխատատեղ են խոստանում, վստահեցնում, թե շրջակա միջավայրին հանքը նվազագույն վնաս է հասցնելու։ Տարածքի հարևանությամբ են գտնվում Այգեզարդ և Գինեվետ բնակավայրերը, որոնց բնակիչներից շատերը հենց հանրային քննարկումների ընթացքում դեմ են արտահայտվել հանքի շահագործմանը։
«Մենք կարո՞ղ է ուզում ենք մեզ վատություն անել». Գարիկ Սարգսյան
Վեդիի ՔՊ-ական համայնքապետ Գարիկ Սարգսյանն այսօր հանքը շահագործելու օգտին էր խոսում, հայտարարում, թե դրա գործարկմամբ համայնքային բյուջե տարեկան 100 և ավելի միլիոն դրամ է մտնելու։ Ըստ Սարգսյանի՝ տարածքը շահագործել պատրաստվող ընկերությունը պարտավորվել է հանքարդյունահանումը ժամանակակից չափորոշիչներին համապատասխան իրականացնել։
«Մարդիկ կան Երևանից կամ ուրիշ տեղերից եկել են, ասում են՝ վայ, էդ փոշին...մենք կարո՞ղ է ուզում ենք մեզ վատություն անել, ժողովուրդ ջան», - ասաց Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը:
Սարգսյանը պնդում էր, թե կրաքարի հանքը փակ ֆիլտրացված համակարգով է գործելու։ Համայնքապետի համոզմամբ՝ նոր հանքավայրն օրինակ է ծառայելու շատ հանքարդյունաբերական ընկերությունների համար։
Բնակիչները մեծ ռիսկեր են տեսնում
Մինչդեռ բնապահպանները, տեղացիները մեծ ռիսկեր են տեսնում հանքի շահագործման դեպքում, մի տարածքում, որի անմիջապես հարևանությամբ գյուղատնեսական հողեր են։
«Անմիջապես սահմանակից լինելով գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին, հնարավոր չէ, որ զրո ազդեցություն ունենա, ամեն դեպքում, այսօր, կարծես թե նման պնդումներ կային ավագանու նիստի ժամանակ, որ այդ գործունեությունը զրո ազդեցություն է ունենալու: Նման բան գոյություն չունի ամբողջ աշխարհում, բոլորն էլ գիտեն, որ ցանկացած հանքարդյունաբերություն ազդեցություն ունենում է», - ասում է բնապահպան Օլեգ Դուլգարյանը:
Չնայած բնապահպանների մտահոգություններին՝ Վեդիի ավագանին այսօր համաձայնություն տվեց, որ «Օրդ Գրուպ» ընկերությանը Կարմիր սար կոչվող տարածքում հանքարդյունահանում սկսելու համար դիմի Շրջակա միջավայրի նախարարությանը՝ ստանալու շրջակա միջավայրի վրա ազդեցության ուսումնասիրության իրավունք: Սա վրդովվեցրեց հանրային քննարկմանը ներկա քաղաքացիներին:
Նախորդ, փորձն, ի դեպ, ընկերության համար հաջող չէր անցել. նախարարության ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնը բացասական եզրակացություն էր տվել ընկերության ներկայացրած հայտին: Բնապահպան Օլեգ Դուրգարյանի խոսքով.- «Շրջակա միջավայրի նախարարությունն արդեն անցած տարի տվել էր իր բացասական եզրակացությունը նույն նախագծին՝ պատճառաբանելով տվյալ տարածքում էնդեմիկ բուսատեսակների առկայությունն, ինչպես նաև Կարմիր սարին հարակից Այգեզարդ գյուղի գրեթե ամբողջ բնակչության ստորագրահավաքն ուղղված և՛ Շրջակա միջավայրի նախարարությանը, և՛ կառավարությանը»:
Կրաքարի հանքը կշահոգործվի, թե՞ ոչ, կորոշվի արդեն շրջակա միջավայրի վրա ազդեցության ուսումնասիրությունից հետո։