Միացյալ Նահանգները, Եվրամիությունը ողջունել են Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ, ցմահ ազատազարկման դատապարտված Աբդուլա Օջալանի՝ զենքերը վայր դնելու կոչը:
«Դա նշանակալի զարգացում է։ Մենք հավատում ենք, որ այն կօգնի խաղաղություն հաստատել այս անհանգիստ տարածաշրջանում», - հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզը:
Եվրամիության խոսնակն էլ ընդգծել է. - «Արդար և տևական լուծում գտնելը ոչ միայն օգուտ կբերի Թուրքիայի բոլոր քաղաքացիներին, այլև կնպաստի կայունությանը ամբողջ տարածաշրջանում»։
40 տարվա արյունալի պայքարից հետո, երեկ 1999 թվականից Իմրալի կղզու բանտում գտնվող Աբդուլա Օջալանը հանդես եկավ իր աջակիցներին ուղղված «պատմական կոչով»։ Ուղերձը հանրությանը փոխանցեցին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ DEM կուսակցության անդամները, ովքեր բանտում հանդիպել էին Օջալանի հետ։ Սա քուրդ պատգամավորների և արդեն 40 տարի թուրքական պետության դեմ մարտնչող Քրդական բանվորական կուսակցության հիմնադրի երրորդ հանդիպումն էր դեկտեմբերից ի վեր։
Թուրքիայի նախագահի ղեկավարած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը Օջալանի կոչից հետո հայտարարեց՝ Իրաքում և Սիրիայում գործող բոլոր քուրդ զինյալները պետք է վայր դնեն զենքերը։
Միանշանակ չէ, սակայն, որ Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական կառույց ճանաչված Քրդական բանվորական կուսակցության ղեկավարությունը կլսի հիմնադրի՝ զենքերը վայր դնելու կոչը։
Սիրիացի քրդերի զինված ուժերի հրամանատար Մազլում Աբդին, որն, ի դեպ, երիտասարդ տարիքում բավական սերտ շփումներ է ունեցել Օջալանի և նրա շրջապատի հետ, երեկ հայտարարել է․ «Մենք ողջունում ենք Քրդական բանվորական կուսակցության հիմնադրի կոչը։ Այն կզրկի Թուրքիային սիրիացի քրդերի դեմ հարձակումներ ձեռնարկելու արդարացումներից»։
Օջալանի երբեմնի ամենամերձավոր թիմակիցներից մեկը՝ Քրդական բանվորական կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Մուրատ Կարայիլանն էլ ընդգծել է․ - «Զենքերը վայր չենք դնի, քանի դեռ Օջալանն ազատ չի արձակվել։ Ոչ թե կրակի միակողմանի դադարեցում է հարկավոր, այլ լիարժեք հրադադար»։
Սիրիայում հավաքված քրդերը երեկ ծափերով ողջունեցին Օջալանի հայտարարությունը.
«Ժողովուրդների միջև եղբայրության փիլիսոփայությունը կարևոր ուղերձ է: Զենքի փուլն ավարտվել է, և ժողովրդավարության փուլն է մեկնարկել։ Լուծումը Մերձավոր Արևելքի բոլոր մարդկանց համար է»:
«Անկեղծ ասած, սա պատմական օր է։ Մենք սպասում էինք այս օրվան։ Այս ելույթը մեզ համար էր՝ հանուն անվտանգության և խաղաղության, որպեսզի աշխարհի բոլոր ծայրերում ապրենք ապահով և խաղաղ։ Առաջնորդի պատգամի համաձայն՝ մենք խաղաղասեր ենք լինելու, ոչ թե զենք սիրող։ Մենք պահանջում ենք առաջնորդ Օջալանին ազատ արձակել»։
Քուրդ գործիչները հույս ունեն, որ երեկվա կոչից հետո Օջալանի խափանման միջոցը կփոխվի տնային կալանքով։ Ըստ վերջին սոցհարցումների՝ Թուրքիայի բնակչության 84 տոկոսը դեմ է այդ քայլին։
Օջալանի կոչը կարող է խթանել նաև Էրդողանի իշխանության երկարաձգումը։ Թուրքական ընդդիմության համոզմամբ՝ քրդերի հետ հաշտեցման հերթական փորձը Ռեջեպ Թայիփ Էրդողանին անհրաժեշտ է լինելու սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու հարցում, ինչը նրան թույլ կտա հաղթահարել պաշտոնավարման սահմանափակումները և 2028-ին ևս մեկ անգամ վերընտրվել։ Սահմանադրությունը փոխելու համար, սակայն, Էրդողանին խորհրդարանում հարկավոր են քուրդ պատգամավորների քվեները։