Մատչելիության հղումներ

Վաշինգտոնն առաջարկում է 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհը


Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաք, արխիվ
Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաք, արխիվ

Միացյալ Նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որ Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին։ Այս մասին ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքը։

«Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Մեկ տասնամյակ է վիճում են 32-կիլոմետրանոց ճանապարհի շուրջ։ Եվ ահա թե ինչ է տեղի ունենում։ Միացյալ Նահանգները գալիս է և ասում. - «Շատ լավ, մենք վերցնում ենք այն։ Տվեք մեզ վարձակալությամբ այդ 32-կիլոմետրանոց ճանապարհը և բոլորով օգտվեք դրանից», - ասել է ամերիկացի դիվանագետը։

«Բարաքի մեկնաբանությունն առաջին պաշտոնական հաստատումն է այն բանի, որ Թրամփի վարչակազմն իրոք առաջարկել է միջանցքը շահագործել ամերիկյան առևտրային օպերատոր ընկերության միջոցով, որը նաև կգործի որպես չեզոք երաշխավոր», - գրում է Քաթարում գործող և մերձավորարևելյան զարգացումները լուսաբանող Middle East Eye կայքի թուրք մեկնաբան Ռագիփ Սոյլուն։

Այս լրագրողն, ի դեպ, առաջինն էր, որ երկու շաբաթ առաջ տեղեկացրեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Արաբական Միացյալ Էմիրություններում կայանալիք հանդիպման մասին։ Այժմ արդեն լրագրողը որոշ մանրամասներ է հաղորդում այն ճանապարհի շուրջ, որը պաշտոնական Երևանն անվանում է «Խաղաղության խաչմերուկ», իսկ ադրբեջանցիներն ու թուրքերը՝ «Զանգեզուրի միջանցք»։

Տարածաշրջանային աղբյուրներից մեկը, որը ծանոթ է բանակցությունների ընթացքին, Middle East Eye-ի հետ զրույցում նշել է, որ միջանցքը մասնավոր ընկերության շահագործմանը հանձնելու գաղափարի հեղինակը Թուրքիան է։ «Այդ գաղափարը հավանության են արժանացրել թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը», - պնդում է Սոյլուն։

Middle East Eye կայքի հոդվածագրի տեղեկություններով, ի դեպ, հայկական կողմը պահանջել է, որպեսզի ընկերությունն աշխատի նաև միջանցքի Նախիջևանի կողմում։ «Դա, սակայն, Բաքվի համար անընդունելի է», - նշել է լրատվամիջոցի աղբյուրը։ Այսպիսով, եթե հավատանք Middle East Eye-ի տեղեկություններին, ապա Բաքուն մերժում է հայկական կողմի հիմնական պահանջներից մեկը՝ հաղորդակցության ուղիների վերագործարկման փոխադարձության սկզբունքը։

Հիշեցնենք՝ առաջին անգամ Սյունիքով անցնող ճանապարհը ամերիկյան մասնավոր ընկերության հանձնելու մասին տեղեկացրել էր «Քարնեգի» հիմնադրամի փորձագետ Օլեսյա Վարդանյանը՝ հուլիսի 1-ին հրապարակած հոդվածում։ Անցած շաբաթավերջին Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը «Ազատության» հետ զրույցում ըստ էության չէր հերքել, որ Երևանը քննարկում է Սյունիքի ճանապարհը որևէ մասնավոր ընկերության արտապատվիրակելու հարցը։

Եթե Անկարայում ԱՄՆ դեսպանի հայտարարություններն ի վերջո հաստատվեն, դա կնշանակի, որ Երևանը միակողմանիորեն հրաժարվում է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման այն սկզբունքից, որը նախորդ տարվա սեպտեմբերի 18-ին հնչեցրել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել պաշտոնապես, որ Հայաստանը պատրաստ է, ուզում է, և Հայաստանը պատրաստ է նույն պայմաններով, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունն է անցում տալիս Ադրբեջանին, ճշգրիտ նույն պայմաններով այդ նույն անցումն ապահովել», - Երևանում կազմակերպված համաժողովի ընթացքում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

«ԱՄՆ դեսպանի նշած տարբերակը հնարավոր չէ»

«Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը», - այսօր «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտարարել է վարչապետի խոսնակը:

Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունների վերաբերյալ Նազելի Բաղդասարյանն ասել է. - «Ձեր նշած անվանաբանությունը Հայաստանի Հանրապետության համար ընդունելի չէ։ Նաև՝ բազմիցս ասել ենք, որ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում: Որևէ այլ տրամաբանություն մենք չենք կարող քննարկել: Ինչ վերաբերվում է հողի վարձակալությանը` ՀՀ օրենսդրությամբ նման ինստիտուտ գոյություն ունի միայն գյուղատնտեսական նշանակության հողերի համար, որոնց վրա գյուղատնտեսական գործունեություն է ծավալվում։ Հետևաբար ԱՄՆ դեսպանի նշած տարբերակը հնարավոր չէ»։

Հարցին էլ՝ «իսկ գուցե ԱՄՆ դեսպանը նկատի է ունեցել ճանապարհի վերահսկողության արտապատվիրակո՞ւմը», վարչապետի խոսնակը պատասխանել է. - «Հայաստանի Հանրապետություն չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: ՀՀ տարածքի որևէ հատված չի կարող լինել ՀՀ տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից, իրավազորությունից դուրս»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG