Արդարադատության նախարարությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել Վարչական դատավարության օրենսգրքի դրույթը, որի համաձայն, երբ տուգանված քաղաքացին դատարան է դիմում և գործը վարույթ է ընդունվում, ակտի կատարումը կասեցվում է, տուգանքը չի վճարվում, քանի դեռ վճիռ չկա: Գերատեսչությունը նախատեսում է այս կարգավորումը պարզապես հեռացնել:
Գործարարները, իրավաբանները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ահազանգում են՝ սա կխախտի անմեղության կանխավարկածը, կարող է հանգեցնել բիզնեսների սնանկացման. - «Ասում են՝ արի քեզ պատժենք, հետո դատարանը թող պարզի՝ դու ճիշտ էիր, թե սխալ, հետո, եթե հասկացանք ճիշտ ես, գումարը հետ կվերադարձնես, դա վերաբերում է փողոցում անցումի դեպքում խախտումին, վերաբերում է քաղաքապետարանի ինչ-որ տույժին»:
Եթե պարզ՝ Արդարադատության նախարարությունն այսպիսի մեխանիզմ է առաջարկում՝ հեռացնել տուգանքների կասեցման մասին հոդվածը, փոխարենը, եթե կարիք լինի դատարան դիմած քաղաքացիները կկարողանան մի առանձին միջնորդությամբ էլ վիճարկել տուգանքների հարցը և ամեն բան կորոշի դատարանը:
Օրենսդրական առաջարկը հրապարակվել է նախագծերի E-draft համակարգում, այն հանրային քննարկման է դրված: Դեմ է արտահայտվել ավելի քան 1000 մարդ, կողմ՝ 6-ը:
«Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանն առաջարկը աբսուրդային է որակում. - «Պայմանական ասած, մի մարդու ճանապարհային ոստիկանությունը տուգանում է 20 հազար դրամով, էս մարդը պետք ա առանձին իրավաբան վերցնի, ոչ միայն ինքը բողոքարկում ա էդ տուգանքը, այլև բողոքարկի էդ տուգանքը բողոքարկելու ընթացքում էդ գումարը իրենից գանձում են, թե՝ չէ: Դատարանը քննարկելու է, եթե էս մարդը ստանում է 200 հազար դրամ աշխատավարձ կամ 300 հազար դրամ, կհաշվարկի՝ դե ստանում է 300 հազար դրամ աշխատավարձ, էդ 20 հազար դրամը քաշեք, այսինքն, անհատական կնայեն, նույնը բիզնեսին»:
Այս տեսակետը շատերն են կիսում, հենց E-draft-ում են քաղաքացիներն առաջարկն անընդունելի, մտահոգիչ, անմարդկային ու դաժան գնահատում:
Արդարադատության նախարարությունը նախագիծն այսպես է հիմնավորում՝ 2013-ին, երբ ընդունվել է Վարչական դատավարության օրենսգիրքը, կասեցումների դրույթը մի շարք բացառություններ է նախատեսել, թե որ դեպքերում դատարանում գործը վարույթ ընդունելիս վարչական ակտի կատարումը չի կասեցվում, տարիների ընթացքում նման բացառությունների հիմքերն ընդարձակվել են և հիմա ընդհակառակը՝ վարչական ակտերի կասեցումները կարող են որպես բացառություններ դիտարկվել:
Նախարարությունն օրինակ է բերում վարորդական իրավունքի կասեցումները, ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումները, համայնքապատկան հողամասերում ապօրինի կառույցների քանդման որոշումները և այլն, բոլոր այս դեպքերում, ըստ գերատեսչության, գործը վարույթ ընդունելը վարչական ակտի կատարումը չի կասեցնում:
Նախարարության ներկայացրած հիմնավորումներից, սակայն, դժվար է հասկանալ, թե կոկրետ ինչի համար է պետք փոխել օրենքը, ինչի համար է սա արվում: Ըստ Վահրամ Միրաքյանի՝ այսպիսով փորձում է կատարվում մեկ խնդիր լուծել. - «Ամեն գնով աշխատում են գումար հավաքեն, կապ չունի՝ արդար է, անարդար է: Հետո կհասկանանք ինչ է՝ հետ կտանք, բայց էդ գումարը 2 տարի կօգտագործենք, օրինակ»:
Արդարադատության նախարարությունից թեմայի վերաբերյալ հարցազրույց չեն տալիս, բայց այսօր հայտարարություն տարածեցին՝ մի կողմից պնդելով, թե տեղեկությունները, որ քաղաքացին նախ պետք է վճարի տուգանքը, ապա նոր դատարանում այն վիճարկի իրականության չեն համապատասխանում, մյուս կողմից հաստատելով՝ տուգանքը չվճարելու համար պետք կլինի առանձին միջնորդություն ներկայացնել, հիմնավորել, թե ինչու պետք է ակտի կատարումը կասեցվի ու դա ինչ հետևանքների կարող է հանգեցնել իր համար: Այս քայլերից հետո էլ պետք է սպասել դատարանի որոշմանը:
E-draft-ում նախագիծը հանրային քննարկման է դրված մինչ մարտի 14-ը: