Մատչելիության հղումներ

Վարորդները 9 բալի փոխարեն 13 բալ կունենան, օրինապահ վարորդները համաձայն չեն որոշման հետ


Տարվա ընթացքում վարորդները 9 բալի փոխարեն 13 բալ կունենան. կառավարությունը հաստատեց օրենսդրական փոխոխությունն ու ուղարկեց Ազգային ժողով, որտեղ մեծամասնությունն իր հերթին կընդունի նախագիծը, քանի որ առաջարկը Ներքին գործերի նախարարությանն արել էր Ազգային ժողովի նախագահը՝ գործընկերների հետ, ինչպես սոցցանցում գրել է Ալեն Սիմոնյանը՝ բազմաթիվ վարորդների խնդրանքով։

Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան

«Նախաձեռնության առաջարկը եկել է վարորդներից կողմից, մասնավորապես, տաքսու վարորդներից, ինչպես նաև տեղափոխությամբ զբաղվող վարորդներից, ինչպես նաև եկեք չբացառենք, որ շատ վարորդներ ձեր պես գերազանց չեն վարում», - հայտարարել էր ԱԺ խոսնակը։

Այս մեկնաբանությամբ Սիմոնյանը հակադարձել էր օգտատեր Գագիկ Մամուլյանին, որը գրել էր, թե «տարվա մեջ 9 բալը լրիվ բավարար է նորմալ վորորդի համար», ինքն օրական մոտ 50 կմ վարում է, բայց դեռ երբեք ոչ մի բալ չի կորցրել:

«Իմ կարծիքով՝ եթե գերազանց կամ գերազանցին մոտ չեն վարում, մարդիկ իրավունք չունեն հայտնվել ընդհանուր օգտագործման ճանապարհներին և վտանգ հանդիսանան այլոց առողջության, գույքի և նույնիսկ կկայնքի նկատմամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մամուլյանը։

Մամուլյանը միակ օրինապահ վարորդը չէ, որ շտապեց անհամաձայնություն հայտնել Ազգային ժողովի նախագահի, ապա նրա առաջարկն ընդունած կառավարության հետ։ Արտակ Գաբոյանը հիշեցնում, թե առհասարակ ինչու ներդրվեց բալային համակարգը:

Արտակ Գաբոյան
Արտակ Գաբոյան

«Բալային համակարգի քննարկումները սկսվեցին 18 թվականից, երբ որ բոլորը գիտակցում էին, որ քաղաքում ահավոր վիճակ է խախտումների տեսանկյունից ու միևնույն ժամանակ հասկանում էին՝ երբ որ միայն գումարային տուգանք է սահմանվում, շատ-շատ մարդկանց համար գումարային տուգանքը զսպող ֆակտոր չէր», - ասաց Գաբոյանը։

Բալային համակարգի ներդրումից հետո պարզվեց՝ վատ վարորդներն իսկապես զրկվում են վարելու իրավունքից, նկատում է Գաբոյանը:

«Ազատություն»-ը հարցում է արել Ներքին գործերի նախարարությանը ու պարզել, որ, օրինակ, անցյալ տարի՝ 2024-ին վարորդական իրավունքից զրկվել է 10 հազար 337 քաղաքացի:

Ամեն դեպքում, բալերը 9-ից 13 դարձնելը, ըստ Կառավարության, քաղաքացիների հետ երկոսության արդյունք է, քայլ՝ ընդառաջելու նրանց խնդրանքին:

«Ես ուզում եմ նշել, որ ոչ թե պարզապես վարորդներն են նման բան խնդրում, այլ դա խնդրում են վատ վարորդները, որոնցից օր առաջ պետք է մաքրել փողոցները և ոչ թե նրանց ընդառաջ գնալ։ Եթե իշխանություններն այս բալային համակարգը բերել էին, որպեսզի փողոցներում երթևեկությունը կարգավորվեր, նշանակում է, որ ամեն հաջորդ քայլով պետք է խստացնել և ոչ թե թուլացնել կարգավորումները», - ասում է Արտակ Գաբոյանը։

Կառավարության նիստին, սակայն, ասում են խստացում ևս արել են, բալերն ավելացնելուց բացի որոշ խախտումների դեպքում վարորդները գործող կարգից ավելի շատ միավոր կկորցնեն, դրանց մի մասը ներկայացրեց Ներքին գործերի նախարարը։

Արփինե Սարգսյան
Արփինե Սարգսյան

«Օրինակ չամրակապված վարելը, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, հեռախոսից կամ ռադիոկապի այլ միջոցներից օգտվելը և այլն։ Այսինքն՝ սրանք այն շեմերն են որտեղ որ կարիք կա խիստ մոտեցումը պահպանելու և անվտանգային բաղադրիչը վեր դասելու մնացյալ բոլոր բաղադրիչներից», - հայտարարեց Արփինե Սարգսյանը։

Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց․ - «Եթե նախկինում, օրինակ, այդ խախտման համար մեկ միավոր էր, հիմա որոշակի խախտումների համար 1,5 միավոր է»։

Գաբոյանն առաջարկում է պարզ հաշվարկ անել՝ 9-ից 13 բալ անցնելու պարագայում, եթե որևէ խախտման համար, ասենք, կես միավորի խստացում է սպասվում, իրավիճակն, ըստ էության, չի փոխվում, հետևաբար ոչ մի խստացում էլ իրականում չկա։

«Եթե, օրինակ, էս պահին ամրագոտի չգցելու խախտումը 1 բալ է 9 բալի դեպքում, մարդը եթե 9 անգամ էդ խախտումն արեց, ինքը զրկվում է վարորդական իրավունքից։ Հիմա, երբ որ բալային համակարգը դարձնում են 13 միավոր ու էդ խախտումն էլ սարքում են 1,5 միավոր՝ ներկայացնելով խստացում, էլի էս մարդը եթե 8 անգամ արեց, չի զրկվում վարորդական իրավունքից, 9 անգամից զրկվում է», - նկատեց Գաբոյանը։

Մինչ այդ Հայաստանը մնում է երթեկության առումով Եվրոպայի ու հարևանության երկրների շարքում ամենավտանգավորներից մեկը, թեև անցած 2024-ին 9 բալանի համակարգի պարագայում վիճակագրության մի փոքր բարելավում կար, 2023-ի համեմատ մոտ 300-ով պակասել էր պատահարների թիվը, 45-ով՝ զոհերի թիվը: Անցյալ տարի Հայաստանում ճանապարհային պատահարների հետևանքով կյանքից հեռացել է 333 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG