Երկու տասնյակ դրվագներով մեղադրանքներ՝ «Դոգին»
Միգրացիոն կարգը խախտելու գործին զուգահեռ, Լաս Վեգասի դատարանը շարունակում է քննել «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանին Հայաստանում ներկայացված շուրջ երկու տասնյակ դրվագներով մեղադրանքները:
«15 և ավելին, միգուցե հաշվենք կարող է 20-ն էլ անցնի, այս պահին կդժվարանամ ասել: Հայաստանի պետական լիազոր մարմինը այդ քեյսը, այդ գործը, այսպես ասած, ուղարկել է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Ուղիղ եթերներում Հայաստանի իշխանություններին, իրավապահ մարմինների ղեկավարներին, նաև ընդդիմադիրներին հայհոյախառն տարբեր մեղադրանքներ ներկայացրած Վարդան Ղուկասյանը մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի, բռնության հրապարակային կոչերի համար, մեղքը, սակայն, չի ընդունում:
Հերքելով մանկապղծության մեղադրանքի մասին լուրերը, փաստաբանը նշում է, որ շուրջ երկու տասնյակ մեղադրանքների շարքում ևս մի դրվագ կա, որը վերաբերում է մանկահասակ երեխաների պռոնոգրաֆիկ լուսանկարների տարածմանը. - «Ոչ թե մանկապղծության հոդվածով, այլ երեխաների պոռնոգրաֆիկ նկարներ տարածելու մեղադրանքով, որը իրականության հետ աղերս չունի»:
Բաղդասարյանը պնդում է՝ այս մեղադրանքը ևս անհիմն է, քանի որ Վարդան Ղուկասյանը բռնության ենթարկվող երեխաների լուսանկարները տարածել է նրանց օգնելու նպատակով: Դեպքը, որին հղում է անում փաստաբանը, տեղի էր ունեցել 2023 թվականին Գավառում: Համացանցում տարածված տեսանյութից հետո, դուստրերին բռնության ենթարկած մայրը կալանավորվել էր՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և պոռնկագրական նյութեր տարածելու մեղադրանքով:
«Երեխաներին մայրը ստիպել էր, որպեսզի զբաղվեին պոռնկաբարո գործողություններով, և շահագրգիռ անձինք դիմել էին իրավապահ մարմինների, ընթացք չէր տրվել, և ինչպես շատ այլ հարցերում, որ դիմում էին Վարդան Ղուկասյանի օգնությանը, դիմել էին Վարդան Ղուկասյանի օգնությանը, և բացառապես Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո՝ հանցագործությն մասին, հարուցվեց, նախաձեռնվեց այդ քրեական վարույթը, ձերբակալեցին մորը, կալանավորեցին հետո, որից հետո երեխաների հետ հոգեբան աշխատեց», - մանրամասնեց փաստաբանը՝ շարունակելով. - «Հիմա եթե դա մեր պետական լիազոր մարմինը դիտում է, որ երեխաների նկարները տարածեց, երեխաների նկարները ոչ թե տարածել է, այլ բարձրաձայնել է մի հանցագործության՝ ծանր, զազրելի հանցագործության մասին, առանց որի բարձրաձայնելու երևի հերթական գործը կլիներ, որ, այսպես ասած, ջրի երես դուրս չէր գա»:
Մեղադրանքների այս փաթեթը ներկայացնելով ամերիկյան կողմին՝ Հայաստանի դատախազությունը պահանջում է ԱՄՆ-ից արտահանձնել Վարդան Ղուկասյանին: Մոտ երեք ամիս է՝ ամերիկյան դատարանն ուսումնասիրում է Դատախազության այդ միջնորդությունը, սակայն առայսօր վերջնական որոշում չի կայացրել:
Լաս Վեգասի դատարանը պետք է երկու որոշում կայացնի
Լաս Վեգասի դատարանը պետք է երկու որոշում կայացնի, նախ՝ թե արդյոք ԴՕԿ կուսակցության ղեկավարը խախտել է ԱՄՆ միգրացիոն կարգը, և թե արդյոք հիմնավոր է նրան արտահանձնելու՝ Հայաստանի իշխանությունների միջնորդությունը: Ըստ ԱՄՆ մաքսային և միգրացիայի վարչության՝ Ղուկասյանը 2022-ի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն նախատեսված ժամկետում չի լքել երկիրը: «Միացյալ Նահանգների դատարանը դրա գնահատականը պետք է տա», - նշեց Բաղդասարյանը:
Ընդ որում, ամերիկյան դատարանը որոշում կայացնելու համար շուրջ երկու տասնյակ դրվագներով մեղադրանքներին զուգահեռ ուսումնասիրում է նաև հայաստանյան դատարանի կողմից ավելի քան տասը տարի առաջ կայացրած մի դատավճիռ, որի շրջանակում Վարդան Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել 50 դոլարի չափով շորթման համար և դատապարտվել է ազատազրկման:
Խնդիրն այն է, որ ամերիկյան օրենսդրության համաձայն, անձը, ով նախկինում դատապարտվել է քրեական հանցագործության համար, զրկվում է ԱՄՆ-ում մնալու հնարավորությունից: Սակայն ԴՕԿ կուսակցության առաջնորդի փաստաբանը պնդում է, որ Վարդան Ղուկասյանն այդ հանցագործությունը 2014-ին չի կատարել և իրեն մեղավոր է ճանաչել սպառնալիքի ու ճնշումների ներքո:
«Նրա մայրիկին ապօրինաբար զրկում են ազատությունից, տանում են Նուբարաշենի աղբավայր, թողնելով այնտեղ՝ ահազանգ են իջեցնում, որ հաջորդ անգամ իրեն թաղելու են, եթե որդին մեղքը չընդունի: Եվ որդին դրանից հետո մեղքը ընդունում է և դատապարտվում է ազատազրկման», - ասաց Լևոն Բաղդասարյանը:
Պաշտպանական կողմի այս պնդումները հաշվի առնելով, այժմ ամերիկյան դատարանը, ըստ փաստաբանի, պետք է նաև որոշի՝ արդյոք արտաքսման համար այս դատավճիռը հիմք հանդիսանում է, թե՞ ոչ:
Ի դեպ, «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի գործը Լաս Վեգասի դատարանը քննում է դռնփակ նիստում, թե ինչու է նման որոշում կայացվել և ում պահանջով, պարզ չէ:
Թե դեռ որքան կշարունակվի Վարդան Ղուկասյանի դատաքննությունը, փաստաբանը դժվարանում է ասել՝ հաշվի առնելով գործի մեծածավալ նյութերը: Լաս Վեգասի դատարանի որոշման արդյունքում պարզ կդառնա՝ արդյոք ԴՕԿ կուսակցության ղեկավարը կմնա ԱՄՆ -ում, թե՞ նրան կարտահանձնեն Հայաստանին: