Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Երևան - Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Արմենիա» հիվանդանոց:
Փաստաբան Արամայիս Հայրապետյանի փոխանցմամբ՝ Ղուկասյանը հիվանդանոց է տեղափոխվել, քանի որ իրենց միջնորդությամբ առողջական վիճակի հետ կապված փորձաքննություն է նշանակվել: Այժմ այդ փորձաքննությունն է անցկացվելու:
Պաշտպանական կողմը բազմիցս է ահազանգել, որ 64-ամյա Ղուկասյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ: Փորձաքննության եզրակացությամբ կտրվեն նաև այդ հարցերի պատասխանները:
Վարդան Ղուկասյանին նախորդ տավրա նոյեմբերին Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ևս մեկ անգամ տեղափոխել էին հիվանդանոց, նրա փաստաբանը հայտարարել էր՝ Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր:
Քննչական կոմիտեն նախորդ տարվա դեկտեմբերին դադարեցրեց բանտում գտնվող Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի դեմ վարույթներից մեկը, որը հարուցվել էր պետության տարածքային ամբողջականությունը խախտելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչի հոդվածով: Ղուկասյանը շարունակում է մեղադրյալ մնալ կաշառքի, փողերի լվացման և պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածներով: Նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր ևս երեք ամսով: