Գյումրիի կալանավորված քաղաքապետի ու նրա որդու քրեական հոդվածներին երեկ ևս մեկն ավելացավ՝ խուլիգանությունը: Սա հոկտեմբերից ի վեր Վարդան Ղուկասյանին առաջադրված արդեն երրորդ մեղադրանքն է: Այսօր արդեն նաև մինչ այդ տնային կալանքի տակ գտնվող կրտսեր Ղուկասյանը երկու ամսով կալանավորվեց:
Իսկ նոր մեղադրանքի հիմքում դրվել են այս շաբաթ Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատավարության ավարտին հոր ու որդու վիրավորական կոպիտ արտահայտությունները իրենց կաշառքի մեջ մեղադրողների հասցեին:
Դատարան մտած այս մի գործով ավագ Ղուկասյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, կեղծիքի ու փողերի լվացման համար, իսկ Սպարտակ Ղուկասյանն, ըստ իրավապահների, աջակցել է հորը: Սա նրա պաշտոնավարման նախորդ շրջանին է վերաբերում:
Պաշտոնավարման ներկա շրջանին առնչվող գործը կոռուպցիոն բնույթի է, որի շրջանակում էլ Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը հոկտեմբերին կալանավորվեց, հետո դրան ավելացավ իշխանության յուրացման կոչը, հիմա էլ այս մեկը՝ խուլիգանությունը:
Տնային կալանքի տակ գտնվող Սպարտակ Ղուկասյանին բանտ տեղափոխելը փաստաբան Արամայիս Հայրապետյանը ոչ իրավաչափ է համարում:
«Առհասարակ չպետք է ընտրվեր, ինքը արդեն անազատության մեջ է, ինքը փաստացի կալանքի տակ է՝ տնային կալանքն ու կալանքը, Սահմանադրական դատարանն էլ նշեց վերջերս, որ դրանք նույն ազատությունից զրկելն է, ուղղակի մեկը մի քիչ մարդասիրական սկզբունքներով է զրկվում, մեկը մի քիչ ավելի խիստ: Հիմա եթե մարդը անազատության մեջ է, զրկված է ազատությունից, քննիչն էլ ասում է՝ Սպարտակ Ղուկասյանը ազատության մեջ գտնվելով կարող է էս, էս արարքները կատարել: Հա, եթե ազատության մեջ գտնվեր, ձեր մտահոգությունները գայիք ներկայացնեիք, բայց ազատության մեջ գտնվող Սպարտակ Ղուկասյան չունենք, ինչո՞ւ եք անձին կալանավորում: Ինքը ամեն դեպքում անազատության մեջ է՝ տնային կալանքն էլ է անազատություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայրապետյանը:
Սպարտակ Ղուկասյանը հարկադրանքի եղանակով շորթման մեղադրանքով սեպտեմբերից է տնային կալանքի տակ, այն երկարաձգվել էր մինչև հունվար: Արամայիս Հայրապետյանն ասում է՝ իր պաշտպանյալն այս շաբաթ Հակակոռուպցիոն դատարան է գնացել ու վերադարձել ոստիկանների ուղեկցությամբ: Երեկ էլ ոստիկանները քննչական են ուղեկցել, որ հարցաքննվի, բայց, պնդում է, քննչական մտնել չի հասցրել. - «Նույն ռեժիմով՝ կրկին ոստիկանության հսկողության ներքո, տեղափոխել են Շիրակի մարզային քննչական վարչություն, և մինչև քննչական վարչության շենք մտնելը ոստիկանության աշխատակիցները՝ հիմա ենք պարզում, որ ոստիկանության աշխատակիցները, շրջափակել են, ձեռնաշղթաներ են գցել և հարկադրանք կիրառելով տարել են»:
Սպարտակ Ղուկասյանին վերագրվող խուլիգանության դրվագը չեն ընդունում՝ պնդելով, որ կրտսեր Ղուկասյանին հարց չեն տվել, ինքն էլ հարցազրույց չի տվել, ուստի տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն անել չէր կարող:
«Էն, ինչ որ վերագրվում է Սպարտակ Ղուկասյանին, նախ ինքը առհասարակ խուլիգանություն չէ, բացի այդ, էնտեղ Սպարտակ Ղուկասյանին վերագրվում է արտահայտություն, որպիսի արտահայտություն առհասարակ որևէ մեկի կողմից չի հնչեցվել, այսինքն՝ դա հորինել և ասել են, թե իբր նման արտահայտություն է հնչեցրել: Օրինակի համար՝ տեսագրությունների մեջ լսվող «վոզդուխ» բառը քննիչները մեկնաբանել են որպես այլ բառ՝ սեռական բնույթի հայհոյանք, և վերագրել են Սպարտակ Ղուկասյանին», - պնդեց փաստաբանը:
Խուլիգանության այս հոդվածը նախատեսում է տուգանքից մինչև 2-5 տարվա ազատազրկում: Հայրապետյանը համոզված է, որ Վարդան Ղուկասյանին այլ մեղադրանքներ էլ կառաջադրվեն. - «Նույնիսկ վստահություն ունեմ, որ հա շարելու են: Որովհետև, օրինակի համար, կան գործեր, որոնցով, գործի նյութերին որ նայում ես, երևում է, որ այլ գործեր էլ են, ըստ էության, նախապատրաստվում: Հա՜ լինելու է դա»:
Նախընտրական փուլում համացանցում Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել՝ հավաքին մասնակցելուն հարկադրելու հոդվածով: Այդ ձայնագրությունում, ենթադրաբար, Վարդան Ղուկասյանը խոսում էր Գյումրիի շուկաներից մեկի աշխատակիցների հետ հանդիպում կազմակերպելու մասին և հիշեցնում, որ ժամանակին ինքն է նրանց տաղավարներ տվել: Ինքը՝ Ղուկասյանը, ուղիղ չի հերքում, բայց նաև արհեստական բանականությանն է վերագրում ձայնագրությունը: Ամիսներ տևած փորձաքննության եզրակացությունն արդեն կա, ու ըստ փաստաբանի՝ դրանցում ի վնաս Ղուկասյանի ոչինչ չի հաստատվել, սակայն վստահ են, որ այնուամենայնիվ մեղադրանք կառաջադրեն, ինչպես եղավ Ռուսաստանի հետ միություն կազմելու մասին նրա հարցազրույցի դեպքում:
«Փորձագետի եզրակացությամբ ի վնաս պարոն Ղուկասյանի որևէ հանգամանք չի հաստատվել, բայց ես վստահ եմ, որ ակտիվանալու են, ինչպես որ ինքնիշխանությունից հրաժարվելու էդ, իմ համոզմամբ, աբսուրդային կոչի որակմամբ քրեական հետապնդում իրականացրին, էդպես էլ հա իրականացնելու են», - ասաց Հայրապետյանը:
Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները, փաստացի՝ հենց վերջին կոպիտ հերքումն էլ նոր մեղադրանքի հիմք դարձավ: