Հայաստանի կառավարությունը պատրաստ է պետական միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքները, եթե Ռուսաստանը դա չանի պատշաճ ժամկետում, այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մանրամասնեց՝ այս սցենարի դեպքում երկաթուղու այն հատվածները, որոնք այժմ ռուսական կառավարման ներքո են, հետ կվերցվեն:
«Մենք հույս ունենք՝ ՌԴ գործընկերներն այդ աշխատանքները հնարավորինս արագ կիրականացնեն, եթե հանկարծ դրա հետ կապված որևէ խոչընդոտ լինի, որևէ այլ հարց առաջանա, գիտեք՝ այդ հատվածները նաև ռուսական կոնցեսիայի ներքո են, ես նաև արտահայտել եմ մեր պատրաստակամությունը, որ Հայաստանի կառավարությունը կարող է այդ հատվածները վերցնել, այսինքն՝ հետ վերցնել կոնցեսիայից, և մենք պետական բյուջեի միջոցներով այդ վերականգնումները կիրականացնենք, եթե հանկարծ պարզվի՝ ՌԴ-ն պատշաճ ժամանակում այդ աշխատանքն իրականացնելու հետ կապված որևէ խնդիր ունի կամ որևէ խնդիր է տեսնում», - ճեպազրույցին ասաց նա:
Փաշինյանի փոխանցմամբ՝ կարևոր է, որ վերականգնվեն երկաթուղու Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները, որոնք կկապեն Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի և Թուրքիայի հետ: Վարչապետն այս մասին օրերս խոսել էր նաև Ռուսաստանի նախագահի հետ վերջին հանդիպմանը:
Թե որն է եղել ռուսական կողմի արձագանքը, Փաշինյանն այսօր չմանրամասնեց, բայց Փաշինյան-Պուտին առանձնազրույցի բաց հատվածում Ռուսաստանի նախագահն առանց հստակության ասել էր, թե հայկական կողմի բարձրացրած հարցերի շուրջ համատեղ կաշխատեն. «Նկատի ունեմ հին երթուղիների վերականգնումը և նոր երթուղիների ստեղծումը, որոնք կբացեն Հայաստանի սահմանները: Այսպիսով, ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ է ընթանում: Իհարկե, կան այլ հարցեր, որոնք մենք հիմա կքննարկենք»։
Հայաստանում երկաթուղային ցանցն արդեն 17 տարի է՝ կառավարում է Ռուսաստանի պետական «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղին»: Պայմանագիրը դեռ 2008-ին է կնքվել 30 տարով, ևս 10 տարով կարող է երկարաձգվել կողմերի միջև համաձայնեցված նոր պայմաններով:
Իշխանությունները քայլեր են ձեռնարկում ռուսական կապիտալը Հայաստանից դուրս մղելու ուղղությամբ. Արթուր Խաչատրյան
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դժվարացավ ասել՝ արդյոք այդ պայմանագրով ռուսական կողմը պարտավորություն ունի նոր ենթակառուցվածքների համար կապիտալ ներդրումներ անել, ինքն այս հարցում ուշադրություն հրավիրեց քաղաքական բաղադրիչի վրա:
«Ակնհայտ է՝ այստեղի իշխանությունները քայլեր են ձեռնարկում ռուսական կապիտալը Հայաստանից դուրս մղելու ուղղությամբ, և օրինակ՝ ՀԷՑ-ի «պետականացումը» դրա առաջին քայլն էր: Չեմ բացառում, որ այլ ձեռնարկություններ, որոնք ունեն ռուսական մասնակցություն, նույնպես նման «երկընտրանքի» առաջ կանգնեն», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն այսօր չմանրամասնեց՝ ի՞նչ ծախս է ենթադրում ռուսական կառավարման ներքո գտնվող երկաթգծերի կառուցումը: Բայց ամռանը, երբ դեռ վաշինգտոնյան համաձայնությունների շուրջ բանակցություններն էին, պնդում էր, թե Հայաստանը երկաթուղի կառուցելու փող չունի, անհրաժեշտ են ամերիկյան ներդրումներ:
Ընդդիմադիր պատգամավորին զարմացրել է վարչապետի հայտարարությունը, թե կառավարությունը միջոցներ ունի երկաթգծերը վերանորոգելու: Նշեց՝ դեռ աշնանը հաջորդ տարվա բյուջեի քննարկումներին տարածքային կառավարման նախարարից հետաքրքրվել էր՝ 2026 -ի բյուջեով գումար նախատեսվա՞ծ է երկաթուղային ենթակառուցվածքների համար:
«Ինքը պատասխանեց, որ գումար չկա։ Եթե բյուջեում չկա, եթե գումար չեն նախատեսել, ինձ համար մի քիչ անհասկանալի է, թե որտեղից պետք է այդ միջոցները հայթայթեն։ Նոր վարկ պե՞տք է վերցնեն, Կապսի ջրամբարի համար նախատեսված գումարը պե՞տք է ուղղեն այդ նպատակի համար՝ հասկանալի չէ», - նկատեց Արթուր Խաչատրյանը:
Հայաստանում ենթակառուցվածքների վերականգնման, նոր ենթակառուցվածքների ստեղծման շուրջ քննարկումները ակտիվ են Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններից հետո: Ամերիկյան կողմը ներդրումներ է անելու Սյունիքի 42 կիլոմետր հատվածում երկաթուղու կառուցման համար, սա Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհն է: Թե TRIPP նախագիծն էլ ինչ ենթակառուցվածքներ է ներառելու, դեռ շատ մանրամասներ չկան: Վարչապետ Փաշինյանն այսօր դարձյալ նշեց՝ ծրագրի շինարարությունը գործնականում կմեկնարկի 2026-ի երկրորդ կեսին: