Մատչելիության հղումներ

«Վարչապետը ոնց ճիշտ գտնի, այնտեղ էլ կաշխատեմ». Արագածոտնի մարզպետ


Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյան
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյան

Թմրանյութ պահելու կասկածանքով օգնականի ձերբակալությունից հետո Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը արձակուրդ է գնացել, բայց վստահեցնում է՝ այս իրադարձությունները իրար հետ կապ չունեն։

«Արձակուրդս գրել եմ մինչև այս դեպքերը, ու տարվա վերջ է, պետք է զրոյացնեի ես իմ արձակուրդը, դա մեկ, այսինքն՝ ընդհանրապես կապ չունի մեկը մյուսի հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Օրերս Ագարակ-Աշտարակ ճանապարհահատվածից ապօրինի թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով ձերբակալել, բաժին էին տեղափոխել մարզպետի օգնական Արմեն Մարկոսյանին, որի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 11,5 գրամ դեղնականաչավուն զանգված։ Քննչական կոմիտեն քրեական վարույթի շրջանակում ձերբակալել էր:

«Արդեն իր վրայից հանած է իրացնելու մասով մեղադրանքն, ու ինքն արդեն ազատության մեջ է՝ խափանման միջոցը փոխել են», - նշեց Սերգեյ Մովսիսյանը։

Մարզպետը պնդեց, որ քրեական գործի մանրամասներին չի տիրապետում, բայց այժմ սպասում է օգնականի թեստի արդյունքներին: Արագածոտնի մարզպետի կարծիքով՝ այս դեպքերն իր աշխատանքի վրա չեն ազդի։ Նման խոսակցություն ընդհանրապես չկա, ասաց Մովիսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանից հրաժարական տալու հաղորդագրություն չի ստացել, բայց. «Ես կուսակցության անդամ եմ, քաղաքական թիմի անդամ եմ, ու վարչապետը ոնց ճիշտ գտնի, որտեղ ճիշտ գտնի, ես այնտեղ էլ կաշխատեմ ու այդտեղ էլ գործունեությունս կծավալեմ», - շեշտեց նա։

Մարզպետ Մովսիսյանն ասաց՝ արձակուրդից հետո մտադիր է վերադառնալ աշխատանքի:

Այս իրադարձությունն ուշադրության կենտրոնում է, քանի որ օգնականի հետ կապված միջադեպին զուգահեռ Աշտարակի ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանը ազատման դիմում գրեց, Ներքին գործերի նախարարությունը հայտարարեց՝ բարձրաստիճան ոստիկանի ազատումը Արագածոտնի մարզպետի օգնականին բերման ենթարկելու հետ կապված չէ, բայց ազատման պատճառն էլ չհայտնեց: Իսկ մարզպետի օգնականի հետ պատահածը թմրանյութերի հետ կապված միակ սկանդալը չէ վերջին շրջանում։ Նման մի թեսթ էլ ՔՊ-ական պատգամավոր, Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանը ստիպված եղավ հանձնել, երբ պայքարում էր Գյումրիի քաղաքապետի թեկնածու դառնալու համար:

XS
SM
MD
LG