Մատչելիության հղումներ

Վարչապետը մանրամասներ հայտնեց հայ - ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հանդիպումից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը, արխիվ

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի փոխադարձ այցերը վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պատմական իրադարձություն համարեց: Ասաց՝ այդպես երկու երկրների միջև խաղաղությունն ամրապնդվում և ավելի ինստիտուցիոնալ է դառնում:

«Ես ուզում եմ գոհունակության խոսքեր ասել երկու երկրների փոխվարչապետերին այդ աշխատանքը իրականացնելու և արդյունավետ իրականացնելու առիթով», - հայտարարեց վարչապետը:

Սահմանազատման հանձնաժողովները Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ վերջին անգամ հանդիպել էին անցած տարվա նոյեմբերին ադրբեջանական Գաբալա քաղաքում: Երեկ Հայաստան էր ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը: Աղվերանի հանդիպումից հետո Արտգործնախարարությունը տեղեկացրեց՝ կողմերն քննարկել են սահմանազատման կազմակերպչական և տեխնիկական հարցերը: Նաև արդեն համաձայնեցված ուղեցույցերն են փոխանակել: Դրանից մեկը սահմանազատման աշխատանքների համար անհրաժեշտ փորձագիտական խմբերի աշխատակարգն է սահմանում, մյուս երկուսը՝ քարտեզի ստեղծման, նաև սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգերը:

«Ընդունված փաստաթղթերը իրենք շրջանակային նշանակություն ունեն և բնականաբար վերաբերվում են սահմանազատման և սահմանագծման պրոցեսին: Այսինքն՝ սկզբից կանոններն են սահմանում, հետո իրականացվում է այդ աշխատանքը», - ասաց Փաշինյանը:

2024 գարնանը Հայաստանն Ադրբեջանին առանց այս կանոնների վերադարձեց Տավուշի հատվածում հայկական վերահսկողության տակ եղած չորս գյուղը: Այն ժամանակ ոչ միայն այս նոր ուղեցույցերը, անգամ սահմանազատման կանոնակարգն ընդունված չէր: Վարչապետն էլ բացատրում էր, թե պիլոտային սահմանազատում են արել: Ընդամենը մի քանի շաբաթ տևած այդ գործընթացից անցել է երկու տարի, նոր հատվածներ ե՞րբ կսահմանազատվեն. Նիկոլ Փաշինյանն այսօր ոչ թե ժամկետներից, այլ ուղղություններից խոսեց:

«Պայմանավորվածությունները բնականաբար ուժի մեջ են, բայց ես ասել եմ նաև, որ TRIPP-ի հետ կապված նախագծերի իրականացման համար փոքր հատվածներում, փոքր՝ էնքան, ինչքան անհրաժեշտ է նախագիծը իրականացնելու համար, այսինքն՝ երկաթուղի պետք է անցնի, օրինակ, բայց երկաթուղին կառուցելուց առաջ մենք, դրա համար ինչքա՞ն է պետք, եթե, տեղ կա՝ կարող է երեք կիլոմետր է անհրաժեշտ, տեղ կա՝ մի կիլոմետր, տեղ կա՝ հինգ կիլոմետր, սահմանի գիծը պետք է շատ հստակ լինի, որպեսզի էդտեղ թյուրըմբռնումներ և տարընթերցումներ չլինեն», - ասաց վարչապետը:

Մինչև սահմանազատումը երեկ փոխանակած ուղեցույցերը պետք է հաստատեն Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները: Այս դեպքում ևս վարչապետը դժվարացավ ժամկետներ նշել: Ավելին՝ ասաց՝ այդ փաստաթղթերին մանրամասն ծանոթ էլ չի, դրանք աշխատանքները տեխնիկապես կազմակերպելու մասին են, որոնց վրա մասնագետներ են աշխատել:

«Քաղաքական բարձր մակարդակը ընդհանուր տեղեկատվության տեսքով է առնչվում էդ թեմայի հետ, մենք մանրամասների մեջ մտնել ... Որովհետև էդտեղ տերմիններ կան, մենք ուզենանք էլ, շատ տերմինաբանություն կա, այսինքն՝ մենք կուրսեր պետք է անցնենք, որ իմանանք՝ էդ ի՞նչ է գրած մեջը, որովհետև երկու երկրների սահմանը, քարտեզագետներն են դրա վրա աշխատում, գեոդեզիստներն են դրա վրա աշխատում: Դա փորձագիտական մակարդակի, շատ կարևոր, բայց, այնուամենայնիվ, էդ մակարդակի թղթեր են», - ընդգծեց Փաշինյանը:

Մամուլում երեկ լուրեր էին շրջանառվում, թե Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր՝ Տավուշի Ջուջևան գյուղ: Հայտնե՞լ է արդյոք Շահին Մուստաֆաևը նման ցանկություն, և ո՞րն է եղել հայկական կողմի արձագանքը:

«Պարոն Մուստաֆաևի ծննդավայր այցելելու հետ կապված՝ նման հարց չի քննարկվել, ես տեղյակ չեմ, և չի այցելել, բնականաբար: Աշխատանքի ավարտից հետո պատվրակությամբ վերադարձել են», - ասաց վարչապետը:

Երեկվա հայ - ադրբեջանական հանդիպումից հետո հայտարարվեց, որ հաջորդն Ադրբեջանում կանցկացվի, բայց թե երբ՝ դեռ պարզ չէ:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG