Վարչապետ Փաշինյանը կառավարության, նախարարությունների, մարզպետարանների աշխատակիցներին, համայնքային ծառայողներին վաղը հավաքելու է մարզահամերգային համալիրում: Ինչ նպատակով է գործադիրի ղեկավարը որոշել հանդիպել պետական ծառայողներին ու ինչ օրակարգ ունեն՝ կառավարությունից չեն հրապարակել:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» էլ փակագծեր չեն բացում: ՔՊ վարչության անդամ, պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ասաց՝ կազմակերպիչն իշխող կուսակցությունը չէ, օրակարգից էլ տեղյակ չեն: Իրեն չեն էլ հրավիրել. «Ես բովանդակությանը չեմ տիրապետում, չեմ կարող ասել կազմակերպչական, բովանդակային մանրամասներ, բայց շատ նորմալ է, որ վարչապետը խոսի իր ցանկացած քաղաքացու հետ»:
Փաշինյանի կաբինետի անդամներից վաղվա հանդիպումը հաստատեց, բայց օրակարգը չմանրամասնեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը. «Տեխնիկական հարցերին չեմ տիրապետում»:
Վաղվա հանդիպման կազմակերպչական աշխատանքներին անմասն չեն նախարարները, մարզպետներն ու համայանքապետերը: «Ազատության» տեղեկություններով՝ դեռ օրեր առաջ են հանձնարարություն ստացել, որ վարչապետի հետ հանդիպմանը կոնկրետ քանակով մասնակիցներ ապահովեն:
Ի՞նչ հանձնարարություն է ստացել օրինակ՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, վերջինս հարցին չցանկացավ պատասխանել: Օրակարգը թելադրողն ինքը չէ, ասաց. «Ինձ այդ հարցն անհասկանալի է: Եթե կա օրակարգ պայմանական, ու այդ օրակարգով հանդիպում է լինելու, դրա մեջ այլ բան տեսնելը, որ այսքան մարդ պիտի գնա... եթե պետական ու համայնքային աշխատողների հետ հանդիպման մասին է խոսքը, պարզ չէ՞, որ այդ մարդիկ պետք է ներկա գտնվեն»:
Արմավիրի մարզպետն էլ չցանկացավ վաղվա հավաքից նախապես խոսել: Ընտրություններից ամիսներ առաջ վարչապետի ու ՔՊ-ականների ենթակայությամբ գործող կառույցների աշխատակիցների հավաքը արդյոք նշանակում է, որ նախընտրական քարոզչությունը սկսել են, վարչական ռեսուրսին էլ փորձում են կողմնորոշել, ուղղորդել, հարցին ի պատասխան՝ իշխանական պատգամավոր Հակոբյանը պնդում է՝ սա հերթական հանդիպումների շարքից է ու նախընտրական բնույթ չունի:
«Դրա համար ցանկացած հանդիպում մի դիտարկեք որպես նախընտրական չգիտեմ ինչ», - արձագանքեց նա:
Չնայած իշխանական պատգամավորը պետական ծառայողների հետ վաղվա հանդիպումը համարում է Փաշինյանի օրակարգի հերթական հարց, բայց և միաժամանակ հորդորում այս հավաքը չհամեմատել նախկինների հանդիպումների հետ՝ իրենք մարդկանց ստիպելով չեն բերում:
Իսկ ի՞նչ կասի այն լուրերի մասին, որ նախարարություններին արդեն կոնկրետ թվերի հանձնարարություն է իջել, որ յուրաքանչյուրը մի քանի հարյուր մասնակից ապահովի, պատգամավորը պատասխանեց. «Քանի մարդ պետք է գա, որտեղից պետք է գան, ինչ պետք է լինի՝ ես չեմ տիրապետում, ես ինքս մասնակից չեմ լինելու անգամ, ոչ էլ կազմակերպչական աշխատանքներին եմ, բնականաբար, մասնակցել, բայց վստահ եմ մի բանում, որ այն հասարակությունը, որը նախորդ իշխանության օրոք ստիպողական գնացել է տարբեր հավաքների, նրանց հիշեցնել իրենց այդ տխրահռչակ օրերը մեզ օգուտ չէ, հետևաբար խնդրում եմ հանեք ձեր մտքից ստիպողաբար ինչ-որ մի տեղ տանելու, հրահանգելու այդ ինստիտուտը»:
Տեղեկություններ կան, որ վաղը մասնակիցները վարչապետին հարցեր տալու հնարավարություն էլ կունենան: Թե ինչ օրակարգով է լինելու, ու արդյոք լրագրողների համար պետական ծառայողների ու Փաշինյանի հանդիպումը բաց կլինի, պարզ չէ, վարչապետի խոսնակը «Ազատության» հարցին դեռ չի արձագանքել: