Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան քննարկել են Հայաստան–Եվրամիություն համագործակցության ընթացքը և դրա ընդլայնման հեռանկարները։
Կոպենհագենում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը նրանք կարևորել են համատեղ նախաձեռնությունների իրականացումը՝ ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության, տարածաշրջանային կայունության և տնտեսական զարգացման ոլորտներում։
Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանի նկատմամբ Եվրոպական խորհրդարանի շարունակական ուշադրությունն ու աջակցությունը՝ ընդգծելով ԵՄ-ի հետ համագործակցության խորացման և գործընկերության օրակարգը։
Իր հերթին, Ռոբերտա Մեցոլան վերահաստատել է Եվրոպական խորհրդարանի պատրաստակամությունը` շարունակելու աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների, ինստիտուցիոնալ զարգացման և խաղաղության օրակարգի ամրապնդման գործում։
Նրանք խոսել են նաև տարածաշրջանային զարգացումների, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման և «TRIPP» նախագծի շուրջ։