«Չհասկացա, փաստաբանին ասեցի՝ «բացատրիր», չհասկացա ինչ ասեց». - խուլիգանության համար մեղադրվող 71-ամյա Ալբերտ Առստամյանն է՝ անակնկալի եկավ դատարանի վճռից:
«Ապացուցված չէ Ալբերտ Նիկոլայի Առստամյանին մեղսագրվող Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանցակազմի առկայությունը», - հայտարարել էր դատավոր Արման Հովհաննիսյանը:
Հետո փաստաբանը բացատրեց՝ արդարացվել է: Արցախցի տղամարդն անցած ամռանը վարձով տան պատշգամբից, որպես բողոքի նշան, կարմիր խնձոր էր նետել իրենց բակ եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ:
Այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրուցում ասաց՝ մտքով չէր անցնում, որ կարդարացվի: Այսօր դատարան էր եկել մի քիչ անհանգիստ. - «Հա, մի քիչ անհանգիստ էի»:
Նորից բացատրեց, թե ինչու է դիմել բողոքի այդ ակցիային. - «Այո, բողոքի ակցիա ա եղել իմ կողմից. մայրիկիս ծնունդն ա եղել, մինչև էդ հեռուստացույցով նայում եմ, տեսնում եմ՝ ինքը հեծանիվից իջնում ա, նույնիսկ խաշլամա ա ուտում, ինչ ա անում, ասի էդ կանալը փոխի, դուրս եկա բալկոնը, տեսա՝ կանգնած, ասի՝ էս ինքն ա, ջղայնացա, ճիշտն ասած կարտոշկա եմ ուզել քցեմ, կարտոշկեն չճարեցի, խնձորը մոտիկ էր, խնձոր շպրտեցի»:
Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում տուն-տեղ, հարազատների գերեզմանները թողած ու երևանյան վարձով բնակարանում տեղավորված տարեց տղամարդն այսօր էլ պնդեց՝ Փաշինյանի իշխանությունն է մեղավոր արցախցիների խնդիրների համար: Ասաց՝ չի ափսոսում իր արարքի համար. - «Էն, ինչը ես արել եմ, մտածել եմ, արել եմ, չեմ փոշմանում»:
Ալբերտ Առստամյանի ութ հոգանոց ընտանիքի միակ կերակրողը դուստրն է:
«Չես քնում, ննջում ես, վեր ես կենում, չգիտես ինչ ես անում ... Մինչև հիմա չենք կարում հարմարվենք», - ասաց Առստամյանը:
Նախորդ նիստերին տարեց արցախցին պնդել էր՝ Փաշինյանի քաղաքականության դեմ է եղել իր արարքը, բայց որևէ մեկը իր խնձորի թիրախը չէր։ Այսօր էլ ասաց՝ Փաշինյանին տեսնելիս մի երկու բան կասի. - «Հրաժարական տուր գնա, էս ժողովուրդը մեղք ա, մեզ էս ի՞նչ օրն ես քցել՝ արցախցիներին: Ինքը չի՞ քցել էս օրը մեզ: Ինչի՞ համար եմ ես խնձոր ա, ինչ ա, քցել՝ ինքն ա էս օրը քցել: Սաղ գերեզմանատունը, սաղ տները թողել ենք, ընկել: Առաջին մեղավորը ինքն ա»:
Իրավապահներն Ալբերտ Առստամյանի բողոքի ակցիան որակել են խուլիգանություն, որ դրևսորվել է հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով: Այդ հոդվածով նախատեսված է առավելագույնը երկու տարվա ազատազրկում։ Դատախազը պատժաչափ չէր պահանջել. օրենքով այս հարցը քննարկվում է մեղավոր ճանաչվելու դեպքում:
«Որոշումը սպասելի էր: Իմ համար, ճիշտն ասած, ավելի սպասելի էր Ալբերտ Առստամյանի գործով առհասարակ հանրային մեղադրողի կողմից հանրային մեղադրանքից հրաժարվելու ինստիտուտի կիրառումը, այսինքն՝ ես սպասում էի, որ հանրային մեղադրողը մինչև վերջին դատական նիստը կհրաժարվի առաջադրված մեղադրանքից: Այնուամենայնիվ, հանրային մեղադրողը չհրաժարվեց այդ մեղադրանքից, և դատավոր Արման Հովհաննիսյանը կայացրեց շատ արդար դատական ակտ՝ մասնավորապես արդարացնելով Ալբերտ Առստամյանին», - ասաց փաստաբան Ռոման Երիցյանը:
Ըստ քրեական գործի՝ արցախցու համար ճակատագրական դարձած կարմիր խնձորից ոչ ոք չի տուժել, այն դիպել է բակում կայանված մեքենային։ Տուժող չկար, բայց դա չէր խանգարել իրավապահներին Առաստամյանի արարքը որակել հանցագործություն։ Նախորդ նիստերից մեկում «Ազատություն»-ը հարցրել էր դատախազ Եսայի Աբովյանին՝ արդյոք մի խնձոր նետելը հանցագործություն է: «Համարել ենք, դրա համար մեղադրանք է առաջադրվել», - պատասխանել էր դատախազը:
Իսկ վկան՝ Պետական պահպանության ծառայության աշխատակից Գրիգոր Մանուկյանն էլ դատարանում ասել էր՝ տեսել էր կարմիր խնձոր, որ նետել են վերևի հարկերից մեկից, բայց դրանից իրենց գործունեությունը չի խաթարվել։
Ռոման Երիցյանն ասաց՝ եթե այս վճիռն ուժի մեջ մտնի, դիմելու են դատարան՝ բարոյական ու նյութական վնասի փոխհատուցման պահանջով:
«Ալբերտ Առստամյանը ընդամենը իր ազատ կարծիքը արտահայտելու իրավունքը իրացնելու պատճառով դարձել է քրեական հետապնդման զոհ, բազմիցս ներկայացել է Քննչական կոմիտե, նրա նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը, ընտրված խափանման միջոցի պատճառով վերջինս չի կարողացել մասնակցել Ռուսաստանի Դաշնությունում իր հարազատի հուղարկավորությանը, հետագայում նաև՝ հարսանյաց արարողությանը», - նշեց փաստաբանը:
Գլխավոր դատախազությունը կբողոքարկի Առստամյանի արդարացման վճիռը: