Մատչելիության հղումներ

Վենսը ուղևորվում է Հայաստան և Ադրբեջան. ԱՄՆ-ն առաջ է մղում խաղաղության, առևտրի և օգտակար հանածոների ռազմավարությունը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Վաշինգտոն, փետրվարի 4, 2026թ.
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Վաշինգտոն, փետրվարի 4, 2026թ.

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան և Ադրբեջան է այցելում՝ ամրապնդելու ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը և առաջ մղելու ռազմավարական «Թրամփի երթուղին», որը Վաշինգտոնը դիտարկում է Հարավային Կովկասում առևտրի, էներգետիկայի և ազդեցության վերաձևավորման առանցքային գործոն։

Վենսը Հայաստան կժամանի փետրվարի 9-ին՝ այցի շրջանակում կենտրոնանալով տարածաշրջանում առևտրի, ներդրումների և ենթակառուցվածքների վրա։ Այցի առանցքում է «Թրամփի երթուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (Trump Route for International Peace and Prosperity, TRIPP), այն նախատեսում է 43 կիլոմետրանոց ավտոմոբիլային և երկաթուղային երթուղի Հայաստանի տարածքով, որը Ադրբեջանը կկապի նրա էքսկլավ Նախիջևանի հետ՝ միաժամանակ բացելով նոր՝ Ռուսաստանն ու Իրանը շրջանցող արևելք–արևմուտք առևտրային ուղի:

Տարանցիկ այս երթուղին մաս է կազմում խաղաղության համաձայնագրի, որը 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև և նպատակ ունի վերջ դնել երկու երկրների միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությանը:

«Վենսի այցը պետք է ծառայի որպես ԱՄՆ-ի հանձնառության վերահաստատում՝ «Թրամփի երթուղու» իրագործման հարցում, - «Ազատություն» ռ/կ-ին ասել է Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերան, հավելելով, - Տարածաշրջանում շատերը նաև կհետևեն՝ տեսնելու, թե արդյոք Վենսը կազդարարի ԱՄՆ-ի ներգրավվածության խորացում հակամարտության կարգավորման գործընթացում»։

Այցից քիչ մանրամասներ են հրապարակվել, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի վերջին սոցիալական ցանցերում հրապարակած գրառման մեջ, հայտնելով այցի մասին, նշել է. «Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր մեր կիսահաղորդիչներ արտադրողների համար, Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոններն ու նավակները և ավելին»:

Խաղաղության համաձայնագիրը ուժեղացրել է Վաշինգտոնի դիրքերը տարածաշրջանում այն ժամանակահատվածում, երբ Ռուսաստանի ազդեցությունը հետընթաց է ապրել Բաքվում և Երևանում։ Վենսի ժամանումը նաև համընկնում է տարածաշրջանային այլ զարգացումների հետ, ինչպիսիք են ԱՄՆ–Իրան լարվածությունը Օմանում կայացած խաղաղության բանակցությունների ֆոնին և ԱՄՆ-ի աջակցությամբ նոր՝ կարևոր օգտակար հանածոների նախաձեռնությունը, որ, վերլուծաբանների գնահատմամբ, Հարավային Կովկասը դրել են ԱՄՆ քաղաքական առաջնահերթությունների անսպասելի խաչմերուկում։

TRIPP-ը, որը կարող է նոր առևտրային կապեր բացել Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև՝ շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը, կարող է նաև հնարավորություն տալ Կենտրոնական Ասիայի օգտակար հանածոների նոր հոսքերի դեպի արևմտյան շուկաներ, ինչը 2025 թվականի նոյեմբերին Թրամփի և Կենտրոնական Ասիայի առաջնորդների գագաթնաժողովի առանցքային թեմաներից էր։

«Նշանակալի է, որ հենց Վենսն է ուղևորվում», - «Ազատության» հետ զրույցում նկատել է Վաշինգտոնում տեղակայված Յորքթաուն ինստիտուտի Թուրան հետազոտական կենտրոնի տնօրեն Ջոզեֆ Էփսթեյնը։

«Նա ներկայացնում է Սպիտակ տան ավելի մեկուսացված հատվածը, սակայն այս այցի ընթացքում նա աջակցելու է գործարքների, որոնք թուլացնում են ռուսական և իրանական ազդեցությունը, իսկ հիմնական առանցքը օգտակար հանածոներն են», - հավելել է Էփսթեյնը։


Վաշինգտոնը կենտրոնանում է Հարավային Կովկասի վրա

Վենսը կլինի ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով երբևէ այցելել է Հայաստան, և առաջինը, ով այցելում է Ադրբեջան 2008 թվականին ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնիից հետո։

«Բուշի վարչակազմից ի վեր այս տարածաշրջանը նման ներգրավվածություն չի ունեցել, և այն ժամանակ այն հիմնականում իրականացվում էր Վրաստանի միջոցով», - ասել է Էփսթեյնը։

Այդ տարի Չեյնին նաև Վրաստան է այցելել, 2005-ին Թբիլիսի էր այցելել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը: Ջո Բայդենը ևս այցելել է Վրաստան որպես փոխնախագահ՝ 2009 թվականին։

Վաշինգտոնի միջնորդությամբ 2025 թվականի օգոստոսին Փաշինյանի և Ալիևի հետ ձեռք բերված համաձայնագրով երկրները հրաժարվել են միմյանց տարածքների նկատմամբ բոլոր հավակնություններից և պարտավորվել են ձեռնպահ մնալ միմյանց դեմ ուժի կիրառումից, ինչպես նաև պարտավորվել հարգել միջազգային իրավունքը։ TRIPP-ը ձևավորվել է որպես ավելի լայն համաձայնագրի տնտեսական ուղղվածությամբ բաղադրիչ և նախատեսված է խթանելու խաղաղությունը տնտեսական փոխկախվածության և ինտեգրման միջոցով՝ միաժամանակ ծառայելով որպես վստահության ամրապնդման մեխանիզմ երկու կողմերի համար։

TRIPP-ը նաև լուծում է առաջարկել 2020 թվականի հրադադարի համաձայնագրի մի կարևոր կետի համար՝ ապահովելով Ադրբեջանի անխոչընդոտ տրանսպորտային հասանելիությունը իր էքսկլավ, միաժամանակ թույլ տալով Երևանին պահպանել վերահսկողությունը առաջարկվող երթուղու երկայնքով իր ինքնիշխան տարածքի նկատմամբ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունվարի 13-ին մանրամասներ հրապարակեցին երթուղու վերաբերյալ։ TRIPP զարգացման ընկերություն կհիմնադրվի: Առաջին փուլում 49 տարով կառուցապատման իրավունք ստացող ընկերության վերահսկիչ բաժնեմասը՝ 74 տոկոսը Ամերիկայինն է լինելու, 26-ը՝ Հայաստանինը: Կողմերն ակնկալում են, որ համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով, այդ ժամանակ Հայաստանի կառավարության մասնաբաժինը կդառնա 49 տոկոս:

«Կովկասի նման տարածաշրջանում ԱՄՆ-ի ուշադրության անգամ փոքր չափաբաժինը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ», - ասել է Ջոշուա Կուչերան։

TRIPP-ը կմիանա Ադրբեջանում, Նախիջևանում և Թուրքիայում զարգացող այլ ենթակառուցվածքային նախագծերին և կծառայի որպես կարևոր հանգույց՝ միանալով Միջին միջանցքին՝ շուրջ 6 հազար 500 կիլոմետր երկարությամբ առևտրային երթուղուն, որը, շրջանցելով Ռուսաստանը, կապում է Չինաստանը Եվրոպայի հետ Կենտրոնական Ասիայի և Կովկասի միջոցով:

TRIPP-ը նաև կօգնի շրջանցել Վրաստանը, որի հարաբերությունները Միացյալ Նահանգների և Եվրոպայի հետ վերջին տարիներին վատթարացել են, քանի որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ ավելի սերտ մերձեցման պայմաններում աստիճանաբար որդեգրում է հակաարևմտյան դիրքորոշում:

Խաղաղությունը կապելով մատակարարման շղթաների հետ

Վենսի այցից առաջ Հայաստանը նաև ազդակներ է ուղարկել, որ հակված է ընտրելու ամերիկյան ընկերություն, որը կկառուցի նոր միջուկային ռեակտոր՝ փոխարինելու ռուսական արտադրության արդեն հնացած Մեծամորի կայանը։

Թեև մինչև 2026 կամ 2027 թվականները որոշում չի ակնկալվում, Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ ընտրել են մոդուլայինը, որպեսզի լրացուցիչ ճկունություն ապահովեն Հայաստանի էներգետիկ համակարգում. այս տեխնոլոգիայի ոլորտում ամերիկյան ընկերությունները համարվում են առաջատար։

Դա ընդհանուր առմամբ կհամապատասխանի Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ-ի քաղաքական նպատակներին, որոնք ուղղված են Եվրասիայի ռազմավարական ռեսուրսներին հասանելիության ապահովմանը և մետաղների ու օգտակար հանածոների ինտեգրմանը մատակարարման շղթաների մեջ։

Փետրվարի 4-ին Վենսը ներկայացրել է ծրագրեր՝ ԱՄՆ-ի գործընկերներին համախմբելու օգտակար հանածոների համար արտոնյալ առևտրային բլոկի շրջանակում՝ առաջարկելով համակարգված նվազագույն գների սահմանում, այն պահին, երբ Վաշինգտոնը ուժեղացնում է ջանքերը՝ թուլացնելու Չինաստանի վերահսկողությունը առաջադեմ արտադրության համար կենսական նշանակություն ունեցող նյութերի նկատմամբ։

Թրամփի պաշտոնին վերադարձից ի վեր Սպիտակ տան օրակարգը ձևավորած հարցերից քչերն են ունեցել նույնքան մեծ նշանակություն, որքան օգտակար հանածոները՝ շուրջ 50 ապրանքների խումբ, որոնք ԱՄՆ երկրաբանական ծառայությունը գնահատել է որպես երկրի ազգային և տնտեսական անվտանգության համար կենսական։ Դրանց շարքում են նաև հազվագյուտ հողային տարրերը՝ 17 տարր, որոնք օգտագործվում են ամեն ինչում՝ հողմային տուրբիններից և սմարթֆոններից մինչև կործանիչների շարժիչներ։

ԱՄՆ նոր նախաձեռնության մեկնարկին Վաշինգտոնում անցկացված միջոցառմանը մասնակցած 55 երկրների թվում էին նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի ներկայացուցիչները։

Քաղաքական հետազոտությունների Nightingale Intelligence ընկերության ղեկավար Էլդանիզ Հուսեյնովն «Ազատությանն» ասել է, որ TRIPP-ը, որը կբացի Հայաստանի և Ադրբեջանի փակ սահմանը, ավելի լայն նպատակների կծառայի՝ ապահովելով Կենտրոնական Ասիայի հողմային տուրբիններ ավելի հեշտ մուտքը արևմտյան շուկաներ։

«Լոգիստիկան այս ամենի հիմնական հարցն է, - ասել է նա, -Ներկայումս Կենտրոնական Ասիայի հումքի մեծ մասը գնում է Չինաստան, սակայն TRIPP-ը կարող է օգնել ստեղծել նոր խթաններ ներդրումներ ներգրավելու և նոր այլընտրանքներ ապահովելու համար»։

XS
SM
MD
LG