Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյա Արմեն Այվազյանը կեսգիշերին ազատ է արձակվել դատարանի դահլիճից:
Դատարանը մերժել է Եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնի պետին կալանավորելու միջնորդությունն ու հեռանալու արգելք կիրառել:
Երեք տարվա պաշտոնյան երեկ կեսօրին քաղաքապետարանից բերման էր ենթարկվել ևս երկու աշխատակիցների հետ: Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ նրան ձերբակալել են կաշառք ստանալու մեղադրանքով՝ շուրջ երկու տարի առաջ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:
Կեսգիշերին Արմեն Այվազյանի կինը՝ Վանաձորի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Լիլիթ Հովսեփյանը, տեսանյութ էր հրապարակել, որտեղ դատարանի դահլիճից ազատ արձակված Արմեն Այվազյանը դիմում էր վանաձորցիներին ու իր ընկերներին՝ հայտնելով, թե «անհանգստանալու ոչինչ չկա», ձերբակալված չէ, վերադառնում է Վանաձոր ու որ վաղը գնալու է աշխատանքի: Խոսքը եզրափակել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական կարգախոսով՝ «սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ»:
Արմեն Այվազյանը 2021 թվականի Վանաձորի ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համարն էր: Բայց ընտրություններից հետո կանանց քվոտայով ավագանի անցավ նրա կինը՝ Լիլիթ Հովսեփյանը, որ նույն կուսակցության ավագանու թեկնածու էր: Ինքը՝ Արմեն Այվազյանը, պաշտոն ստացավ Վանաձորի ժամանակավոր կառավարման շրջանում:
Անցած երեք տարիներին սկզբում կուսակցության երկու անդամները չմիացան ընդդիմության բոյկոտին, ինչի շնորհիվ իշխանությունները կարողանում էին քվորում ապահովել արտահերթ նիստերի համար: Այս տարի արդեն «Ապրելու երկրից» միայն բաժնի պետի կինը՝ Լիլիթ Հովսեփյանն էր նիստերին ներկայանում:
Խմբակցության մյուս անդամը՝ Արտավազդ Ալավերդյանն իր բացակայությունը մեկնաբանում էր, թե իր սպասելիքները չարդարացվեցին, ու որ երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններից դժգոհ է: Նա պարբերաբար կոչ է արել ավագանու անդամներին վայր դնել մանդատներն ու գնալ նոր ընտրությունների: