Մատչելիության հղումներ

Վախճանվեց Հռոմի Ֆրանցիսկոս պապը


Հռոմի 266-րդ պապի Ֆրանցիսկոս
Հռոմի 266-րդ պապի Ֆրանցիսկոս

«Տոնական այս օրը եկեք հիշենք Հարավային Կովկասն ու աղոթենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը շուտով ստորագրվի և իրագործվի՝ ճանապարհ հարթելով տարածաշրջանում երկար սպասված հաշտության համար»․ - Հռոմի Ֆրանցիսկոս պապի վերջին ուղերձն է՝ երեկ՝ մահվանից բառացիորեն ժամեր առաջ, Սուրբ Հարության տոնին:

Անվասայլակին նստած, Կաթոլիկ եկեղեցու հովվապետը դժվարությամբ էր արտաբերում բառերը, ուղերձը փոխանցել էր Վատիկանի սպասավորներից մեկը:

Սուրբ Պետրոսի հրապարակում հազարավոր հավատացյալների ողջունելուց և ուղերձը հնչեցնելուց մի քանի ժամ անց, այսօր առավոտյան տեղական ժամանակով ժամը 7։ 35 88-ամյա Ֆրանցիսկոս պապը մահացավ։

Շաբաթներ առաջ Ֆրանցիսկոսը բարդ շնչառական վարակով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել, որտեղ ավելի քան մեկ ամիս անցկացրեց։ Երկկողմանի թոքաբորբից ամբողջովին չապաքինված Պապը, որն անտեսել էր հիվանդանոցում մնալու բժիշկների պահանջը, երեկ որոշել էր անձամբ ողջունել Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ուխտավորներին և գլխավորել Սուրբ Զատիկի արարարողությունը։ Տոնակատարությունից ժամեր անց Վատիկանը հայտնեց Պապի մահվան բոթը.

«Նա մեզ սովորեցրեց ապրել Ավետարանի արժեքներով՝ հավատարմությամբ, քաջությամբ և համընդհանուր սիրով, հատկապես ամենաաղքատների և ամենաանտեսվածների նկատմամբ»։

Բուենոս Այրեսում իտալացի ներգաղթյալների ընտանիքում ծնված Ֆրանցիսկոս պապը Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի գահը ստանձնել էր 2013 թվականին՝ դառնալով առաջին ամերիկացին, առաջին ճիզվիտը և առաջին հովվապետը, որը ծնվել է Եվրոպայից դուրս ավելի քան մեկ հազարամյակի ընթացքում:

Խորխե Մարիո Բերգոլիոն քիմիկոս էր։ Մինչև հոգևոր ծառայության անցնելը դպրոցում է դասավանդել։ Ճակատագրական դարձավ չստացված սիրո պատմությունը Ամալիայի հետ, ինչից հետո Խորխեն որոշեց իրեն նվիրել Աստծուն։ Արգենտինացի երիտասարդը մինչ այդ տարված էր նաև ֆուտբոլով, սիրում էր տանգո։ Հեռուստացույց ընդհանրապես չէր դիտում, մի առիթով պարզաբանել էր՝ տասնամյակներ առաջ էր նման ուխտ արել, փոխարենը ակտիվ էր սոցիալական մեդիաներում, կատակասեր էր, խոսում էր Վատիկանի համար տաբու թեմերից։

Ֆրանցիսկոսը պապը մի անգամ տեսախցիկների առաջ դեմքին կապտուկով էր ներկայացել, որն առաջացել էր իր զրահապատ մեքենայի ապակուն դեմքով հարվածելու պատճառով, բայց երբ լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է դեմքը կապտած, Պապն իրեն բնորոշ լուրջ տոնով կատակեց՝ «կարդինալների հետ գարեջրատուն էինք գնացել, խմեցինք, վիճեցինք, մեկն էլ աչքիս հարվածեց»։

266-րդ պապի պաշտոնավարումը դրամատիկ ու հիասթափեցնող էր ինչպես պահպանողականների, այնպես էլ առաջադեմ խավերի համար, փոխարենը՝ սիրված՝ հավատացյալների կողմից։

Ընդդիմախոսների կարծիքով՝ նա բավարար քայլեր չարեց Կաթոլիկ եկեղեցու ներսում արատավոր բարքերը վերացնելու համար՝ ֆինանսական յուրացումներից մինչև սեռական ոտնձգություններ, թեև հենց նրա պաշտոնավարման օրոք Վատիկանի բանկը, իր ողջ պատմության ընթացքում առաջին անգամ, հրապարակեց ֆինանսական գործունեության մասին տարեկան զեկույց: Ֆրանցիսկոս պապին հաջողվել է նաև կոտրել եկեղեցու հազարամյա համակարգը և Վատիկանում բարձր պաշտոններ զբաղեցնելու ճանապարհ հարթել կանանց համար։

Ֆրանցիսկոսը, շեղվելով իր նախորդների ակադեմիական ոճի պաշտոնավարումից, փաստացի գլխավորեց մի շարժում, որի նպատակն էր եկեղեցին դարձնել այսպես կոչված «դաշտային հիվանդանոց»՝ առաջնահերթություն տալով կարիքավորներին: Հրաժարվելով նաև իր նախորդների ճոխ կենսակերպից՝ Ֆրանցիսկոս պապը նախապատվությունը տվեց պարզ կենցաղին՝ պապական լիմուզինից մինչև թանկարժեք նվերներն ուղղելով բարեգործական ծրագրերի, մերժելով նաև Վատիկանի Առաքելական պալատում ապրելու հնարավորությունը և տեղափոխվելով հարևանությամբ գտնվող ժամանակակից բնակավայր, որը նախկինում ծառայում էր որպես Վատիկանի հյուրատուն։

Ձախակողմյան հայացքներով Պապը հաճախ էր կոշտ քննադատության թիրախում հայտնվում դիվանագիտական ասպարեզում: Հարավի հիացմունքին, Արևմուտքի դատապարտող հայտարարություններին արժանացավ Ուկրաինայի պատերազմող կողմերին ուղղված խաղաղության իր համառ կոչերի համար, սուր մեղադրանքների ենթարկվեց Գազայում Իսրայելի արյունալի գործողությունները դատապարտելու համար:

Պահպանողականների ճամբարի հետ նրա առճակատումը նոր թափ ստացավ շաբաթներ առաջ, երբ կոշտ քննադատություն հնչեցրեց միլիոնավոր ապօրինի միգրանտներին արտաքսելու պլաններ ունեցող ԱՄՆ նոր վարչակազմի հասցեին՝ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրելով «արժանապատվություն ոտնահարելու», իսկ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ աստվածաբանական տերմինը սխալ կիրառելու մեջ։ Ի դեպ, ԱՄՆ փոխնախագահը Սրբազան քահանայապետի ընդունելությանն արժանացած վերջին օտարերկրյա առաջնորդը դարձավ։ Միգրանտների խնդրում սկզբունքային տարաձայնություններ ունեցող գործիչների կարճատև հանդիպումը երեկ էր՝ Վատիկանում:

«Գիտեմ, որ լավ չեք զգում, բայց ուրախ եմ Ձեզ առողջ տեսնելու համար։ Շնորհակալ եմ ինձ ընդունելու համար»,- ասել էր փոխնախագահ Վենսը։

Կաթոլիկ եկեղեցու հովվապետն իր ուղերձներում Հայաստանը հաճախ էր հիշատակում։ Պապի պաշտոնում ընտրվելուց երեք տարի անց նա հայտարարեց «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնեական երկիր» ուղևորության մասին։ Հագեցած այցի ընթացքում Վատիկանի առաջնորդը նախ Գյումրիում պատարագ մատուցեց, ապա աղոթեց Սուրբ Էջմիածնում, ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Հատկապես նրա 2015 թվականի՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի ելույթը Օսմանյան կայսրությունում մեկուկես միլիոն հայերի կոտորածի մասին առանձնահատուկ կոշտ արձագանք հարուցեց Անկարայում։ «Ոճրագործությունների կոծկումը կամ ժխտումը նման է արյունահոսող վերքի, որը վիրակապված չէ», - հայտարարում էր Ֆրանցիսկոս պապը։

Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս, սակայն, Կաթոլիկ եկեղեցու հովվապետը հիմնականում զուսպ էր, նախընտրում էր ընդհանուր ձևակերպումներով «կողմերին կոչ անել դադարեցնել արյունահեղությունը»։ Եվ չնայած Արցախի էթնիկ զտումներից հետո Վատիկանի առաջնրոդը հորդորեց նաև պաշտպանել և հարգել Լեռնային Ղարաբաղում վանքերն ու կրոնական պաշտամունքի վայրերը, նրա ղեկավարած հաստատությունում Ադրբեջանն աղմկահարույց մի միջոցառում կազմակերպեց՝ «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» խորագրով, հարուցելով մասնավորապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կոշտ արձագանքը։ Հայ Առաքելական եկեղեցին դատապարտեց տեղի ունեցածը՝ հայտարարելով, որ այդկերպ «փորձ է արվել ժխտելու Հայաստանի և Արցախի պատմամշակութային ժառանգության հայկական պատկանելությունը, խեղաթյուրելու պատմական իրողությունները՝ այն հետագայում յուրացնելու չարամիտ նպատակով»:

XS
SM
MD
LG