Մատչելիության հղումներ

Վահան Քերոբյանը չի կալանավորվի


Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը չի կալանավորվի, ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ՝ Քերոբյանը հայտնում է.

«Ինձ հետ ամեն ինչ լավ է, Հակակոռուպցիոն դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլև հինգ տարի քննվող և ավելի քան տասը տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս բոլոր մեկ տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները։ Բնականաբար, մեղադրանքը չեմ ընդունում»:

Քերոբյանը երեկ էր ձերբակալվել: Նրա տանն իրավապահները խուզարկություն էին իրականացրել: Ձերբակալությունը, սակայն, կապ չի ունեցել Քերոբյանի պաշտոնավորման ժամանակահատվածի հետ: Այս անգամ Էկոնոմիկայի նախկին նախարարը անցնում է շուրջ 17 տարի առաջ տեղի ունեցած կոռուպցիոն գործով: Վահան Քերոբյանին մասնավորապես մեղսագրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեղադրանքներ:

Ըստ Քննչականի՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ ստեղծվել է հանցավոր կազմակերպություն, որը կեղծ փաստաթղթերով 2008-ից մինչև 2014 թվականը հափշտակել է Երևան համայնքին պատկանող շուրջ 74 հեկտար մակերեսով հողատարածքներ: Կոմիտեն հաղորդում է, որ հանցավոր կազմակերպության անդամները այդ անշարժ գույքերը իրենց հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով տարբեր ժամանակահատվածներում գրավադրել են բանկերում՝ ստանալով 10 մլն և ավելի ԱՄՆ դոլարի վարկեր:

Թե Վահան Քերոբյանը կոնկրետ ինչպես է հանցավոր կազմակերպությանը մասնակից դարձել և ներգրավվել փողերի լվացման գործում, Քննչականը չի հստակեցնում: Այդ տարիներին Քերոբյանը «Սթար Դիվայդ» ՓԲԸ գործադիր տնօրենն էր:

Ըստ Քննչականի, հանցավոր կազմակերպությունը ստեղծել են գինու-կոնյակի գործարանի սեփականատեր Հ.Մ.-ն, որը ըստ «Ազատության» տեղեկությունների՝ Էրեբունու Գինու-Կոնյակի գործարանի սեփականատեր Հովհաննես Մարգարյանն է, Կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը, ինչպես նաև մի քանի ընկերությունների սեփականատեր Գ. Ա. -ն: Վերջինս, մեր տեղեկություններով, գործարար Գևորգ Աֆանդյանն է, նախկին «Սթար» սուպերմարկետների ցանցի և «Արզնի» հանքային ջրերի գործարանի և այլ ընկերությունների սեփականատերը:

50-ամյա Վահան Քերոբյանը վարչապետ Փաշինյանի առաջարկությամբ Էկոնոմիկայի նախարար նշանակվեց 2020 -ին:

Չորս տարի անց՝ 2024 -ին, նա ազատվեց պաշտոնից և անմիջապես կալանավորվեց: Նախկին նախարարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով։ Ըստ Քննչականի՝ 2023-ին Էկոնոմիկայի նախարարությունը մրցույթին մասնակցող ընկերությունների միջև ընտրություն էր կատարել ավելի բարձր գին առաջարկած «Սիներջի»-ի օգտին։ Մինչդեռ, Քերոբյանը չի ընդունում մեղադրանքն ու շարունակում է պայքարել արդարացման համար։ Այս գործն արդեն դատարանում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG