Մատչելիության հղումներ

Վահան Քերոբյանը չի հստակեցնում՝ արդյոք պատրաստվո՞ւմ է մտնել քաղաքականություն


Պատրաստվո՞ւմ է արդյոք Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը մտնել քաղաքականություն։ Վարչապետ Փաշինյանի նախկին թիմակիցը, որը մեղադրյալ է իր պաշտոնավարմանն առնչվող քրգործով, այսօր խուսափեց պատասխանից։ Ասաց՝ չի ցանկանում քաղաքական ու անձնական հարցերի անդրադառնալ։

Քերոբյանը քաղաքական որակեց նաև Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակացության հեռանկարի վերաբերյալ «Ազատության» հարցը։

Էկոնոմիկայի նախկին նախարարը, սակայն, պնդեց, թե բոլոր առումներով դիվերսիֆիկացիան դրական է։ Այս պահին Հայաստանի արտաքին առևտրի մեծ մասը Ռուսաստանի հետ է. անցած տարվա միայն 9-ը ամիսներին այն 42 տոկոս է կազմել, իսկ Եվրամիությանը բաժին է ընկել արտաքին առևտրի միայն 7.3 տոկոսը։

«Դիվերսիֆիկացիան բազմաթիվ առումներով, նույնիսկ սովորական բիզնեսի տեսանկյունից նայելը միշտ լավ է, որովհետև քո կախվածությունը մի հաճախորդից կամ մի մատակարարից, միշտ բերում է պրոբլեմների: Այսինքն՝ դիվերսիֆիկացիայի մասին ակտիվ խոսվում է երևի 23 թվականից, բայց ռեալ դրա կարիքը դեռևս շատ է զգացվում ու կարիք կա, որ անկախ թե ի վերջո ինչ ուղղություն կընտրվի կամ կընտրվեն բոլոր ուղղությունները միասին, որովհետև դա էլ է մոտեցում, անհրաժեշտ է, որպեսզի մի ուղղությունից կախվածությունը չլինի շատ վտանգավոր», - ասաց Քերոբյանը

Չնայած կառավարությունը հավանություն է տվել Եվրոպական միությանն անդամակցության գործընթացի մեկնարկի նախագծին, իշխանության ներկայացուցիչները պնդում են՝ այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա Երևանի օրակարգում։

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն այժմ հայաստանյան «Մանթաշյանց» գործարար ակումբի անդամ է։ Ակումբը Քերոբյանին հրավիրել էր հանդիպմանը, որ նա ներկայացնի 2024 ընթացքում Հայաստանի տնտեսական արդյունքները։

«Թեև ընդհանուր տնտեսական աճը դրական է, ակնհայտ է, որ այն էապես դանդաղել է»

Անցած տարվա փետրվարին իրավապահների գործողություններից հրապարակավ դժգոհած, ապա պաշտոնը լքած ու մի քանի օր անց մեղադրյալ դարձած Քերոբյանը հայաստանյան տնտեսության զարգացումներին անդրադառնալիս զուսպ էր իր ձևակերպումներում։ Հայտարարեց՝ օրինակ, բիզնես համայնքում տրամադրությունները վատթարանում են, սակայն իր նպատակն է կառուցողական առաջարկներ անել՝ խնդիրները լուծելու համար։ Էկոնոմիկայի նախկին նախարարը նաև արձանագրեց՝ տնտեսական աճը դանդաղել է։

«Անցյալ տարվա տնտեսական արդյունքները վերլուծելիս աչքի են ընկնում մի շարք կարևոր միտումներ: Թեև ընդհանուր տնտեսական աճը դրական է և կկազմի մոտավորապես 5 տոկոս ՀՆԱ-ի աճ, ակնհայտ է, որ այն էապես դանդաղել է, ու տնտեսության շարժիչ ուժը, մասնավոր սեկտորը ունի մեծ ներուժ, որը դեռ չի իրացվել: Համեմատության համար պետք է նշել, որ, օրինակ, 2022 և 2023 թվականներին հաջողվեց ավելի արագ աճել, քան, օրինակ, մեր հարևան Վրաստանը, ապա այս տարի Վրաստանի տնտեսությունն աճել է էականորեն ավելի շատ», - ներկայացրեց նա:

Քերոբյանը, վերլուծելով անցնող տարին, պնդեց՝ ավելանում են փոքր ու միջին բիզնեսների փակման թվերը։ Ըստ նրա՝ պատճառն ավելացող վարչարարությունն ու հարկերն են։ Նա նաև շեշտեց՝ բացասական վիճակագրության վրա ազդում է, իր ձևակերպմամբ, «տնտեսական անորոշությունն ու անկանխատեսելի քաղաքականությունը»։

Հանդիպմանը Քերոբյանը նաև իր քրեական գործից չխոսեց, «Սիներջի» ընկերությանն առնչվող քրեական գործով Քերոբյանն առանցքային մեղադրյալներից է, մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով։ Ըստ Քննչականի՝ 2023-ին Էկոնոմիկայի նախարարության հայտարարած մրցույթին հայտ ներկայացրած երկու ընկերությունների միջև ընտրություն է կատարվել ավելի բարձր գին առաջարկած «Սիներջի»-ի օգտին։ Մինչդեռ, ինքը Քերոբյանը չի ընդունում մեղադրանքն ու շարունակում է պայքարել արդարացման համար։

8 մեղադրյլաներից 6-ի դեպքում քրեական հետապնդումը դադարեցվել է 1-ն արդարացվել է, 5-ն ընդունել են մեղքն ու զղջացել, այդ թվում՝ «Սիներջի»-ի նախկին աշխատակից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը և էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը։

Քերոբյանից բացի քրեական հետապնդումը շարունակվում է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ։

XS
SM
MD
LG