Մատչելիության հղումներ

Վահագն Խաչատուրյանը հավատում է Ալիևին, որ չեն խախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունը


Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հավատում է Իլհամ Ալիևին, որ Ադրբեջանը չի խախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Նա այս մասին ասել է ռուսական RTVI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտել է 44-օրյա պատերազմից հետո, 2021-ին, 2022-ին՝ կիլոմետրերով մխրճվելով Հայաստանի սուվերեն տարածքում ու մինչ օրս դուրս չի եկել հայկական տարածքներից: Ադրբեջանի հետ քաշվելու մտադրության մասին Ալիևը երբեք չի հայտարարել, Հայաստանի իշխանությունները հույս ունեն՝ այս հարցը կլուծվի հայ- ադրբեջանական սահմանազատմամբ: Վահագն Խաչատուրյանը կարծում է՝ Վաշինգտոնում ամենակարևորը եղավ. Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցին խաղաղ ապրել:

«Վաշինգտոնում ձեռք բերեցինք ամենակարևորը, որ երկու կողմերը, նկատի ունեմ՝ Ադրբեջանը և Հայաստանը, համաձայնեցին խաղաղ ապրել։ Սա ամենակարևորն է։ Եվ հատկապես այդքան բարձր մակարդակով. երկու երկրների երկու առաջնորդներն ասացին, որ մենք իսկապես պատրաստ ենք և կանենք ամեն ինչ, որպեսզի պարզապես սկսենք խաղաղ ապրել», - ասել է Հայաստանի նախագահը:

Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ են. Խաչատուրյան

Վահագն Խաչատրյանը վստահ է՝ Հարավային Կովկասում պատերազմ չի լինելու: Հայ-ռուսական հարաբերությունների մասին էլ է խոսել՝ Հայաստանը Ռուսաստանի կրտսեր եղբայրը չէ, պարզապես գործընկերային հարաբերություններ են, - ասել է Հայաստանի նախագահը. «Հիմա Ռուսաստանի հետ բոլորովին այլ հարաբերություններ են՝ գործընկերային, Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ ոչ թե ավագ կրտսեր եղբոր նման է, այլ պարզապես գործընկերային հարաբերություններ։ Այն, ինչին մենք փորձում ենք հասնել վերջին չորս տարիների ընթացքում»:

Խաչատուրյանը, որ նախագահի պաշտոնում է հետպատերազմական արտահերթ ընտրություններից հետո, ռազմական դաշնակցի հետ եղբայրական հարաբերություններից գործընկերայինի անցումը համարում է վերջին չորս տարվա ձեռքբերումը: Կարծում է՝ Հայաստանն ավելի անկախ է:

«Հայաստանի կառավարությունը աշխատում է Հայաստանի բնակիչների համար, Հայաստանի բարեկեցության, բարգավաճման և այլնի համար: Դրա համար կառավարությունն ինքը պետք է որոշի, թե ում հետ ինչպես առևտուր անել, աշխատել, դիվանագիտական հարաբերություններ ունենալ», - ընդգծել է Խաչատուրյանը։

Հայ-ռուսական հարաբերությունների մասին իշխանությունում պատկերացումը իրարամերժ է: 11 օր առաջ էլ վարչապետ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ դեմ առ դեմ երկու երկրների հարաբերությունները բնութագրում էր եղբայրական:

Հայաստանի նախագահն այս հարցազրույցում պատասխանել է նաև Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկին: Եվրամիության ուղղությամբ Հայաստանի ձգտումներին ու անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունմանը Ռուսաստանի փոխվարչապետը սուր էր արձագանքել, թե պետք է ընտրեն կա՛մ Եվրասիական տնտեսական միությունը, կա՛մ Եվրամիությունը. երկու աթոռին նստել չի հաջողվի, - ասել էր Օվերչուկը։

«Ինչո՞ւ ընդհանրապես խոսել դրա մասին։ Ինչո՞ւ այդքան սուր դնել հարցը։ Ինչո՞ւ պետք է Օվերչուկը այս ամենը տարբեր կերպ ներկայացներ Ռուսաստանի բնակչությանը հեռուստատեսությամբ և այլն։ Կան առևտրային համաձայնագրեր, կան որոշակի համաձայնագրեր։ Դրանք աշխատո՞ւմ են, աշխատում են», - հարցազրույցում նշել է Վահագն Խաչատուրյանը։

Ներքաղաքական զարգացումներին, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորմանն անդրադառնալով՝ ասել է, թե երևի մի խախտում արել է, որ կալանավորել են:

Ռուս լրագրողին Խաչատուրյանը ասել է, թե Հայաստանը դեմոկրատական, օրենքի երկիր է, դատարաններն էլ անկախ են:

Սամվել Կարապետյանը, որ նաև Ռուսաստանի քաղաքացիություն ունի, երեք ամիս է Ազգային անվտանգության ծառայության նկուղում է վարչապետ Փաշինյանի արշավից Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանող մեկնաբանության համար: Գործարարին ազատությունից զրկելուց ժամեր առաջ Փաշինյանը հրապարակային խոստացավ ընդմիշտ պասիվացնել հոգևորականների բարեգործներին:

XS
SM
MD
LG