Մատչելիության հղումներ

Ուկրաինայի «Սուրբ լեռները»՝ ռուսական պատերազմի հերթական զոհ


Հրշեջը մարում է հուլիսին «Սուրբ լեռներ» ազգային պարկի Յարովայայի մերձակայքում բռնկված հրդեհը
Հրշեջը մարում է հուլիսին «Սուրբ լեռներ» ազգային պարկի Յարովայայի մերձակայքում բռնկված հրդեհը

34 տարի ուսուցչուհի աշխատած Լիդիա Պրոկոպենկոն 2022 թվականին առաջին անգամ չկարողացավ տեսնել, թե ինչպես են նախկին առաջին դասարանցիները ավարտում դպրոցը: Նրա՝ արևելյան Ուկրաինայում գտնվող տարրական դասարանների դպրոցը ռուսական լայնածավալ ռազմական ներխուժման պատճառով փակվեց՝ ստիպելով երկարամյա ուսուցչուհուն վաղաժամ թոշակի անցնել:

Պրոկոպենկոյի հայրենի գյուղը՝ Ստուդենոկը, ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու մոտակա «Սուրբ լեռներ» ազգային պարկի մերձակայքում ծավալված մարտերից․ ռուսական զորքերը արագ վերահսկողություն հաստատեցին պարկի անտառապատ ժայռերի նկատմամբ: 2022 թվականի սեպտեմբերին ուկրաինական ուժերը ազատագրել են պարկի տարածքը, սակայն այդ ժամանակ այն արդեն խիստ վնասված, ածխացած էր պայթյուններից ու «բզկտված»՝ ամենուր փորված խրամատներով։

Տարածքը նաև ականապատված էր․ այնտեղ մեծ քանակությամբ չպայթած զինամթերք կար։ Երկու տարի անց այդ նյութերը «Սուրբ լեռների» պատմության մեջ ամենախոշոր անտառային հրդեհի պատճառ դարձան՝ ռուսական օդային հարվածից հետո: Հրշեջները ութ օր շարունակ չէին կարողանում մարել կրակը, որը 7 հազար հեկտար տարածք էր կլանել։ Հրդեհը նաև ոչնչացրեց Պրոկոպենկոյի տունը և նրա հայրենի գյուղի մեծ մասը:

«Հրդեհն այնքան արագ էր տարածվել, կրակի այնպիսի հսկայական գնդեր էին մոլեգնում, որ մեր տունը հնարավոր չէր փրկել»,- պատմել է նա «Ազատությանը»:

Այժմ թոշակառու կինն ապրում է հարևանների հետ, և գնալով ավելի քիչ հավանական է թվում, որ 64-ամյա նախկին ուսուցչուհին իր կենդանության օրոք վերականգնված կտեսնի «Սուրբ լեռների» ազգային պարկը կամ դրա վայրի բնությունը:

Լիդիա Պրոկոպենկոն իր՝ անտառային հրդեհից ավերված տան մոտ
Լիդիա Պրոկոպենկոն իր՝ անտառային հրդեհից ավերված տան մոտ

Պարկի տնօրեն Սերհիյ Պրիյմաչուկը և ուկրաինացի այլ պաշտոնյաներ ևս ասում են, որ մինչև ռազմական գործողությունների ավարտը դժվար է լրջորեն մտածել «Սուրբ լեռների» կամ որևէ այլ էկոհամակարգի վերականգնման մասին, հավելելով՝ նույնիսկ պատերազմից հետո, հավանաբար, դրա համար տասնամյակներ կպահանջվեն: Պարկը գտնվում է Դոնեցկի շրջանի հյուսիսում, որը 2014 թվականից մասամբ գրավված է Ռուսաստանի աջակցությունը վայելող ուժերի կողմից։ Մինչ օրս այնտեղ ծանր մարտեր են շարունակվում:

Էկոցիդի մեղադրանքներ

Ըստ «Համաուկրաինական բնապահպանական լիգա» ՀԿ-ի՝ ռուսական ներխուժումից ի վեր ուկրաինական անտառներում բռնկված հրդեհներն ավելացել են 30 անգամ։

Բնապահպանության նախարարությունը նշում է, որ 800 հազար հեկտար անտառ գրեթե հողին է հավասարվել հակամարտության հետևանքով, 2400 հեկտար ներկայումս գտնվում է Ռուսաստանի օկուպացիայի տակ: Այդ վայրերում, փորձագետների կարծիքով, ռուսական ուժերը ոչ միայն խրամատներ են փորել, այլև օգտագործել ուկրաինական անտառները շինանյութի համար։

«Ուկրաինական անտառի 10,4 միլիոն հեկտար ընդհանուր տարածքի գրեթե 3 միլիոն հեկտարը տուժել է ռազմական գործողություններից», - «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը ասել է բնապահպանության փոխնախարար Օլենա Կրամարենկոն, - «Ուղղակի պատկերացրեք, որ Շվեյցարիայի տարածքի երեք քառորդը այրվեր կամ ծածկվեր խրամատներով»:

Ուկրաինան ջանքեր է գործադրում Ռուսաստանին պատասխանատվության կանչելու ուղղությամբ, այդ թվում՝ էկոցիդի՝ շրջակա միջավայրին հասցված լուրջ, համատարած կամ երկարաժամկետ վնասի համար: Ուկրաինայի գլխավոր դատախազությունն արդեն հետաքննում է 14 գործ՝ Քրեական օրենսգրքի էկոցիդին վերաբերող հոդվածով։ Այդ գործերի շարքում է նաև 2023 թվականի հունիսին Ուկրաինայի հարավում Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի աղմկահարույց պայթեցումն ու ոչնչացումը։

Պաշտոնյաները նշում են, որ արդեն շուրջ երեք տարի շարունակվող ներխուժման յուրաքանչյուր օրվա հետ ուկրաինական բնապահպանական ճգնաժամն ավելի է խորանում:

Բնապահպանության նախարարությունը մինչ այժմ «Սուրբ լեռներ» ազգային պարկին հասցված վնասը ավելի քան 16 միլիարդ գրիվնյա (385 միլիոն դոլար) է գնահատում, իսկ ավելի հստակ պատկերը ի հայտ կգա միայն պատերազմի ավարտից և տարածքը պայթուցիկ նյութերից մաքրելուց հետո:

«Հրդեհի պատճառով անտառն ավելի շատ սև է թվում, քան կանաչ»,- «Ազատությանն» ասել է բնապահպանության փոխնախարար Օլենա Կրամարենկոն։

Մերձակա Լուգանսկի շրջանի Կրեմինսկի անտառների ազգային պարկի գիտաշխատող Վոլոդիմիր Յարոցկին նշել է, որ «Սուրբ լեռներում» այլևս չղջիկներ չեն մնացել. - «Անտառում նրանք կարևոր գործառույթ էին կատարում՝ ուտելով այն միջատներին, որոնք վերարտադրության ժամանակ կարող են վտանգավոր լինել ծառերի համար։ Ավելի խոշոր կենդանիները սատկել են կամ փախել ներխուժման սկզբում»։

Վերականգնվելու համար կպահանջվեն տասնամյակներ

Այս տարվա սկզբին Ուկրաինայի բնապահպանության նախարարությունը հայտարարեց «Սուրբ լեռներ» պարկի վնասված տարածքները վերականգնելու ծրագրի մասին: Բայց հետո խոշոր հրդեհը բռնկվեց, և իշխանությունները ստիպված եղան հրաժարվել այս ծրագրերից կամ վերանայել դրանք, քանի որ ռուսական բանակը շարունակում է առաջխաղացումը պարկից ոչ հեռու գտնվող ռազմաճակատում:

Եթե մարտերն ավարտվեն վաղը, ըստ Լիմանի անտառտնտեսություն պետական ձեռնարկության ղեկավար Օլեքսի Պրիխոդկոյի՝ դեռ 50-70 տարի կպահանջվի տեղի անտառները նախապատերազմական վիճակին բերելու համար: Բայց դրա համար նախ պետք է ականների ավելի հրատապ խնդիրը լուծվի: Ըստ Reuters-ի՝ պարկում առնվազն 14 անտառապահներ զոհվել են ականների պայթյունից։ Բնապահպանության նախարարությունը հրաժարվում է ներկայացնել ավելի թարմ տվյալները՝ վկայակոչելով ռազմական գաղտնիքը:

Հրդեհի հետևանքները
Հրդեհի հետևանքները

Մինչ օրս Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը հաջողվել է ականներից մաքրել «Սուրբ լեռներ» պարկի միայն մոտ 2 տոկոսը։ Մինչդեռ պարկի տարածքում բազմաթիվ բնակավայրեր կան:

«Բնապահպանության և պաշտպանության նախարարության հայտարարությունների համաձայն՝ անտառների ականազերծումը չի սկսվի մոտակա 10 տարվա ընթացքում»,- ասել է Արևելյան Եվրոպայի հրդեհների մոնիտորինգի տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Սերհիյ Զիբցևը, չբացառելով, որ դրանից հետո էլ պարկը ամբողջությամբ գուցե երբեք էլ չականազերծվի։

«Որովհետև 10 տարի հետո այն վայրերը, որոնք հրդեհից հետո կվերականգնվեն, թավուտների կվերածվեն», - նշել է նա։

Զիբցևը որպես օրինակ է բերել բալկանյան երկրները, որտեղ Հարավսլավիայի փլուզմանը հաջորդած պատերազմներից հետո մուտքը վտանգավոր տարածքներ պարզապես արգելվել է. - «Նրանք ցանկապատել են այդ անտառները և վերջ»։

Մյուս կողմից, մասնագետները չեն բացառում, որ բնությունը կարող է որոշ չափով ինքնուրույն վերականգնվել, եթե մարդիկ «չխանգարեն»:

«Եթե մարդկանց, առաջնորդներին հարցնեք, թե արդյոք այս անտառը կվերականգնվի, շատ դեպքերում նրանք կասեն՝ «ոչ, չի վերականգնվի»։ Բայց այդպես չէ: Այն կվերականգնվի ինքնուրույն, պարզապես դրա համար ավելի շատ ժամանակ կպահանջվի», - ասել է Զիբցևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG