Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի կուտակման մտահոգությունների ֆոնին՝ Դոնբասի ճակատային գծի մարտիկները այդքան էլ իրատեսական չեն համարում Կիևի և արևմտյան հետախուզական գործակալությունների զգուշացումները, որ Մոսկվան կարող է մի նոր, մեծ հարձակում պատրաստել:
Թիմուր, 28 տարեկան
«Ես անձամբ չեմ հավատում ինչ-որ մեծ ներխուժման վտանգին: Կարծում եմ, որ դա պարզապես խաղ է: Նույն իրավիճակն էր այս տարվա ապրիլին և մայիսին: Այդ ժամանակ էլ կային այս բոլոր խոսակցությունները հնարավոր հարձակման մասին: Սա նրա համար էր, որ Ռուսաստանը կարողանա ապահովել իր «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման ավարտը: Այս անգամ, հավանաբար, պարզապես Պուտինը փորձում է կրկին ճնշում գործադրել: Իմ լսածից դատելով՝ Կրեմլը փորձում է երաշխիք ստանալ, որ ՆԱՏՕ-ն չի տարածվի Ուկրաինայում և Արևելյան գործընկերությունը այլ երկրներում, ասենք Վրաստանում ու Մոլդովայում»։
«Այստեղ մարտերը տեղի են ունենում ալիքներով: Անցյալ շաբաթ ամենաուժեղ գնդակոծությունն էր, որ ես տեսել եմ այս դիրքում: Ռուսամետ ուժերը օգտագործում էին СПГ-9 նռնականետեր: Հետո մի քանի օր գրեթե լռություն էր։ Անկեղծ ասած, ես մի փոքր վախենում եմ, երբ այստեղ հանգիստ է, որովհետև սկսում եմ մտածել՝ «գուցե նրանք ինչ-որ ծրագիր ունեն»: Պարզապես ցածր ինտենսիվության գնդակոծության պարագայում մի փոքր ավելի հարմարավետ ես քեզ զգում»:
«Մյուս կողմը հաճախ խորամանկ մարտավարություն է կիրառում։ Օրինակ, ԵԱՀԿ դիտորդները գրեթե ամեն օր օդ են բարձրացնում իրենց անօդաչու թռչող սարքերը` ստուգելու ռազմական դիրքերը: Նրանք երկու կողմերին էլ տեղյակ են պահում, որ ուղարկում են իրենց անօդաչուն, որպեսզի մենք իմանանք, որ դա գալիս է, բայց ռուսամետ ուժերն իրենց անօդաչու թռչող սարքն են ուղարկում անմիջապես ԵԱՀԿ-ինից հետո՝ իրենց սեփական դիտարկումները կատարելու, իսկ մենք չենք կարող կրակել այդ ուղղությամբ»։
Վլադ, 22 տարեկան
«Ռուսական բանակը պատրաստ չէ պատերազմի: Նրանք չունեն դաշտային հոսպիտալներ կամ վառելիքի ցիստեռններ, չունեն շատ զինվորներ կամ տրանսպորտային միջոցներ: Հարձակման համար նրանց 300-400 հազար զորք կպահանջվի: Այժմ նրանք կուտակել են ընդամենը 100 հազարը: Կարծում եմ, որ այդքան զորք կպահանջվի միայն Կիևի վրա հարձակվելու համար, մենք պաշտպանության բազմաթիվ շերտեր ունենք»։
«Եթե մենք հիմա առաջնագիծ չգանք, հետո կմեռնենք մեր տներում: Ուկրաինական ասացվածք կա. «Նա, ով խաղաղ ժամանակ չի պաշտպանում իր ընտանիքը, նեղության ժամանակ ուտում է իր երեխաներին: Այս ասացվածքը կապված է Հոլոդոմորի հետ: Եթե ռուսը գա և ուզենա մի քիչ օղի խմել ու քեֆ անել, խնդիր չկա, բայց եթե նա իմ տուն գա զենքով, ես կսպանեմ նրան»:
«Այստեղ թշնամին ամեն օր օգտագործում է դիպուկահար հրացաններ և գնդացիրներ, երբեմն էլ կիրառում են ՌՊԳ-ներ։ Անցյալ շաբաթ 82 մմ ականանետեր են օգտագործել այստեղից ոչ հեռու։ Այս իրավիճակը մոտ ժամանակներս չի փոխվի։ Իմ կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ չէ հարձակման։ Դա ուղղակի ուղերձ է, որովհետև հակամարտությունը քաղաքականության շարունակություն է, ամեն ինչ լավ կլինի»:
Իրինա (տարիքը չի նշվում)
«Կարծում եմ` եթե հենց հիմա ներխուժում տեղի ունենա, շատ մարդիկ կզոհվեն, ավելի շատ, քան 2014 թվականին, շատ արյուն կլինի, սարսափելի կլիներ:
Բայց, իհարկե, զինվորների մեծ մասը չի հավատում, որ ներխուժում է լինելու: Առաջնագծում այժմ նույն վիճակն է, ինչ նախկինում: Մեկ այլ պատճառ, որ զինվորները չեն հավատում այդ լուրերին, այն է, որ մեր երկրում սուտը շատ է: Բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները ստում են»:
«Չեմ կարծում, որ Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցներն ինչ-որ բան կփոխեն։ Դա նման է Մինսկի համաձայնագրերին։ Դրանք իրականում շատ բան չեն փոխում։ Մարդիկ ինչ-որ բան գրում են թղթի վրա, բայց իրականում այստեղ՝ առաջնագծում, նույն վիճակն է։ Մեծ տրամաչափի զինատեսակները շարունակվում են կիրառվել։ Գուցե և լինի ներխուժում, բայց երևի որոշ ժամանակ անց»:
Պետրո, 27 տարեկան
«Ես միայն գիտեմ, որ ժողովուրդը մնալու է և պաշտպանելու իր հողը: Վետերանները, որոնք ռազմաճակատում էին 2014-ին, երբ պատերազմը սկսվեց, գնացել են տուն, բայց եթե ներխուժում լինի, նրանք կվերադառնան այստեղ կռվելու»։
«Վաղ առավոտյան, երբ դուք տանը քնած էիք, երկու ՌՊԳ-ներ իջան այստեղից ոչ հեռու, բայց նման բաները նորմալ են: Չեմ կարող ասել, որ վերջերս տարօրինակ ակտիվություն է եղել: Երբեմն այստեղից կարող ես լսել, թե ինչպես են թշնամու տանկերը միացնում իրենց շարժիչները: Տանկերի շարժիչներն ունեն շատ կոնկրետ ձայն: Նրանք դա ավելի հաճախ են անում ցուրտ եղանակին»:
«Ես մի քանի անգամ մահից հազիվ եմ պրծել։ Մի անգամ նստած էի զրահամեքենայի վրա ու նկատեցի թշնամու տանկը: Հետո տեսա, որ նրա հրացանը հետևում էր մեր մեքենային: Ուղղակի կրակայրիչս դրեցի ատամներիս միջև, կծեցի և աղոթեցի Աստծուն: Զենքը չկրակեց»:
«Չեմ կարծում, որ պատժամիջոցներն ինչ-որ բան կփոխեն: Ռուսաստանը հարուստ երկիր է: Ուկրաինայի նախագահն ու պատգամավորները պետք է լուրջ որոշումներ կայացնեն: Մի օր ես կուզենայի լողալ ազատ Ղրիմում»:
Նշում խմբագրից. Այս նյութի համար մի քանի լուսանկարներ արվել են Ուկրաինայի ԽՍՀ-ում 1972 թվականին արտադրված լայնաֆորմատ ՖԿԴ ֆոտոխցիկով: Ֆոտոխցիկը լուսանկարներին տալիս է խորության զգացում ու որոշ դեպքերում վիզուալ անկատարություններ: