Մատչելիության հղումներ

Ուկրաինայում պատերազմի ընթացքում առաջին անգամ Հայաստանի ԱԺ պատգամավոր է այցելել Կիև


Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի և Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հանդիպումը, Կիև, 14-ը փետրվարի, 2025թ.
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի և Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հանդիպումը, Կիև, 14-ը փետրվարի, 2025թ.

Ռուս - ուկրաինական պատերազմի երրորդ տարում առաջին անգամ Հայաստանի խորհրդարանից պատգամավոր է այցելել Կիև: Ազգային ժողովի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Կիևում մասնակցել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի աշխատանքներին: Բյուրոյի նիստում քննարկել են հետպատերազմական հումանիտար խնդիրները, անհետ կորածներին, ռազմագերիներին վերաբերող հարցեր:

«Այս այցերը Հայաստանի նպատակների և օրակարգերի հետ կապ ունե՞ն, թե՞ ոչ», - հարցնում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

Ինչո՞վ էր կարևոր հայաստանցի պաշտոնյայի այցը Կիև, որքանո՞վ էր այն բխում Հայաստանի շահերից ու արտաքին առաջնահերթություններից. քաղաքական մեկնաբանն այս հարցերի պատասխանը չի ստացել այցի մասին Ազգային ժողովի հաղորդագրությունից: Ըստ նրա, հայկական կողմը ԵԱՀԿ հարթակը առաջին հերթին պետք է օգտագործի Հայաստանի խնդիրներն առաջ մղելու համար:

«Հիմա այդ հարթակներում երբ մենք աշխատում ենք, մեր խնդիրները առաջնայնություն ունե՞ն, թե՞ ոչ, և եթե ունեն, ինչպե՞ս են արտահայտվում, կոնկրետ հաղորդագրության մեջ չի երևում: Լավ, կոնկրետ հաղորդագրությունն ուկրաինական թեմայով է, բայց, ինչպես նշեցի, դարձյալ էդ կոնտրաստը հարց է առաջացնում՝ իսկ մեր թեմայով աշխատանքներ այդ կառույցներում լինո՞ւմ են, թե՞ ոչ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Բադալյանը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ, Ազգային ժողովի անունից աջակցություն է հայտնել Ուկրաինայի Գերագույն Ռադայի գործընկերներին՝ դժվարին պայմաններում խիզախ աշխատանքի համար: Ռուսլան Ստեֆանչուկն էլ իր աջակցությունն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը:

«Ուկրաինան համարո՞ւմ է, որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքներ: Որովհետև նույն Ուկրաինան շատ սերտ հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ, նույն Ուկրաինան նույնիսկ ողջունում էր ադրբեջանական ագրեսիայի արդյունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Եվ այստեղ, երբ արդեն հայկական պատվիրակությունները մասնակցում են, Ուկրաինայի խիզախությունն են ողջունում և այլն, սա իսկապես տարակույս է առաջացնում: Եվ հարցը բոլորովին Ուկրաինան չէ, այլ հարցը, ինչպես նշեցի, հետևյալն է՝ այդ ամենում Հայաստանի առարկայական խնդիրներն ու նպատակները ի՞նչ ներկայացվածություն ունեն, և ի՞նչ արդյունավետ են դրանք սպասարկվում», - նշեց Հակոբ Բադալյանը:

Իշխանական պատգամավորն Ուկրաինայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է Հայաստանի անվտանգային մարտահրավերները, արտաքին առաջնահերթությունները: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև առաջին փոխնախագահ Օլեքսանդր Կորնիենկոյին: Հանդիպումներ եղել են Ուկրաինայի վարչապետի ու արտգործնախարարի տեղակալի հետ, այցելել են Բուչա՝ պատերազմի հետևանքներին ծանոթանալու ու զոհերի հիշատակը հարգելու համար: Ուկրաինայի նախագահի հետ հանդիպում չի եղել:

Պատերազմի ընթացքում Հայաստանից եզակի պաշտոնական այցեր են եղել Կիև: 2023-ին Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի հրավերով վարչապետ Փաշինյանի տիկինն էր մեկնել Կիև: Անցած տարի էլ Երևանի Նոր Նորք համայնքի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն էր Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի ուղեկցությամբ Բուչա մեկնել, մարդասիրական օգնություն տարել: Վարչապետ Փաշինյանը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպել է երրորդ երկրում՝ 2023-ին Գրանադայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի պետությունների և կառավարությունները ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG