Պենտագոնը հայտարարել է, թե Ռուսաստանն առնվազն 10 հազար հյուսիսկորեացի զինվոր է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանակից Կուրսկի մարզում։ Պենտագոնի խոսնակ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը, միաժամանակ, նշել է՝ իրենք տեղեկություն չունեն՝ արդյոք այդ զինվորներն արդեն ներգրավվե՞լ են ռազմական գործողություններում, թե՞ ոչ:
Բրիտանական Financial Times-ը, սակայն, հղում անելով ուկրաինական հետախուզությանը, գրել է, թե ուկրաինական բանակն արդեն իսկ առճակատման մեջ է մտել հյուսիսկորեացիների հետ։
Պաշտոնյաները մանրամասներ չեն հայտնել, միայն նշել են, որ դա տեղի է ունեցել Ռուսաստանի տարածքում՝ Կուրսկում, որտեղ օգոստոսից մի շարք բնակավայրեր գտնվում են ուկրաինական ուժերի վերահսկողության տակ։ Այս մասին նախօրեին նաև Ուկրաինայի նախագահն է հայտարարել՝ դժգոհելով դաշնակիցներից թույլ արձագանքի համար:
«Մենք տեսնում ենք հյուսիսկորեացիների աճը մեր սահմանին, բայց, ցավոք, չենք տեսնում մեր գործընկերների արձագանքը»,-հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:
Ավելի վաղ Զելենսկին պնդել էր՝ այս քայլով Պուտինն Արևմուտքի համբերությունն է փորձում, և եթե համարժեք պատասխան չստանա, կավելացնի դրսից բերվող զինվորների թիվը՝ Ուկրաինայի հանդեպ ճնշումը մեծացնելու համար։ «Այսօր եղած արձագանքը զրո է, ոչնչի հավասար», - դժգոհել էր նա։
The New York Times-ն, իր հերթին, հղում անելով Բայդենի վարչակազմի իր աղբյուրներին, հաղորդում է, թե ամերիկյան կողմն այս հարցով շփումների մեջ է Չինաստանի հետ՝ չնայած երկկողմ տարաձայնություններին։
Ըստ ամերիկյան պարբերականի՝ Պեկինում ևս անհանգստացած են Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի միջև արագորեն խորացող կապերով, ինչը Չինաստանին կարող է զրկել Փհենյանի վրա ունեցած ազդեցությունից։
Մոսկվան առայժմ թեմային զուսպ է արձագանքում։ Կրեմլի խոսնակն այսօր էլ չի հերքել, բայց և չի հաստատել Փհենյանից զինվորներ բերելու մասին լուրերը։
«Ես այդ մասին ոչինչ չեմ ասի, քանի որ ամերիկացի պաշտոնյաները, որոնք հայտարարում են այդ թվերը, միաժամանակ ավելացնում են, որ այս պահին ամերիկյան կողմը վերջնական հաստատում չունի։ Սրանք մեր բառերը չեն, սրանք ամերիկացի պաշտոնյաների բառերն են», - այսօր ասել է Դմիտրի Պեսկովը։
Նախագահ Պուտինն էլ մինչ այդ վկայաբերել էր Փհենյանի հետ կնքված ռազմական դաշինքը, ըստ որի՝ կողմերից որևէ մեկի դեմ ագրեսիայի դեպքում մյուսը պետք է օգնության հասնի։
«Մենք կօգնենք Ռուսաստանին, քանի դեռ Մոսկվան չի հասել հաղթանակի Ուկրաինայի դեմ պատերազմում», - օրեր առաջ հայտարարել էր Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը։ Երեկ նրան Կրեմլում Պուտինն է ընդունել՝ ևս մեկ անգամ ցույց տալով Ռուսաստանի խորացող համագործակցությունը արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող այդ երկրի հետ։
Զուգահեռ, Կրեմլը սաստկացնում է հարձակումները խաղաղ բնակավայրերի դեմ, երեկ թիրախում է եղել Զապորոժիեն, զոհվել է 6 մարդ, 23-ը` վիրավորվել։ Հիմնական մարտերը Դոնեցկի մարզում են, որտեղ ռուսները փորձում են շրջապատել ուկրաինական բանակի համար կարևոր լոգիստիկ նշանակություն ունեցող Կուրախովո քաղաքը, որտեղ պատերազմից առաջ բնակվում էր շուրջ 20 հազար մարդ Այս պահին ռուսները գրոհում են քաղաքը երեք կողմերից՝ արևելքից, հյուսիսից և հարավից։ Ըստ ուկրաինական աղբյուրների՝ վերջին ժամերին ռուսներին հաջողվել է ևս մի քանի փոքր բնակավայր գրավել այդ ուղղությամբ:
Կուրախովոյի հնարավոր անկումը կարող է էապես բարդացնել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը Դոնեցկի հարավում, ինչպես նաև Պոկրովսկի շրջանում՝ մերկացնելով Պոկրովսկի հարավային թևը։
Օգոստոսի սկզբից՝ ընդամենը երեք ամսում, ռուսական զորքն Ուկրաինայի տարածքից շուրջ 1100 քառակուսի կիլոմետր է օկուպացրել։