Մատչելիության հղումներ

Օլիգարխներից մինչև կարտելներ. ԱՄՆ-ը վերափոխում է իրավապահ համակարգի առաջնահերթությունները


Միացյալ Նահանգների նոր գլխավոր դատախազ Փեմ Բոնդի
Միացյալ Նահանգների նոր գլխավոր դատախազ Փեմ Բոնդի

ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդիի՝ իր նոր պաշտոնին անցնելու առաջին իսկ օրը կայացրած որոշումը ռուս օլիգարխների ունեցվածքի բռնագրավման հարցով զբաղվող հատուկ ստորաբաժանումը փակելու մասին արտացոլում է Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի օրոք միջազգային իրավապահ համակարգի առաջնահերթությունների կտրուկ փոփոխությունը:

Նախորդ՝ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը թմբկահարում էր KleptoCapture կոչվող ստորաբաժանման ստեղծումը, որակելով այն որպես նշանակալի հաջողություն: Մեկ տարի առաջ Արդարադատության դեպարտամենտը, որն այժմ ղեկավարում է Բոնդին, հայտարարեց, որ աշխատանքային այդ խմբին հաջողվել է վճիռներ ստանալ ռուսների հետ աշխատող կազմակերպություններից մոտ 700 միլիոն դոլարի ակտիվներ առգրավելու համար, ավելի քան 70 անձի մեղադրանք առաջադրել Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների և արտահանման հսկողության կանոնների խախտման համար:

Աշխատանքային խումբը ստեղծվել էր 2022 թվականին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո։

Դրա առաջին հաջողություններից մեկը դարձավ Ռոման Աբրամովիչին պատկանող երկու ինքնաթիռների առգրավման հրամանը։ Այդ ժամանակ Բայդենի վարչակազմը փորձում էր ուղերձ հղել, որ գնալու է Կրեմլի հետ կապեր ունեցող ռուս միլիարդատերերի հետևից:

Հետո էլ հաղորդումներ եղան այլ օլիգարխներից բռնագրավված զբոսանավերի մասին։ Նրանցից մեկը Վիկտոր Վեկսելբերգն էր, ով իր 7.9 միլիարդ դոլար գնահատվող հարստությունը կուտակել է նավթի և մետաղների առևտրի շնորհիվ:

Այժմ նոր վարչակազմի կողմից նշանակված ԱՄՆ գլխավոր դատախազ Բոնդին հայտարարում է «մտածողության և մոտեցման հիմնարար փոփոխության մասին», մանրամասնելով՝ օլիգարխների ակտիվների առգրավմանը և պատժամիջոցների կիրառմանը հատկացվող միջոցներն այսուհետ կօգտագործվեն «կարտելների և անդրազգային հանցավոր կազմակերպությունների ամբողջական վերացման համար»։

Ռուսաստանցի միլիարդատեր Վիկտոր Վեկսելբերգի զբոսանավն ԱՄՆ պատժամիջոցների տակ ընկավ 2022 թվականին
Ռուսաստանցի միլիարդատեր Վիկտոր Վեկսելբերգի զբոսանավն ԱՄՆ պատժամիջոցների տակ ընկավ 2022 թվականին

Արդյոք այս որոշումից հետո ռուս մեծահարուստները պետք է շամպայն բացեն: Հնարավոր է, որ ոչ։

Բոնդին չի ասել, որ KleptoCapture-ի կողմից արդեն սկսված գործերը կդադարեցվեն: Հավանաբար, դրանք դեռ կշարունակվեն, պարզապես այդ գործերով զբաղվող հատուկ ստորաբաժանում այլևս չի լինի: Միաժամանակ, չի բացառվում, որ նոր գործեր դեռ կհարուցվեն։

«Արդյոք մենք կտեսնենք, որ պատժամիջոցների ցանկում հայտնված ռուս օլիգարխների հարստությունը սկսելու է հեղեղել Միացյալ Նահանգները: Չեմ կարծում», - ասել է KleptoCapture-ի առաջին ղեկավար Էնդրյու Ադամսը, ով այժմ աշխատում է Վաշինգտոնում գործող Steptoe իրավաբանական ընկերությունում: Միաժամանակ, նա չի բացառել, որ «կտեսնենք Ռուսաստանի հետ աշխատող միջնորդների դեմ մեղադրանքների տեմպի կտրուկ անկում»:

Այդուհանդերձ, այդ քայլը ցույց է տալիս առաջնահերթությունների փոփոխություն՝ կենտրոնանալով թմրակարտելների դեմ պայքարի վրա: Սա թերևս զարմանալի չէ, քանի որ այդ հարցը մեծ տեղ է զբաղեցրել նախագահ Թրամփի նախընտրական քարոզարշավում: Թրամփը գործադիր հրամանագիր է արձակել՝ կարտելներն ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու վերաբերյալ։

KleptoCapture-ը միակ ծրագիրը չէ, որ դադարեցվել է:

Գլխավոր դատախազ Բոնդին նաև վերջ դրեց Արտաքին ազդեցության աշխատանքային խմբի գործունեությանը։ Այդ կառույցը ստեղծվել էր Թրամփի առաջին վարչակազմի օրոք՝ պայքարելու ժողովրդավարությունը խարխլող և տարաձայնություններ սերմանող ապատեղեկատվական արշավների դեմ։

Կասեցվել է նաև «Կլեպտոկրատիայի ակտիվների առգրավման նախաձեռնությունը», որը ստեղծվել է 2010 թվականին՝ բռնագանձելու ակտիվները, որոնք պատկանում են այն օտարերկրյա պաշտոնյաներին, որոնք համարվում են կոռումպացված կամ շահագործում են իրենց երկրի հարստությունը:

Այդ ծրագրի շրջանակներում արձանագրվել են աղմկահարույց ակտիվների առգրավման մի քանի դեպքեր, այդ թվում՝ Ուզբեկստանի հանգուցյալ նախագահի ավագ դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի դեմ 850 միլիոն դոլարի գործը: Քարիմովան այժմ գտնվում է Ուզբեկստանի բանտում և մեղադրվում է Նիդերլանդական հեռահաղորդակցության մի ընկերությունից կաշառք ստանալու մեջ՝ Ուզբեկստանի շուկա մուտքն ապահովելու համար:

Transparency International հակակոռուպցիոն կազմակերպության Միացյալ Նահանգների գրասենյակի գործադիր տնօրեն Գարի Կալմանն ասել է, որ «KleptoCapture աշխատանքային խմբի և «Կլեպտոկրատիայի ակտիվների առգրավման նախաձեռնության» վերացումը զգալիորեն կնվազեցնի Միացյալ Նահանգների կարողությունը՝ դիմակայելու անդրազգային կոռուպցիային, որը շարունակում է սպառնալ ԱՄՆ-ի հիմնական շահերին»: «Այն թողնում է աշխարհով մեկ կոռուպցիայի զոհերին թերի արդարադատությամբ», - հավելել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG