Մատչելիության հղումներ

«Թվաց, թե երկրաշարժ էր». ըստ Սիրիայի՝ Իսրայելը հրթիռակոծել է Հալեպի արվարձանը


Սիրիա, արխիվ
Սիրիա, արխիվ

Ցնցումները զգացվել են Հալեպի հայկական թաղամասում

Ըստ սիրիական աղբյուրների՝ Իսրայելը գիշերը հրթիռակոծել է Հալեպի արևելյան արվարձանը։ Ցնցումները զգացվել են Հալեպի հայկական թաղամասում, թվաց՝ երկրաշարժ է, «Ազատությանը» պատմեց տեղի «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը:

«Նույնիսկ երկրաշարժին մոտ ցնցումներ էին։ Տեղական լրատվամիջոցներն անմիջապես հաղորդեցին, որ Իսրայելը հրթիռակոծել է Հալեպի արևելյան արվարձան Սֆիրեի շրջանի զինապահեստի գործարանը և զինվորական գիտահետազոտական կենտրոնը», - նշեց նա:

Իսրայելը դեռ չի անդրադարձել այս հարվածներին:

Պողիկյանն ասաց, որ կորուստների, վնասների մասին հստակ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։

Ինչ են զրուցել Սիրիայի դե ֆակտո ղեկավարն ու տեղի քրիստոնյաների հոգևոր առաջնորդները

Չնայած անորոշությանը, տնտեսական ծանր իրավիճակին ու ռազմական հարվածներին, Սիրիայում մարդիկ փորձում են վերականգնել բնականոն կյանքը: Հալեպաբնակ խմբագիրը պատմեց, որ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո իշխանության եկած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) խմբավորման առաջնորդ Ահմեդ ալ- Շարաան (Մոհամադ ալ-Ջուլանի) Ամանորի գիշերը հյուրընկալել է Սիրիայում բնակվող քրիստոնյաների հոգևոր առաջնորդներին:

«Երկու հայ առաջնորդներն էլ ներկա են եղել։ Ասել է, որ քրիստոնյա համայնքների ներկայությունը՝ որպես իրենց առաքելություն շարունակեն, ապագայում կայանալիք համաժողովին բոլոր համայնքները մասնակցեն։ Այս ուղղությամբ է զրույցն ընթացել», - փոխանցեց Զարմիկ Պողիկյանը:

«Զգուշավոր լավատեսություն է»

Այս Ամանորի գիշերը տարբերվում էր նախորդներից. փողոցներում եռուզեռ չկար, ամեն ինչ փակ էր: Պատմեց, որ Նոր տարին մարդիկ դիմավորեցին տներում, անվտանգության ու ոստիկանական կառույցները վերջնական իրենց հունի մեջ չեն մտել, և թաղամասերի երիտասարդները, այդ թվում՝ հայերը, անվտանգության պատասխանատուների հետ հսկողություն են իրականացնում, շրջում քաղաքով, որ գողություններ, անախորժություններ տեղի չունենան: Սրանով հանդերձ հայկական համայնքում Ամանորը ուրախ է անցել, նրանք հավաքվել են եկեղեցում. - «Տոնական մթնոլորտ էր»։

Հալեպահայ խմբագրի խոսքով՝ ճիշտ է՝ վախերը փարատված են մասամբ, բայց մարդիկ դեռ զգուշավոր են. - «Զգուշավոր լավատեսություն է, որովհետև խառը վիճակ է, համաշխարհային տարբեր ուժեր ազդեցություններ են ցուցաբերում, բայց հանգիստ ենք առայժմ, անմիջական վտանգ չկա, և իշխանությունները հարաբերության մեջ են թե քրիստոնյա, տարբեր համայնքների հետ և ջանում են դրական մթնոլորտ ստեղծել, այսինքն՝ վտանգ չեն սպառնում, ընդհակառակը՝ ջանում են հանդիպումներով հանգստացնել, որ ձեր բնականոն կյանքը շարունակեք»։

Պողիկյանն ասաց՝ ամանորյա սեղանները աղքատիկ չեն եղել, ամեն ինչ էլ կարողացել են գնել, ավելին՝ վերջին շրջանում սննդամթերքի գներն իջել են, բայց դեռ փորձում են խնայել, շռայլություններ իրենց թույլ չեն տալիս՝ չգիտեն, թե տնտեսությունը երբ կսկսի զարգանալ, աշխատատեղերը դեռ ամբողջությամբ վերականգնված չեն:

XS
SM
MD
LG