Մատչելիության հղումներ

Turkish Airlines-ը հայտարարել է՝ կանոնավոր ուղիղ թռիչքներ է սկսելու դեպի Երևան


Թուրքիայի խոշորագույն՝ Turkish Airlines ազգային ավիափոխադրողը հայտարարել է, որ կանոնավոր ուղիղ թռիչքներ է սկսելու դեպի Երևան:

Ավիաընկերությունը մանրամասներ չի հաղորդել՝ նշելով միայն, որ թռիչքները կիրականացվեն կախված հնարավորություններից և շուկայի պայմաններից։

Bloomberg-ն էլ իր հերթին գրում է, որ Անկարայում այս որոշումը կայացրել են մի շրջանում, երբ ակտիվացել են ջանքերը հարևան երկրի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ՝ տասնամյակների թշնամանքից հետո։

Ամերիկյան պարբերականն ընդգծում է, որ Երևանն ու Անկարան նոր թափ են հաղորդել հարաբերությունների բարելավմանը՝ հիմնվելով ԱՄՆ-ի միջնորդությամբ իրականություն դարձած խաղաղության համաձայնագրի վրա, որը կնքվել է Հայաստանի և Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի միջև։

Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո՝ Երևան այցելեց Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: Բանակցությունների արդյունքներով հայտարարվել էր նաև, որ կողմերը համաձայնել են իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ 2026-ի ամռանից տարբեր ուղղություններով թռիչքներ սկսելու համար:

Միաժամանակ, բանակցություններից հետո թուրքական կողմն ընդգծել էր, որ հարաբերությունները կկարգավորեն, երբ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական ստորագրեն նախաստորագրված խաղաղության պայմանագիրը: Անկարան ակնկալում է, որ դա տեղի կունենա հաջորդ տարվա առաջին կեսին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» համաժողովում խոսել էր առաջիկայում Թուրքիայի հետ սահմանը բացելու հնարավորության մասին. «Թուրքիայի հետ մեր ակտիվ երկխոսությունը վստահություն է տալիս, որ մենք առաջիկայում կունենանք նաև ցամաքային տրանսպորտային հաղորդակցություն Թուրքիայի, այսպիսով նաև՝ Եվրոպական միության հետ»:

Հայկական Flyone Armenia ընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Թուրքիա, այժմ գործում են միայն թուրքական Pegasus ընկերության Երևան-Ստամբուլ թռիչքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG