Թուրքիայի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ պարզել է Սուրուչում պայթյունն իրականացրած կասկածյալի ինքնությունը և երկրի ներսում ու դրսում նրա կապերի բացահայտման գործողություններ է ձեռնարկում: Կառավարությունը Սիրիայի սահմանին տեղի ունեցած այս գրոհը ներկայացնում է իբրև «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Թուրքիայում իրականացված առաջին գործողություն:
Թուրքիայի ընդդիմադիր կազմակերպությունների ղեկավարները դատապարտել են կառավարող կուսակցությանը սահմանի պաշտպանության ձախողման և նման սպառնալիքների նկատմամբ ոչ լուրջ մոտեցման համար:
Ստամբուլում երկուշաբթի օրը հազարավոր մարդկանց մասնակցությամբ բողոքի ցույցերին ոստիկանները պատասխանեցին ջրցան մեքենաներով ու ռետինե գնդակների կիրառմամբ:
Ըստ նախկին դեսպան Մուրաթ Բիլհանի՝ Թուրքիայի արևմտյան դաշնակիցներից շատերը կիսում են սահմանի և ջիհադական խմբերի նկատմամբ կառավարության կեցվածքի շուրջ մտահոգությունները. - «Փաստ է, որ «Իսլամական պետություն»-ը Սիրիայում օգտագործում էր Թուրքիայի տարածքը իբրև միջանցիկ ուղի, ու չնայած նախկին անտարբերությանը՝ Թուրքիան հասկացավ, որ «Իսլամական պետություն»-ը սպառնալիք է նաև իր համար»:
Ըստ վերլուծաբանների՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ Թուրքիայի կառավարության կողմից վերջերս իրականացված գործողությունները, որոնք ավարտվեցին մի քանի տասնյակ մարդկանց ձերբակալությամբ, դրդիչ պատճառ հանդիսացան նման ռմբահարման համար:
Ըստ թուրքական հետախուզական ծառայությունների, «Իսլամական պետության» հատուկ պատրաստված մի խումբ է անցել դեպի Թուրքիա: Եվ այժմ Թուրքիան պատրաստվում է դիմակայել նոր հարվածների: