Հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց մի քանի ժամ անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք հրամանագրեր ստորագրեց՝ իր նախընտրական խոստումների համաձայն, այդ թվում՝ դադարեցնելով կարգը, որով Միացյալ Նահանգներում ծնվածներն ինքնաբերաբար ստանում էին Ամերիկայի քաղաքացիություն:
Թրամփի հրամանագիրը, որն ուժի մեջ կմտնի փետրվարի 19-ից, վերաբերում է Միացյալ Նահանգներում ծնված այն երեխաներին, ում ծնողները ոչ ԱՄՆ քաղաքացի են, ոչ էլ օրինական մշտական բնակիչ:
Սա ներգաղթի դեմ ուղղված լայնածավալ ծրագրի մի մասն է, որի մասին Թրամփը հայտարարեց պաշտոնավարման առաջին օրը:
Իրավապաշտպան մի քանի խմբեր արդեն իսկ հայց են ներկայացրել դաշնային դատարան, որ թույլ չտան հրամանագիրն ուժի մեջ մտնի։ Նրանք նախագահի որոշումը համարում են դաժան և հակաբարոյական, պնդելով, որ այն հակասում է երկրի արժեքներին:
Դատարան են դիմել նաև 22 նահանգները, որտեղ իշխում են դեմոկրատները, ինչպես նաև Կոլումբիայի շրջանը և Սան Ֆրանցիսկո քաղաքը:
«Գործը կարող է ի վերջո հասնել Գերագույն դատարան, որը թեքվել է դեպի աջ, երբ Թրամփն իր առաջին ժամկետի ընթացքում ինը դատավորից բաղկացած դատարանի երեք դատավոր նշանակեց»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է իրավագիտության պրոֆեսոր, ներգաղթյալների հարցերով խորհրդատվության գրասենյակի տնօրեն Ջեյեշ Ռաթոդը:
Ստրուկների պատմություն
ԱՄՆ Սահմանադրության 14-րդ ուղղումը, որն ընդունվել է 1868 թվականին՝ ստրկության վերացումից երեք տարի անց, հայտարարում է, որ «բոլոր այն անձինք, ովքեր ծնվել են Միացյալ Նահանգներում, ԱՄՆ քաղաքացիներ են»։ Այդ փոփոխությամբ չեղարկվել էր Գերագույն դատարանի 1857 թվականի որոշումը, ըստ որի աֆրոամերիկացիներն ԱՄՆ քաղաքացի չեն իրենց ռասայական պատկանելիության պատճառով, ուստի չունեն ազատություններ և իրավունքներ, այդ թվում՝ քվեարկելու իրավունք:
14-րդ ուղղման ներկայիս մեկնաբանությունը, ըստ որի քաղաքացիությունը շնորհվում է ԱՄՆ-ում ծնված յուրաքանչյուր երեխայի՝ բացառությամբ դիվանագետների զավակների, բխում է 1898 թվականին Վոնգ Կիմ Արկի հայցից, ով ծնվել էր Սան Ֆրանցիսկոյում՝ օրինական բնակության իրավունք ունեցող չինացի ներգաղթյալների ընտանիքում: Չինաստան կատարած ուղևորությունից հետո Արկին արգելել էին Միացյալ Նահանգներ մտնել՝ պատճառաբանելով, որ նա երկրի քաղաքացի չէ: Արկը դատարան էր դիմել՝ հղում անելով 14-րդ ուղղմանը, ինչի հիման վրա էլ Գերագույն դատարանը բավարարել էր հայցը՝ ստեղծելով նախադեպ:
Միաժամանակ, նշվում է, որ այդ օրենքը չարաշահվել է հատկապես անկայուն կամ ռեպրեսիվ օտարերկրյա երկրների հարուստ քաղաքացիների կողմից, ովքեր իրենց կանանց ծննդաբերությունից առաջ ուղարկում են Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզաներով՝ երեխայի համար ԱՄՆ քաղաքացիություն ստանալու նպատակով: Մարտավարությունն այնքան տարածված է, որ այն կոչում են «ծննդյան զբոսաշրջություն»: Ներգաղթի ուսումնասիրությունների կենտրոններից մեկը հաշվարկել է, որ 2016-2017 թվականներին 12 ամսվա ընթացքում ԱՄՆ-ում 33 հազար երեխա է ծնվել օտարերկրյա կանանցից, ովքեր երկրում էին այդ նույն՝ զբոսաշրջային վիզաներով: Երեխայի անձնագիրը ստանալուց հետո այդ մայրերը սովորաբար հեռացել են Միացյալ Նահանգներից՝ երեխաներին տանը մեծացնելու համար։
2019 թվականի հունվարին՝ Թրամփի առաջին պաշտոնավարման ժամանակ, ԱՄՆ դատախազներն առաջին անգամ մեղադրանքներ են ներկայացրել «ծննդյան զբոսաշրջության» բիզնեսով զբաղվող 19 անձանց դեմ, որոնք Չինաստանի քաղաքացիներից տասնյակ հազարավոր դոլարներ էին գանձել՝ Կալիֆորնիայում ծննդաբերությունը կազմակերպելու համար։
Նույն թվականին Asociated Press-ը հայտնել է, որ հարյուրավոր հղի ռուս կանայք ամեն տարի գալիս են Ֆլորիդա՝ ծննդաբերելու:
Այս ճանապարհով անցնող ծնողները, իրենց հերթին, հետագայում կարող են ստանալ ԱՄՆ քաղաքացիություն, երբ նրանց երեխաները չափահաս դառնան: ԱՄՆ անձնագիրը շատերի համար է բաղձալի՝ երկրի առաջարկած հնարավորությունների, ինչպես նաև օրենքի գերակայության պատճառով: Բացի այդ, ԱՄՆ անձնագիր ունեցողները կարող են աջակցություն ստանալ տեղական ԱՄՆ դեսպանատնից, եթե նրանց ձերբակալեն, կամ եթե իրենց բնակության երկրում լինի ճգնաժամ, նրանց կարող են տարհանել:
Թրամփը, ով հակամիգրացիոն քաղաքականությունը դարձրեց իր նախընտրական քարոզարշավի անկյունաքարը, դեմ էր այս օրենքին դեռ իր նախագահության առաջին ժամկետում, սակայն իրավական քայլեր այն ժամանակ չձեռնարկեց: Հիմա, սակայն, ըստ փորձագետներիմ, նա հաստատակամ է այս հարցում։
Թրամփի վարչակազմը, մասնավորապես, կենտրոնանում է օրենքի բովանդակության մեջ առկա վեց բառերի վրա, որոնք, ըստ նրա, բացառում են քաղաքացիության շնորհումը այն երեխաներին, ում ծնողները ոչ ԱՄՆ օրինական բնակիչ են, ոչ էլ՝ քաղաքացի: «14-րդ ուղղումը միշտ բացառել է ծննդյան իրավունքով քաղաքացիությունը այն անձանց համար, ովքեր ծնվել են Միացյալ Նահանգներում, բայց «ենթակա չեն նրա իրավասությանը», - ասված է Թրամփի վարչակազմի հունվարի 20-ի հայտարարության մեջ:
Թրամփի գործադիր հրամանագիրը նաև մերժում է քաղաքացիությունը այն երեխաներին, որոնց մայրերը ծննդաբերության ժամանակ Միացյալ Նահանգներում եղել են օրինական հիմունքներով՝ տուրիստական, աշխատանքային կամ ուսումնական վիզայով, իսկ հայրը ոչ ԱՄՆ քաղաքացի է, ոչ էլ օրինական մշտական բնակիչ:
Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միությունը և ներգաղթյալների իրավունքների պաշտպանության այլ խմբեր անմիջապես հայց են ներկայացրել դատարան՝ դատապարտելով հրամանագիրը որպես հակասահմանադրական և անմարդկային:
«Ծննդյան իրավունքով քաղաքացիությունը երաշխավորված է մեր Սահմանադրությամբ և բացարձակապես առանցքային է այն ամենի համար, ինչի օգտին հանդես է գալիս Ամերիկան», - հայտարարել է Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միության Ներգաղթյալների իրավունքների նախագծի փոխտնօրեն և այս գործով առաջատար փաստաբան Քոդի Վոֆսին, հավելելով՝ «Թրամփի հրամանագիրն անօրինական է, խորապես դաժան և հակասում է մեր արժեքներին»:
Իրենց համատեղ հայտարարության մեջ ներգաղթյալների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերը նախազգուշացրել են, որ Թրամփի հրամանագիրը վտանգում է նորածինների կյանքը և Միացյալ Նահանգներում մարդկանց մշտական ենթադաս ստեղծում: Այս դեպքում, ըստ վերլուծաբանների, ԱՄՆ-ում ծնված երեխաներին կարող են զրկել հիմնական առողջապահական ծառայություններից, նրանք չեն կարողանալու նաև ստանալ պետական նույնականացման քարտեր և կզրկվեն ընտրելու իրավունքից՝ ի թիվս այլ խնդիրների:
Առաջին անգամ Սպիտակ տան կողմից
Թեև օրենսդիրները նախկինում պարբերաբար օրինագծեր էին ներկայացնում ծննդյան պահին համընդհանուր քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ, ըստ Ռաթոդի, Թրամփի հրամանագիրը կարող է լինել առաջինը Սպիտակ տան կողմից: Ընդ որում, դա արվում է ներգաղթի դեմ հանրային հակազդեցության և Գերագույն դատարանի ներսում դեպի աջ շարժման ֆոնին։ «Վարչակազմը կարծում է, որ հիմա հնարավորություն ունի փոխել օրենքը», - ասել է նա: