Մատչելիության հղումներ

Ցխինվալին ազատ է արձակել սահմանին ձերբակալված Վրաստանի քաղաքացուն

Ցխինվալին ազատ է արձակել Վրաստանի քաղաքացի Զուրաբ Գաչեչիլաձեին, ում մեղադրում էին ապրիլի 2-ին սահմանն ապօրինի հատելու մեջ:

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Վրաստանի քաղաքացին գտնվում է իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում:

Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ քաղաքացուն ապօրինի կալանավորումից ազատելու գործընթացում ակտիվորեն օգտագործվել է Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության անմիջական մասնակցությամբ «թեժ գծի» մեխանիզմը:

«Կենտրոնական իշխանությունները և Պետական անվտանգության ծառայությունը շարունակում են ակտիվ աշխատանքը գրավյալ տարածքներում անօրինական կալանքի տակ գտնվող Վրաստանի բոլոր քաղաքացիների ազատ արձակման ուղղությամբ», - հայտարարել է ծառայությունը:

Մարտի 31-ին գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ Էրգնեթի գյուղում տեղի ունեցած հանդիպման ժամանակ միջադեպերի կանխման և դրանց արձագանքման մեխանիզմի շրջանակներում քննարկվել է Ցխինվալիում գտնվող Վրաստանի 11 քաղաքացիների ազատ արձակման հարցը, սակայն «էական տեղաշարժ» չի արձանագրվել:

XS
SM
MD
LG