Սերբիայի խորհրդարանում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով երեք պատգամավոր է վիրավորվել, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Այս մասին հայտարարել է Սերբիայի Ազգային ժողովի՝ Սկուպշչինայի նախագահ Անա Բրնաբիչը։
Սերբական խորհրդարանում իրադրությունը լարվել է այն բանից հետո, երբ երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականը պահանջող ընդդիմության ներկայացուցիչները խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ լուսաձայնային նռնակներ և ծխարձակող ռումբեր են գործի դրել։ Պետական հեռուստատեսության տվյալներով՝ լուսաձայնային նռնակներից մեկը հարվածել է իշխող Առաջադիմական կուսակցության պատգամավոր Յասմինա Օբրադովիչին, որը կորցրել է գիտակցությունը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ հղիության ութերորդ ամսում գտնվող Օբրադովիչի մոտ հետագայում կաթված է ախտորոշվել։