Ծեծկռտուք, կրակոցներ ու ծանր վիրավոր, շաբաթն առողջարանային Արզնիում խաղաղ չի սկսվել: Ըստ լրատվամիջոցների՝ մասնակիցների թվում են պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանի քեռու որդին, վարչապետ Փաշինյանի օգնականի եղբայրն ու նրա որդիները: Նախօրեին ձերբակալվել էր նաև Արզնիի համայնքապետը: Նա արդեն ազատ է արձակվել, ըստ Քննչական կոմիտեի՝ համայնքապետին այժմ ազատությունից զրկելու հիմքեր չկան:
Աղմկահարույց միջադեպը կիրակի երեկոյան «Ավենյու Արզնի» հյուրատանն է եղել: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ համայնքապետ Ֆելիքս Միրզոևի կազմակերպած խնջույքը վիճաբանության է վերածվել, որն ավարտվել է ծեծկռտուքով ու կրակոցներով: Մեկ անձ հրազենային վնասվածք է ստացել ու ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխվել: Հրապարկված տեսանյութում ու լուսանկարներում երևում են արձակված պարկուճներ, արյան հետքեր, փշրված ապակիներ ու բացօթյա տարածքում կիսատ թողնված խնջույքի սեղան՝ ալկոհոլի կիսադատարկ շշերով:
Դեպքից երկու օր է անցել, հյուրատան տարածքը ոստիկանական ժապավենով առանձնացված է, տեղում դեռ իրավապահներն են հսկողություն իրականացնում, դարպասներից ներս անցնելու հնարավորություն «Ազատությունը» չունեցավ: Շինությունն Արզնիի բնակելի թաղամասերից մի փոքր կտրված է: Արզնիի բնակիչները տեսախցիկների առջև երևալուց խուսափում էին ու պնդում ՝ իրենք ոչ տեսել են, ոչ էլ լսել: Ի՞նչն էր ծեծկռտուքի պատճառը, տեսախցիկի հետևում արզնեցիներից լսած միակ պարզաբանումը շատ կարճ էր՝ խմիչքը:
Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնում են՝ 10 մարդ ձերբակալվել է, նրանց թիվը դեռ կարող է փոխվել: Մի քանի հոդվածներով վարույթ է նախաձեռնվել՝ սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության հատկանիշներով:
Ըստ լրատվամիջոցների՝ ձերբակալվել է նաև ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի քեռու որդին՝ Արզնիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Դավիթ Վանյանը: Մեկնաբանության համար կապվեցինք ՊՎԾ պետի հետ. Ռոմանոս Պետրոսյանը, չհերքելով տեղեկությունն, ասաց՝ ազգականի մասնակցությամբ միջադեպի մասին ինքն էլ է մամուլից իմացել:
Ըստ հրապարակումների՝ վեճին մասնակցել են նաև Նիկոլ Փաշինյանի օգնական, նախկին պատգամավոր Արսեն Միխայլովի եղբայրն ու նրա որդիները: Հրապարակումներից ավելի քան 24 ժամ անց այս տեղեկությունը ոչ ոք չի հերքել:
Արզնին ավելի քան 2000 բնակիչ ունի՝ հիմնականում ասորիներ, անկուսակցական համայնքապետ Ֆելիքս Միրզոևը նույնպես ասորի է: Ձերբակալությունից հետո այսօր նա աշխատավայրում էր, բայց նրա հետ զրուցել չհաջողվեց, պնդեցին, որ զբաղված է:
Հրազենի գործադրմամբ հանցագործությունների մասին հրապարակումները վերջին շրջանում հաճախ են հայտնվում լրահոսում: Գրեթե ամեն ամիս հրազեն են կիրառում նաև Երևանում: Տարվա սկզբին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նույնպես արձանագրել էր՝ նման հանցանքներն աճել են. միայն 2024-ին, պաշտոնական տվյալներով, 109 դեպք է արձանագրվել:
Ոստիկանությունից ավելի վաղ խոստացել էին պարզաբանել, թե հրազենի գործադրմամբ քանի հանցագործություն է կատարվել այս տարվա հունվարից մինչ այսօր, բայց դեռ թիվ չեն հրապարակել:
Ծեծկռտուք, կրակոցներ, վիրավոր՝ Արզնիում. ձերբակալվածների թվում է ավագանու ՔՊ-ական անդամը
