Մատչելիության հղումներ

Ցեղասպանության թանգարանի տնօրենի հրաժարականը՝ առանց բացատրության. աշխատակիցները խոսում են պարտադրանքի մասին

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ցեղասպանության հուշահամալիր այցից մեկ ամիս անց թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հեռանում է՝ առայժմ առանց մեկնաբանությունների։ Նրան փոխարինողի տրամադրությամբ առավոտյան թանգարան է եկել դիվանագետ, վարչապետ Փաշինյանի նախկին օգնական, նրա աշխատակազմի արտաքին կապերի վարչության նախկին պետ Հրաչյա Թաշչյանը։

Նա Գզոյանի աշխատասենյակ էր շտապում, ասաց՝ որպես հյուր:

Թաշչյանի ժամանակավոր նշանակման ու Գզոյանի հեռանալու վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռ չի տրամադրվել։ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցները տեղեկացել են, որ Էդիտա Գզոյանին Կրթության նախարարությունից են ստիպել դիմում գրել՝ հեռանալ։ Օրեր առաջ բոլոր՝ 74 աշխատակիցները դիմել էին վարչապետին՝ հույսով, որ կվերանայվի այս պարտադրանքը։

«Մեր թանգարանի պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ բոլոր աշխատակիցները միասնաբար առանց բացառության նույն հարցով դիմեցին ինչ-որ վերին մարմնի», - ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի խորհրդական Միհրան Մինասյանը:

«Ես շատ լավ հասկանում եմ, որ սա պետական հիմնարկ է, և մեր գլխադասային կազմակերպությունը՝ Կրթության, գիտության նախարարությունը, իրենք լրիվ իրավասություն ունեն տնօրեն էլ փոխել, ամեն ինչ էլ փոխեն։ Բայց ինձ համար ամենամեծ վիրավորանքն այն է, որ մեզ հետ ոչ ոք չի խոսում, մեզ՝ որպես գիտնականներ, գիտնականներ, որ օրուգիշեր այս աշխատանքի մեջ են, ոչ ոք չի հարգել, չի եկել մեզ հետ խոսելու», - հավելեց թանգարան-ինստիտուտի բաժնի ղեկավար Սուրեն Մանուկյանը:

Նա շեշտեց՝ գիտության միջազգայնացման անհրաժեշտության մասին են անընդհատ խոսում, բայց ստիպում հեռանալ բարձր վարկանիշ ունեցող գիտնականին՝ Էդիտա Գզոյանին. «Մենք ավելի շատ սպասում էինք, որ մեր տնօրենին պարգևատրեն իր լավ աշխատանքի համար, այստեղ արդարության հարցն է խնդիրը»:

Հարցին, թե որևէ բացատրություն ներկայացվե՞լ է, պատասխանեց. «Դե մեզ ասում են, որ դա շինարարության հետ կապված խնդիր է, բայց մի տեսակ անլուրջ է»:

Տարակուսում են աշխատակիցները՝ գիտնականներն ի՞նչ կապ ունեն շինարարության հետ։ Նախարարությունը մրցույթ է հայտարարել, ընտրել շինարարին, վերահսկող կա։ Խորհրդական Միհրան Մովսիսյանը ենթադրում է՝ շինարարության պատրվակով, բայց այլ պատճառով են տնօրենին հորդորել դիմում գրել:

Հուշահամալիրի անփույթ շինարարության վերաբերյալ սկանդալը ամռան վերջին պայթեց։ Կրթության նախարարը երբևէ որևէ ակնարկ չի արել, թե տնօրենը պատասխանատու է այդ տեսարանի համար։ Բայց հետաքրքիր մանրամասն կա այստեղ։ Ժաննա Անդրեասյանը կանոնավոր այցելում ու հետևում է շինարարության ընթացքին, այցից լուսանկարներ տարածում։ Դրանցում միշտ տեսնում էինք նաև թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին։ Նրան նախարարի կողքին այլևս չենք տեսնում Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի այցից հետո։

Վենս ամուսիններին հուշահամալիրի տարածքում Գզոյանն էր ուղեկցում։

Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ջարդերի զոհերի հիշատակի խաչքարերի կողքով անցնելիս պատմել է այդ արյունոտ իրադարձությունների, նաև արցախյան պատերազմի մասին։ Հյուրերին փոխանցել է գրքեր Արցախի խնդրի ու Հայոց ցեղասպանության մասին։ Ի դեպ, թանգարան-ինստիտուտի պաշտոնական հաղորդագրության մեջ էլ ոչ թե Լեռնային Ղարաբաղ՝ ինչպես Հայաստանի բարձրաստիճաններն են նախընտրում հնչեցնել, այլ Արցախ է գրված։ Վենսի այցի հետ կապ ունի՞ հրաժարական պարտադրելը, աշխատակիցները միանշանակ չեն պնդի։

Որ ինչ-որ բան դուր չի եկել կառավարական դեմքերին, պարզ է դառնում նաև Վենսի այցին հաջորդած խորհրդարանական հարցուպատասխանից։ Այստեղ վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Վենսի հուշահամալիր կատարած այցի արարողակարգային մասին, խոսքի վերջում մի միտք է նետել. «Տեղի են ունեցել բաներ, որ ավելի ճիշտ կլիներ՝ տեղի չունենային, բայց դա ուրիշ խոսակցության թեմա է»:

Ի՞նչ է եղել, որ չպիտի լիներ՝ պարզ չէ, բայց պարզ է այն, որ Էդիտա Գզոյանի պաշտոնավարման շուրջ քննարկումները սկսվել են Վենսի այցից հետո։ Այս թեմայով մեր հարցերին Կրթության նախարարությունից չեն պատասխանում, ասացին միայն գրավոր հարցման դեպքում։ Հընթացս հիշեցնում են, որ թանգարան-ինստիտուտը կառավարում է հոգաբարձուների խորհուրդը։ Ի դեպ, հոգաբարձուների խորհուրդը գլխավորող ֆրանսահայ ցեղասպանագետ Ռայմոնդ Գևորգյանը նույնպես վայր է դրել լիազորությունները, ըստ թանգարան-ինստիտուտի աշխատակիցների՝ խորհրդի մի քանի անդամներ նույնպես։ Նոր տնօրենին ընտրում է 15 հոգանոց այս խորհուրդը։ Վարչապետ Փաշինյանը մարտի 6-ի որոշմամբ արդեն իսկ համալրել է խորհրդի կազմը նոր անուններով։

XS
SM
MD
LG