Մատչելիության հղումներ

Ծառայողական մեքենաների կրճատումը խոշորացված համայնքներում խնդիրներ կհարուցի


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ծառայողական մեքենաները գրչի հարվածով կրճատելուց առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե կացնային մեթոդի կանցնի։ Ջնջելու տեսանյութի տակ օգտատերերի մեծ մասը վարչապետին քննադատել էր, նախընտրական հնարք համարել, ոմանք էլ թե՝ «ինչո՞ւ ես ավելացրել, որ հիմա էլ կրճատում ես»։ Իսկ «պադավատապետության» մասին ընդդիմադիր Փաշինյանի ելույթները այսօրվա ընդդիմադիրներն են պարբերաբար հիշեցնում նրան։

Կառավարության վերջին նիստում Փաշինյանը զգուշացրեց համայնքապետերին՝ ծառայողական մեքենաներ չկրճատելու դեպքում սուբվենցիոն ծրագրերը կարող են սահմանափակվել այդ համայնքներում։

«Ծառայողական ավտոմեքենաների գծով էն որոշումը, որ մենք կայացրել ենք, էդ որոշումը շարունակում է մնալ ուժի մեջ, և էն սկզբունքը, որ ես առաջադրել եմ, բոլոր համայնքներում պետք է կիրառվի՝ բոլո՛ր համայնքներում առանց բացառության: Իհարկե, էն համայնքները, ովքեր չեն ուզենա կիրառել, դրան համապատասխան հետևանք կհետևի, այսինքն՝ սուբվենցիոն ծրագրերի և այլ ծրագրերի սահմանափակումներ կլինեն: Էդ պարագայում թող համայնքների ղեկավարները իրենց համայնքների բնակիչների հետ պարզաբանեն էդ հարցը, թե որն է ավելի մեծ և կարևոր առաջնահերթություն», - հայտարարեց վարչապետը:

Հայաստանում շուրջ 1000 ծառայողական մեքենա կա, կրճատումների արդյունքում 500-ից մի փոքր ավելի է մնալու։ Շիրակի մարզպետարանն, օրինակ, այս պահին 3 ծառայողական մեքենա ունի, մեկ տարի առաջ 5-ն էր։ 250-ից ավելի աշխատակից ունեցող Գյումրիի համայնքապետարանը 4 մեքենա ունի։ Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանն «Ազատությանը» փոխանցեց՝ միայն մեկ՝ համայնքապետի ծառայողական ավտոմեքենան կմնա, մնացածը կկրճատվի։

Խոշորացված համայնքներում ծառայողական մեքենաների թիվն ավելի մեծ է։ Օրինակ՝ Ախուրյան համայնքում 16 ծառայողական մեքենա կա։ Համայնքապետ Զավեն Մանուկյանն արդեն հայտարարել է, որ նույնիսկ իրեն հասնելիք ծառայողական մեքենայից է հրաժարվում։ Ինչո՞ւ:

«Կառավարության նիստը նայել եմ, ուղերձն եմ տեսել, հետևել եմ ուղերձին՝ ավելի գերակա պահելով հանրային շահը և մեր ազգաբնակչության բարեկեցության համար, եթե միտված է, որ ծառայողական մեքենան խանգարելու է սուբվենցիայի հաստատմանը, համայնքին ինչ-որ միջոցներ տրամադրելուն, գերադասել եմ բնակչի օգտին աշխատանքներ կատարելը», - «Ազատությանն» ասաց Ախուրյանի համայնքապետը:

Իսկ թե ինչու էր այդքան շատ ծառայողական մեքենաների թիվը, Մանուկյանն արդարացավ, թե դրանք ոչ թե նոր են գնել, այլ ժառանգություն են ստացել։

Եթե ծառայողական մեքենաները չկրճատվեն, հարցականի տակ կդրվեն սուբվենցիոն ծրագրերը։ Հաշվարկն այս դեպքում հօգուտ սուբվենցիոն ծրագրերի էր. - «Էս տարի արդեն իրականացվել է մոտ 2 միլիարդի սուբվենցիոն ծրագիր, հաջորդ տարվա համար ունենք ևս 3 միլիարդի ներկայացված: Այսինքն՝ եթե նժարին դնեինք ծառայողական մեքենա, թե սուբվենցիա, միլիարդուկեսի աշխատանքից պետք է հրաժարվեի՞նք մեքենայի համար: Էդ իմ համար անընդունելի է»:

Մեքենաները նախատեսում են աճուրդով օտարել։ Իսկ գյուղից գյուղ ինչպե՞ս են գնալու, եթե ինչ-որ խնդիր առաջ գա. - «Էս պահին հստակ որոշում չունենք, շատ հնարավոր է օգտվենք ինչ-որ կորպորատիվ փաթեթով տաքսիների սպասարկումից: Նայած՝ ով ունի սեփական մեքենա, ով չունի: Հստակ որոշում չկա էդ պահով»:

35 բնակավայր միավորող Ախուրյանի ու գյուղերի միջև մոտ 30 կմ է հեռավորությունը, իսկ ահա Անի համայնքում այն կրկնակի է, ու բացի այդ նաև տրանսպոտային հաղորդակցություն չկա համայնքների միջև։ Անի խոշորացված համայնքը 3 ծառայողական մեքենա ունի։ Անցած տարի համայնքապետի համար ծառայողական մեքենա է գնվել, մինչ այդ, Արման Սարիբեկյանն ասաց, թե իր անձնական մեքենան է շահագործել։ Կրճատել կարող են, բայց այլընտրանքն ավելի թանկ կարող է նստել, ասենք, Անիից Անիպեմզա հասնելու համար:

«Առանց ծառայողական մեքենայի հնարավոր է, իհարկե հնարավոր է կազմակերպել, ու միանշանակ կազմակերպելու ենք, բայց կրկնակի, եռակի ծախսեր կատարելով՝ տաքսու կամ ինչ-որ պատվիրված մեքենայով, որը կրկնակի-եռակի ավելի ծախսատար է լինելու», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Սարիբեկյանը:

2 ԳԱԶ 31 մակնիշի մեքենաները նպատակ ունեն օտարել, փոխարենը մեկ ամենագնաց գնել, որ կարողանան համայնքների միջև կապն ապահովել։

Արթիկի համայնքապետ Անան Ոսկանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ վարչապետի հանձնարարականով իրենք ևս կկրճատեն ծառայողական մեքենաները։ Իսկ Աշոցք ու Ամասիա համայնքների ղեկավարների հետ կապ հաստատել «Ազատություն»-ը չկարողացավ։ Խոշրացված այս 2 համայնքներում ևս գյուղերի միջև հեռավորությունը շատ է, տրանսպորտային հաղորդակցությունն էլ չկա։

Ծառայողական մեքենաները կրճատելու Փաշինյանի որոշումից ընդամենը մի քանի ամիս առաջ Կառավարությունը 1 միլիարդ 38 միլիոն դրամ էր հատկացրել ծառայողական նոր մեքենաների համար։ Քննչական կոմիտեի ղեկավարի նոր մեքենան, օրինակ, 125 հազար դոլար էր արժեցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG