Միխայիլ Գուսմանն ազատվել է Ռուսաստանի պետական ՏԱՍՍ գործակալության փոխտնօրենի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Պաշտոնանկության պատճառների մասին պաշտոնական փաստաթղթում նշված չէ, Գուսմանը նույնպես որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել:
ՏԱՍՍ-ի՝ ծագումով ադրբեջանցի երկարամյա ղեկավարն անցած օրերին Ստեփանակերտում մասնակցում էր Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված մեդիա ֆորումին, որի ընթացքում ելույթ էր ունեցել նաև նախագահ Իլհամ Ալիևը և հարցուպատասխաններից մեկի ընթացքում կոչ արել Ուկրաինային «չհանդուրժել» Ռուսաստանի օկուպացիան, ակնարկելով, որ Կիևը պետք է հետևի Ադրբեջանի օրինակին։
Ադրբեջանի առաջնորդը նույն միջոցառման ընթացքում կոշտ քննադատություն է հնչեցրել նաև Ռուսաստանի իշխանությունների հասցեին՝ վերստին մեղադրելով Մոսկվային անցյալ տարվա դեկտեմբերին ադրբեջանական օդանավի կործանման համար։ Գուսմանը, ֆորումի մասնակցող մեկ այլ ռուսաստանցի ներկայացուցիչ՝ քաղաքագետ Սերգեյ Մարկովը, որևէ կերպ չհակադարձեցին, փոխարենը ռուսաստանյան պետական լրատվամիջոցի ղեկավար պաշտոնյան գովեստի խոսքեր հնչեցրեց Ադրբեջանի առաջնորդի հասցեին՝ վերջինիս համեմատելով «վիրտուոզ ջութակահարի» հետ: