Մինչ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը դեմ առ դեմ հանդիպում են առաջին անգամ վեց տարվա ընթացքում, ահա թե ինչ է պետք իմանալ:
Ինչ է ուզում Պուտինը
Շատ վերլուծաբաններ Թրամփի հետ հանդիպումը ինքնին հաղթանակ են համարում Պուտինի համար, քանի որ այս առաջնորդն իր միջազգային մեկուսացման ավարտին է ձգտում: Այլ կերպ ասած՝ խոսքը ֆոտոշարքի մասին է:
«Ոչ մի արևմտյան առաջնորդ չի հանդիպել Պուտինի հետ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր: Այժմ նա ստացել է գագաթնաժողով Միացյալ Նահանգների նախագահի հետ՝ առանց որևէ զիջման իր կողմից», - հայտարարել է Յանա Կոբզովան, ով Սլովակիայի նախկին նախագահ Զուզանա Կապուտովայի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականն է եղել:
Բացի այդ, Պուտինի նպատակները մեծապես անփոփոխ են մնում պատերազմի սկզբից ի վեր:
«Կրեմլը զգում է, որ հենց այժմ առավելություն ունի մարտի դաշտում, հետևաբար՝ դիվանագիտական ճանապարհով զիջումներ չկորզելու դեպքում կարող է շարունակել առաջխաղացումը մարտի դաշտում», - ասել է Կոբզովան:
Այդ իսկ պատճառով, ակնկալվում է, որ Պուտինը կհրաժարվի ընդունել պահանջվող հրադադարը:
Ինչ է ուզում Թրամփը
Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է օգտագործել գագաթնաժողովը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ հետագա բանակցությունների «սեղան գցելու» համար:
«Կարծում եմ՝ լավ հանդիպում է լինելու, բայց առավել կարևորը լինելու է մեր երկրորդ հանդիպումը: Մենք հանդիպում ենք ունենալու նախագահ Պուտինի, նախագահ Զելենսկու, իմ մասնակցությամբ, և գուցե բերենք եվրոպացի առաջնորդներից ոմանց, գուցե ոչ», - հայտարարել է Թրամփը օգոստոսի 14-ին:
Թրամփը նաև հստակեցել է, որ ցանկանում է հրադադարի հասնել հնարավորինս շուտ՝ որպես տևական կարգավորման ուղղությամբ առաջին քայլ: Բայց որոշ վերլուծաբաններ ասում են, թե Պուտինը կփորձի ջուրը պղտորել՝ առաջարկելով այլ «մրցանակներ»:
Ջիմ Օ՛Բրայենը, ով Բայդենի վարչակազմում ծառայել է որպես ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական գործերով օգնական, հավանական է համարել, որ Պուտինը Թրամփին ֆինանսական խթաններ առաջարկի՝ որպես հրադադարի կոնկրետ մանրամասների շուրջ համաձայնությունից խուսափելու միջոց:
«Կարող են ի հայտ գալ երկկողմ պայմանավորվածություններ՝ հատկապես մի քանի ամերիկյան բիզնեսների համար շահավետ առևտրային գործարքների շուրջ», - ասել է նա:
Իսկ Զելենսկի՞ն
Զելենսկին ուզում է նստել բանակցային սեղանի շուրջ: Ուկրաինայի նախագահը նկատելիորեն դուրս է մղվել բանակցություններից և զգուշացրել է, որ իր բացակայությամբ կայացված որոշումներն իմաստազուրկ կլինեն:
Տարածքային զիջումների թեման Զելենսկին քանիցս հետ է մղել: Թրամփը գագաթնաժողովին ընդառաջ հայտարարել է, որ չի ստիպի Կիևին տարածք հանձնել, բայց նրա առաջարկը, որ Պուտինը և Զելենսկին կարող են «բաժանել» ինչ-որ բաներ, տագնապ է հարուցում Կիևում:
Նման պահանջները ոչ միայն Զելենսկին է դժվար կուլ տալիս, այլև անհավանական դժվար է նրա համար վաճառել ոկրաինական հանրությանը:
Նա կհուսա, որ Թրամփն ու Պուտինը չեն համաձայնի ինչ-որ բանի շուրջ, ինչին ինքը չի կարող համաձայնել՝ Սպիտակ տանը իրեն որպես խաղաղության ճանապարհին խոչընդոտ ցույց տալով:
Ինչպիսի՞ն է իրավիճակը մարտի դաշտում
Ռուսաստանն օկուպացրել է Ուկրաինայի տարածքի շուրջ մեկ հինգերորդը կամ 114 հազար 500 քառակուսի կիլոմետր:
Ճակատային գիծը ձգվում է մոտ 1000 կմ Խարկովի, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերով:
Երկու կողմերը շարունակում են ծանր կորուստներ կրել, սակայն այս ամիս ավելի վաղ Ռուսաստանը սկսեց առանցքային ձեռքբերումներ ունենալ Ուկրաինայի արևելքում մարտի դաշտում՝ առաջանալով մոտ 10 կմ և ուժեր կենտրոնացնելով Տորեցկի ու Պոկրովսկի շուրջ:
Սա մարմնավորում է ռուսական ռազմավարությունը, որը, ինչպես ռազմական վերլուծաբաններն են ասում, ենթադրում է ծանր կորուստներ մարտի դաշտում՝ փոքր, բայց կայուն ձեռքբերումների դիմաց:
Ինչ է սպասվում
Թրամփը ենթադրում է, որ երկրորդ՝ եռակողմ հանդիպում կարող է տեղի ունենալ արագ, և հավանաբար նույնպես Ալյասկայում:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն օգոստոսի 14-ին խոսել է պայմանների մասին, որոնք կպահանջվեն տևական խաղաղության հասնելու համար:
«Կարծում եմ՝ բոլորս ընդունում ենք, որ պետք է խոսակցություն լինի անվտանգության երաշխիքների մասին: Պետք է տեղի ունենա խոսակցություն, գիտեք, տարածքային վեճերի և պահանջների շուրջ, և թե ինչի համար են նրանք կռվում», - հայտարարել է Ռուբիոն:
Ռուսաստանը կշարունակի պնդել, որ անհրաժեշտ է լուծել այն, ինչ Մոսկվան անվանում է հակամարտության «հիմքում ընկած պատճառներ» և ինչով Կրեմլը նկատի ունի ՆԱՏՕ-ին անդամակցության Ուկրաինայի հույսերի վերջն ու ուկրաինական բանակի փաստացի զինաթափման քայլերը:
Կողմերից յուրաքանչյուրի նպատակները բախվում են մյուսի կարմիր գծերին: Խաղաղությունը արագ կամ հեշտությամբ չի գա: