Ամերիկյան դրոշներով շրջապատված՝ Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրեց այն տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների ցանկը, ովքեր շտապել էին այցելել Ֆլորիդայում գտնվող իր Մար-ա-Լագո հանգստավայր՝ հանդիպելու նրա հետ այն բանից հետո, երբ նա հաղթանակ տարավ ընտրություններում։
«Բոլորն ուզում են իմ հետ ընկեր լինել», - ասաց նա լրագրողներին դեկտեմբերին:
Հունվարի 20-ին իր երդմնակալության արարողությանն ընդառաջ Թրամփը ևս հանդիպել է Եվրոպայի դաշնակից պետությունների ղեկավարների հետ, ովքեր հույս ունեին այդ հանդիպումների շնորհիվ դիրքավորել իրենց Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի համար:
Նորմալ երևույթ է, երբ օտարերկրյա առաջնորդները փորձում են Ամերիկայի նախագահի ուշադրությունը գրավել։ Սակայն Թրամփը պատռեց Վաշինգտոնի արտաքին քաղաքականության հին կանոնների գիրքը, և զգացողություն կա, որ այս անգամ խաղադրույքներն ավելի մեծ են: Նոր խաղացողներ կարող են հայտնվել՝ որպես Թրամփի Եվրոպայում ամենամոտ դաշնակիցներ: Բայց նույնիսկ նրանք հնարավոր է պարզեն, որ երբեմն Վաշինգտոնը զանազան շահեր ունի:
Վիկտոր Օրբան
Վիկտոր Օրբանն առաջին եվրոպացի առաջնորդն էր, ով նոյեմբերի 5-ի ընտրություններից հետո այցելեց Թրամփին Ֆլորիդայում։
Հունգարիայի վարչապետը երկար ժամանակ սերտ կապեր է զարգացրել Թրամփի հետ և նաև եղել է առաջին եվրոպացի առաջնորդը, ով հավանություն է տվել նրա 2016 թվականի նախագահական ընտրարշավին: Թրամփի հետ նրա հարաբերությունները հիմնված են գաղափարական մտերմություն և անձնական քիմիայի վրա:
Այլ հարց է, թե արդյոք դա կբերի գործնական արդյունքների։ Թրամփը սպառնացել է խիստ մաքսատուրքեր սահմանել Եվրամիության ապրանքների համար։
Ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերը կարող են վնաս հասցնել Հունգարիայի շահերին, քանի որ այդ երկրում ավտոարտադրողներին բաժին է ընկնում բոլոր արտադրական աշխատատեղերի մոտ 12 տոկոսը: Դրանց թվում են չինական ընկերությունները, որոնք Թրամփի համար քաղաքական խնդիր են ներկայացնում:
Բայց 10 միլիոն բնակչություն ունեցող երկիր ղեկավարող Օրբանի համար հատուկ հարաբերություններ ունենալը աշխարհի ամենահզոր պետության առաջնորդի հետ ակնհայտորեն հեղինակության հարց է, քանի որ տանը նա ստիպված է գործ ունենալ քաղաքական հակահարվածների հետ:
Բուդապեշտում պաշտոնյաները «Ազատություն» ռադիոկայանի հունգարական ծառայությանը հայտնել են, որ ԱՄՆ ընտրություններում հաղթելուց հետո մի շարք հեռախոսազանգերի միջոցով Թրամփը հետաքրքրվում էր Օրբանի տեսակետներով՝ Ուկրաինայում Ռուսաստանի գրեթե երեք տարվա պատերազմին վերջ տալու վերաբերյալ:
Վիկտոր Օրբանը մտերիմ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և փորձել է իրեն ներկայացնել որպես պետական գործիչ, ով կարող է նպաստել խաղաղության գործընթացին։
«Իհարկե, դա չի նշանակում, որ Հունգարիան լուրջ դերակատարություն կստանա Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում», - ասում է քաղաքական վերլուծաբան Բոտոնդ Ֆելեդին՝ հավելելով, - «բայց իմ պատկերացմամբ՝ Վիկտոր Օրբանը ինչ-որ խորհրդանշական ժեստ կստանա։ Ասենք՝ բանակցությունների մի փուլ կկայանա Բուդապեշտում»։
Ջորջիա Մելոնի
Հունվարին Ֆլորիդայում Թրամփին այցելեց նաև Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին:
Եթե Թրամփին այցելելու մրցավազք լիներ, նա կարող էր երկրորդ տեղը զբաղեցնել։ Սակայն նա գուցե ավելի ազդեցիկ գործընկեր կլինի, քան Օրբանը: Մինչ հունգարացի առաջնորդը մեծապես մեկուսացված է Եվրամիությունում, Մելոնին լայն հարաբերություններ ունի այդ կառույցում:
Իրականում 27 անդամ ունեցող Եվրամիությունում շատերը հույս ունեն, որ հենց ինքը կարող է լինել մեկը, ով Թրամփի ականջին բան կշշնջա՝ փոփոխելով ԱՄՆ նախագահի վերաբերմունքը առանցքային հարցերի շուրջ: Ուկրաինան այդ հարցերից մեկն է, քանի որ Մելոնին հանդես է եկել որպես Կիևի հավատարիմ ջատագով: Մեկ այլ առանցքային հարց վերաբերում է սակագների։
Օրբանի նման նա ևս մտերիմ է Թրամփի հետ գաղափարապես՝ կիսելով նրա կոշտ հակամիգրացիոն դիրքորոշումը: Թրամփը նրան անվանել է «ֆանտաստիկ կին», ով «գրավեց Եվրոպան»։
Սակայն, ի տարբերություն Հունգարիայի, Իտալիան հետ է մնում ՆԱՏՕ-ի սահմանած ՀՆԱ-ի 2 տոկոս պաշտպանական ծախսերի նպատակից՝ 2024 թվականին, ըստ տարբեր գնահատականների, պաշտպանական ոլորտի վրա ծախսելով իր ՀՆԱ-ի ընդամենը 1,49 տոկոսը։
Եթե նրան հաջողվի համոզել Դոնալդ Թրամփին շարունակել աջակցել Ուկրաինային, Թրամփը կարող է պահանջել, որ Իտալիան ավելի շատ ծախսի պաշտպանական ոլորտի վրա։
«Իտալիան այն երկրներից է, որը մեծ օգուտ է քաղել Եվրոպայի, այսպես ասած, ամերիկյան հովանոցից», - ասում է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Օլիվյե Կոստան:
Կոստան նաև մատնանշում է ԱՄՆ-ի հնարավոր մաքսատուրքերը որպես հարց, որտեղ շահերը կարող են տարբերվել:
«Ո՞վ է խմելու ֆրանսիական և իտալական այդ բոլոր գինիները: Ո՞վ է գնելու այդ բոլոր պայուսակները: Տնտեսության վրա ազդեցությունը հսկայական կլինի», - ասում է նա։
Էմանյուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանույել Մակրոնը նույնպես շտապեց Թրամփի հետ որքան հնարավոր է շուտ հանդիպել՝ անելով դա Փարիզում, որտեղ նա դեկտեմբերին հյուրընկալեց Թրամփին և Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկիին Աստվածամոր տաճարի մեծ վերաբացման ժամանակ։
Դա Ուկրաինայի նկատմամբ Թրամփի մոտեցման վրա ազդելու ամենավաղ փորձերից մեկն էր, սակայն դեռ որևէ ապացույց չկա, որ դա որևէ ազդեցություն է ունեցել: Թրամփը սպառնացել է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և խոստացել արագ ավարտել պատերազմը, թեև չի ասել, թե ինչպես:
Մակրոնը թուլացած է ներքաղաքական առումով՝ բախվելով շարունակվող քաղաքական ճգնաժամի՝ ընտրություններում իր խորհրդարանական մեծամասնությունը կորցնելուց հետո։ Նրա կատաղի քննադատ և հավանական իրավահաջորդը՝ Մարին լը Պենը, քաղաքական գործիչ է, որն ավելի շատ նման է Թրամփին:
«Թրամփը շատ զայրացած է բոլոր այն մարդկանց վրա, ովքեր ուրախ էին, երբ նա պարտություն կրեց Բայդենից։ Եվ ես կարծում եմ, որ նա իսկապես ցանկանում է ստիպել վճարել բոլոր այդ մարդկանց՝ Ֆոն Դեր Լյայենին, Շոլցին, Մակրոնին և բոլոր մյուսներին: Նա վերադարձել է, դա մի տեսակ ոնց որ կինոյում՝ «Թրամփ 2»-ում լիներ», - ասում է Կոստան:
Սակայն Մակրոնը կշիռ ունի որպես միջուկային տերության առաջնորդ, մի երկրի առաջնորդ, որն ունի ԵՄ ամենահզոր բանակը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակ:
Թրամփի նման նա նույնպես ձգտել է բաց պահել Պուտինի հետ հաղորդակցելու ուղիները: Եթե Ուկրաինայի խաղաղ բանակցությունները սկսվեն, ապա ակնկալվում է, որ Էմանյուել Մակրոնը կանի ամեն ինչ՝ դրանցում ներգրավվելու համար:
Քիր Սթարմեր
Երբ Դոնալդ Թրամփն առաջին անգամ ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը 2016 թվականին, Մեծ Բրիտանիայի այսօրվա վարչապետ Քիր Սթարմերի նախորդներից մեկը՝ Թերեզա Մեյը, շտապեց դառնալ Սպիտակ տան առաջին այցելուն: Դա այն է ինչով ավանդաբար աչքի են ընկնում բրիտանական վարչապետները, թեև պարզ չէ, թե արդյոք նման բան տեղի կունենա այս անգամ:
Որպես չափավոր սոցիալ-դեմոկրատ Սթարմերը իր քաղաքական հայացքներով Թրամփի հակառակորդն է հանդիսանում, և Դոնալդ Թրամփի միլիարդատեր աջակից Իլոն Մասկը շաբաթներ շարունակ թրոլինգի է ենթարկել նրան:
Մեծ Բրիտանիայի միջազգային կշիռը նույնպես, հավանաբար, նվազել է Brexit-ի պատճառով, բայց Ֆրանսիայի պես այն դեռևս պահպանում է որոշակի ռազմական և դիվանագիտական խաղաքարտեր։
Քիր Սթարմերի կառավարության արտաքին գործերի նախարար Դանիել Լամմին ամիսներ շարունակ աշխատել է անձնական հարաբերություններ հաստատել նորընտիր փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Ըստ նրա, նրանք ընդհանուր լեզու են գտել որպես բանվորական դասակարգից դուրս եկած և քրիստոնեական հավատք ունեցող մարդիկ։
Սթարմերը նաև հույս կունենա, որ Թրամփի բրիտանական արմատները՝ նրա մոր ծագումով Շոտլանդիայից լինելը, կարող են դեր խաղալ: Մինչ Ֆրանսիան ունի Բաստիլի օրվա զորահանդեսի վեհությունը, Բրիտանիան ունի թագավորական ընտանիքի հետ թեյ խմելու արարողություն:
«Սթարմերը և Լեյբորիստական կուսակցությունը փորձել են կապեր հաստատել Թրամփի աշխարհի և նրա գալիք վարչակազմի հետ», - ասում է Եվրոպական բարեփոխումների կենտրոնի փոխտնօրեն Յան Բոնդը:
«Կարծում եմ՝ հենց այս լույսի ներքո կարելի է դիտարկել Պիտեր Մանդելսոնի նշանակումը որպես հաջորդ դեսպան։ Մի մարդու, ով չափազանց սահուն քաղաքական օպերատորի համբավ ունի։ Արդյոք դա կաշխատի՞: Նրանք շատ հարցերում համախոհներ չեն: Բայց միևնույն ժամանակ, Թրամփը կարծես մի տեսակ թուլություն ունի Միացյալ Թագավորություն նկատմամբ»:
Օլաֆ Շոլց
Փետրվարին Գերմանիայում ընտրություններ են, և կանցլեր Օլաֆ Շոլցը դժվար թե երկար ժամանակ պաշտոնում մնա: Նրա նախորդը՝ Անգելա Մերկելը, ծանր ժամանակ ունեցավ Թրամփի հետ՝ ստիպված լինելով մի առիթով ծամածռվել` նրա կողքին նստած, այն բանից հետո, երբ Թրամփը անտեսեց նրան:
Նրա հավանական իրավահաջորդը՝ Ֆրիդրիխ Մերցը, նույնպես կարող է դժվարությունների բախվի: Իր նախընտրական ծրագրում նա խոսում է ՀՆԱ-ի «առնվազն» 2 տոկոս պաշտպանական ծախսերի մասին, սակայն այս ցուցանիշը հազիվ թե ոգևորություն առաջացնի Վաշինգտոնում, որովհետև Գերմանիան արդեն իսկ այդ չափ գումարը ծախսում է պաշտպանական ոլորտի վրա:
Թերևս ավելի կարևոր է, որ Գերմանիան ԱՄՆ-ի հետ ունի 60 միլիարդ դոլարի առևտրային հավելուրդ, ու Թրամփը բազմիցս քննադատել է այս իրավիճակը: Այնպես որ, հավանաբար, մաքսատուրքերի հարցը կրկին կառաջանա։
Մասկը փորձել է իր ազդեցությունն ունենալ նաև Գերմանիայի քաղաքական ասպարեզում՝ աջակցելով ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը, որի հետ Մերցը հրաժարվել է աշխատել:
Այնուամենայնիվ, Թրամփը հավանություն չի տվել այս մեկնաբանություններին, և Գերմանիան մնում է Միացյալ Նահանգների կարևոր գործընկեր:
Ֆրիդրիխ Մերցը փորձել է տանուլ տված խաղի ժամանակ ուրախ դեմք ցույց տալ՝ ասելով, որ ԵՄ-ն պետք է նոր ջանքեր գործադրի Վաշինգտոնի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման համար: Վերջին անգամ նման փորձ եղավ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետում, սակայն դրանից հրաժարվել են: