Մատչելիության հղումներ

TRIPP նախագիծ, առևտրի մեկնարկ. ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբիում

Աբու Դաբիում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը: Երևանի և Բաքվի նույնական հաղորդագրություններում նշվում է, որ երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին առօրյայում:

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, մասնավորապես, գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրի մեկնարկի և Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանման, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներից հացահատիկի և այլ ապրանքների՝ Հայաստան տարանցման կապակցությամբ: Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները, սակայն չի նշվում՝ արդյոք կա՞ն պայմանավորվածություններ հայկական ապրանքների Ադրբեջան արտահանման վերաբերյալ:

Առանց մանրամասների հաղորդվում է, որ քննարկել են նաև TRIPP-ի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։

Հայ-ադրբեջանական բարձր մակարդակով բանակցությունները նախորդում են Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան և Բաքու առաջիկա այցին: Անձամբ նախագահ Թրամփն է տեղեկացրել, որ Վենսը գալիս է առաջ մղելու TRIPP-ը՝ Ադրբեջանի մի հատվածը Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող ճանապարհը:

Ալիև-Փաշինյան այսօրվա բանակցություններին ներկա էին երկու երկրների փոխվարչապետերը, արտգործնախարարները, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը: Սրահում էր նաև Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը Երևանի ներկայացուցիչն է Հայաստան-Թուրքիա բանակցություններում:

Ըստ էության, Աբու Դաբի էին մեկնել բանակցային բոլոր ուղղությունների պատասխանատուները՝ խաղաղության պայմանագրից մինչև ապաշրջափակում, սահմանագծում:

Սակայն պաշտոնական լրահոսը լռում է՝ արդյոք այսօր քննարկվե՞լ է խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը: Ադրբեջանը նախապայման է դրել՝ փոխել Հայաստանի սահմանադրությունը, որում տարածքային պահանջ են տեսնում: Հայաստանի իշխանությունները փոփոխություններ նախաձեռնել են՝ խոստանալով հանրաքվե անցկացնել ընտրություններում հաղթելու դեպքում, միաժամանակ վստահեցնում են՝ դա Բաքվի պահանջով չեն անում:

«Ինչո՞ւ են ադրբեջանական ստորաբաժանումները գտնվում Հայաստանի տարածքում». Մարուքյան

Ինչ վերաբերում է սահմանագծմանը, որը, Երևանի հավաստիացումներով, կլուծի Հայաստանի օկուպացված տարածքների հարցը, վարչապետ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը դեռ սպասում է:

«Շատ լավ, բա ինչի՞ չի լուծվում, էդքան հանդիպում են: Ինչքան հանդիպում են մենք ենք ինչ-որ բան զիջում, բա ինչի՞ չի լուծվում, ո՞ւր է, սահմանագծումը ինչի՞ չի լուծվում, ինչո՞ւ են ադրբեջանական զինվորական ստորաբաժանումները գտնվում Հայաստանի տարածքում, ամրացնում են դիրքերը, մշտադիտարկում են իրականացնում ռազմավարական բոլոր ճանապարհների, Եվրամիության դիտորդական առաքելությանն են հսկում, անդադար տեսանյութեր են դնում ԵՄ դիտորդական առաքելության տարբեր վայրերում հայտնվելուց: Գիշեր-ցերեկ հսկում են Հայաստանի Հանրապետության խորքն ու ունեն այդ հնարավորությունը մի պատճառով, որովհետև նրանք կանգնած են Հայաստանի Հանրապետության տարածքից ներս ու պետք է այդտեղից դուրս գան», - նշեց Մարուքյանը:

Հայկական կողմը չէր բացառել, որ առաջիկայում արտահերթ սահմանագծում կարող է իրականացվել Սյունիքում, այն հատվածում, որտեղ պետք է անցնի «Թրամփի ուղին»: Ադրբեջանի արտգործնախարարն էլ իր հերթին խաղաղության պայմանագրի ստորագրման մեկ այլ նախապայման էր դրել՝ TRIPP նախագծով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում։

«Խոսքը գնում է այդ միջանցքի մասին, միջանցքային տրամաբանությամբ Հայաստանի պարտավորությունների կատարման մասին: Հայաստանի իշխանություններն էլ ասում են՝ «կատարելու ենք», էդ վտանգներն ամբողջությամբ բացահայտված են, հրապարակային են, ուղղակի մեկը մի անունով է ասում, մյուսը՝ մի անունով: Ի՞նչ է նշանակում՝ եթե մենք Միացյալ Նահանգների հետ որևէ գործողություն ենք անում մեր սուվերեն տարածքում, ի՞նչ կապ ունի Ադրբեջանը դրա հետ, ի՞նչ պարտավորություններից է խոսում Ադրբեջանը», - ասաց Էդմոն Մարուքյանը:

Այսօրվա բանակցությունների մասին հաղորդագրությունում չի հիշատակվում նաև Բաքվում պահվող գերիների մասին:

Փաշինյանն ու Ալիևը որպես այս տարվա պարգևատրվողներ մասնակցեցին «Զայեդ» մրցանակաբաշխությանը

Օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը որպես այս տարվա պարգևատրվողներ մասնակցեցին «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխությանը։ «Զայեդ»-ի ժյուրին գնահատել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, որը դեռ միայն նախաստորագրվել է: Երկու առաջնորդները ելույթներում ընդգծում էին, որ օգոստոսին Վաշինգտոնում հռչակագիր ստորագրելուն հաջորդած կես տարին կարևոր է եղել խաղաղությունն ամրապնդելու համար:

«Մենք ոչ միայն վերացրեցինք սահմանափակումները բեռնափոխադրումների համար Ադրբեջանի միջոցով դեպի Հայաստան, այլև սկսեցինք արտահանել նավթային ապրանք դեպի Հայաստան, այսինքն, այս 6 ամիսների ընթացքում մենք սկսել ենք համագործակցել, այժմ մենք ավելացնում ենք մեր առևտրաշրջանառությունը, և առավոտյան ես հանդիպեցի իմ հայ գործընկերոջ հետ, ու մենք քննարկեցինք՝ ինչպես առաջ շարժվել», - ասաց Ալիևը:

Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց. «Նույնքան կարևոր է յուրաքանչյուր հայի ու ադրբեջանցու համար, ովքեր համարձակություն են ունեցել ապավինել խաղաղությանը: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր երկու ժողովուրդներին այն ընկալման համար, որ անցյալը փոփոխման ենթակա չէ, մենք պետք է կենտրոնանանք մեր ազգերի համար խաղաղ ու բարգավաճ ապագա կերտելու վրա»:

Մրցանակաբաշխությանը մասնակցում էր Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Ալ Նահյանը։ Փաշինյանին և Ալիևին տեսաուղերձներով շնորհավորեցին Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Պակիստանի, Ղրղըզստանի, Լիբանանի, Հորդանանի առաջնորդները:

«Զայեդ» պարգևն այս տարի ստացավ նաև աֆղան իրավապաշտպան Զարքա Յավթալին: Նա տասնամյակներով պայքարում է իր հայրենակից կանանց կրթություն ստանալու իրավունքի համար: Երրորդ մրցանակակիրը Taawon կազմակերպությունն է, որ պաղեստինցի փախստականներին է աջակցում:

Ըստ պաշտոնական կայքի՝ մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակը շնորհվում է աշխարհի տարբեր երկրներում գործող անհատներին կամ կազմակերպություններին, որոնք օրինակ են ծառայում, համագործակցում են, կամուրջներ հարթում՝ ստեղծելով իրական մարդկային կապեր՝ հաճախ անձնական զոհողությունների գնով։ Մրցանակի դափնեկիրները ստանում են 1 միլիոն դոլար: Նախորդ տարիներին պարգևին արժանացել են օրինակ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Հռոմի Ֆրանցիսկոս պապը:




XS
SM
MD
LG