«Թրամփի ուղու» վերաբերյալ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունից ավելի քան երկու ամիս անց ո՛չ ծրագրի մանրամասների, ո՛չ էլ աշխատանքային խմբերի ձևավորման մասին տեղեկություն դեռ չկա:
Էկոնոմիկայի ՔՊ-ական նախարարն այսօր պնդեց, թե նորություն չունի, բայց Գևորգ Պապոյանն առաջիկայում Միացյալ Նահանգներ է մեկնելու՝ նաև «Թրամփի ուղի» անվանումը ստացած ճանապարհահատվածի ներդրումային ծրագիրը քննարկելու նպատակով:
«Երկու կետ կա. առաջինը՝ բուն TRIPP-ի ներդրումային ծրագիրը, երկրորդը՝ ամերիկայն խոշոր ընկերությունների, այդ թվում՝ առևտրային ծառայություններ մատուցող ընկերությունների հնարավոր ներդրումային ծրագրերը, դրանց հնարավորությունները: Հիմա մենք բազմաթիվ ուսումնասիրություններ ենք անում, նաև զուգահեռ աշխատանք ենք տանում», - հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համաձայնեցրած հռչակագրով՝ Երևանն աշխատելու է Վաշինգտոնի և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ, որպեսզի «Թրամփի ուղի» կոչվող ծրագիրը հնարավորինս՝ արագ իրականություն դառնա: Վաշինգտոնյան համաձայնությունից հետո հայաստանյան ներքաղաքական դաշտում կան մտահոգություններ, որ այդ երրորդ կողմը կարող է լինել Թուրքիան, ՔՊ-ական պաշտոնյան վստահեցրեց. «Այդպիսի բան չկա: TRIPP-ի մասով մեր գործակցությունը միայն ԱՄՆ-ի հետ է: Այս հարցը սևով սպիտակի վրա գրված է, այլ բան հնարավոր չէ, այլ բան անհրաժեշտ էլ չի, այլ բան չի էլ լինելու»:
Սյունիքով անցնող այդ ճանպարհահատվածը Արդբեջանը կապում է իր էքսկլավ Նախիջևանի հետ: Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով՝ Բաքուն այդ ճանպարահով անխոչընդոտ անցում կստանա, Հայաստանը՝ փոխադարձ առավելություններով հաղորդակցություն: Ինչո՞ւ դետալների շուրջ աշխատանքները չեն մեկնարկում, կառավարության ներկայացուցիչն այսօր չպարզաբանեց:
«Ադրբեջանի կողմից պարտադրանք կա». Արթուր Խաչատրյան
Ընդդիմությունից շարունակում են պնդել՝ էականը դետալներն են, հենց դրանց բացահայտման դեպքում է պարզ դառնալու, որ Բաքուն միջանցք է ստացել Երևանից:
«Այս իշխանությունները խոսում էին ամբողջական ապաշրջափակման մասին: Ամբողջական ապաշրջափակումը ներառում է նաև Իջևան-Ղազախ ճանապարհը, որովհետև, օրինակ՝ Թբիլիսի ճանապարհը Ղազախով շատ ավելի կարճ է և դեպի հյուսիս ճանապարհը շատ ավելի կարճ է: Քանի դա չկա մենք ունենք մի բան՝ Ադրբեջանի կողմից պարտադրանք: Պարտադրված է եղել: Կառավարությունը 2022 թվականին առաջարկել էր երեք սահմանային անցման կետ բացել Սոթքում, Քարահունջում և Երասխում: Ո՞ւր է: Ամբողջը, ինչ այս կառավարությունն անում է, անում է ադրբեջանական պարտադրանքի արդյունքում», - ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Սյունքի ճանապարհի շուրջ ձեռք բերված համաձայնություններից հետո հիմնական քննադատությունն այն է, որ ընդհանուր ճանապարհների ապաշրջափակում չի լինի: Ադրբեջանը կստանա իր պահանջած ճանապարհը, Հայաստանը կմնա ձեռնունայն: Նույնն այսօր կրկնեց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Միացյալ Նահանգներում ընդունված եռակողմ հռչակագրից հետո ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին խոսում են միայն հայ պաշտոնյաները: Ո՛չ Թուրքիայից, ո՛չ Ադրբեջանից ընդհանուր ճանապարհները բացելու որևէ հրապարակային հայտարարություն չի հնչել, փոխարենը՝ պարբերաբար թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները ընդգծել են, իրենց ձևակերպմամբ, «Զանգեզուրի միջանցքի» գործարկման կարևորությունը: