Մատչելիության հղումներ

Տրանսպորտում քարտով վճարելու տարբերակը կա, բայց փակ է. ինչու է հասանելի դառնալու միայն հունվարից


Մետրոյի «Երիտասարդական» կայարանում ժետոն վաճառող պատուհանների և ժետոն ընդունող միակ անցարգելի մոտ պարբերաբար հերթեր են գոյանում. ուղևորներից շատերը դեռ նախընտրում են ժետոնը, թեև մետրո այժմ հնարավոր է մտնել թե՛ Telcell-ի հեռախոսային հավելվածի և թե՛ մետրոյի ներսում տեղադրված սարքերից գնված QR կոդերով: Ասում են՝ տեղյակ չեն:

Ըստ Մետրոպոլիտենի հրապարակած վիճակագրության՝ անցած շաբաթվա ընթացքում ավելի քան կես միլիոն ուղևորների միայն 21 տոկոսն է տոմսային միասնական համակարգից օգտվել, սակայն օգտվողների թիվն աճում է՝ սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում միայն 13 տոկոսն էր QR կոդերից օգտվել:

Չօգտվող քաղաքացիներից շատերը տեղյակ չեն, որ հնարավոր է QR կոդեր ձեռք բերել Tecell-ի սարքերից։ Իսկ հեռախոսային հավելվածի դեպքում՝ տարեցները դրանց մասին լսել չեն ուզում:

Սոցիալական ցանցերում էլ՝ դեռ կիսով չափ գործարկված միասնական տոմսային համակարգից դժգոհություններ կան, ոմանք ամենաբանուկ ժամերին մետրոյի ողջ նախասրահը լցրած հերթերն են նկարահանում, ոմանք՝ խափանված ու չաշխատող սարքերը, ու հարց բարձրացնում, թե ինչո՞ւ, չնայած խոստումներին, դեռևս հնարավոր չէ վճարել սովորական բանկային քարտերով:

Տոմսային նոր միասնական համակարգի մասին հայտարարելիս նշվեց, որ ուղևորները կկարողանան տրանսպորտի համար վճարել նաև բանկային քարտերով:

Ու թեև տեխնիկապես անցարգելներում և ավտոբուսներում տեղադրված սարքերն արդեն իսկ հնարավորություն ունեն բանկային քարտերով վճարում ընդունել, սակայն քաղաքացիները դրանից կկարողանան օգտվել միայն հունվարին: Քաղաքապետարանից և Telcell-ից փոխանցեցին` այդ հնարավորությունը հատուկ նպատակով են փակ պահում քաղաքացիների համար. որպեսզի հանրությունը սովորի QR կոդերին:

«Իրենք ավելի իմաստավոր է միացնել տարիֆային պլանների հետ մեկտեղ, որովհետև եթե էս պահին, օրինակ, միացնենք բանկային քարտերը, մարդիկ կօգտվեն բացառապես բանկային քարտերից», - «Ազատությանն» ասաց Telcell ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը:

Քաղաքապետարանի հայտարարած մրցույթի միակ մասնակիցն ու հաղթողը Telcell ընկերությունն է, որ հնարավորություն է տալիս օնլայն դրամապանակ ունենալ և այդ դրամապանակով տարբեր վճարումներ կատարել՝ կոմունալներից մինչև վարկեր:

Telcell-ի գլխավոր տնօրենի տեղակալն ասում է՝ տրանսպորտային միասնական վճարման համակարգ ներդնելու միայն տեխնիկական կողմը իրենցից 1.5 միլիարդ դրամի ներդրում է պահանջել:

Telcell-ից և քաղաքապետարանից չեն թաքցնում, որ ընկերության շահն այստեղ նոր շուկա և նոր հաճախորդներ ներգրավելն է: Ովքեր որ Telcell-ը կօգտագործեն տրանսպորտում վճարումների համար, գուցե այլ ծառայություններից էլ օգտվեն:

«Նաև մեր կոմերցիոն շահն էլ ենք հետապնդում, դա գաղտնիք չի և [հակառակը] տրամաբանական էլ չէր լինի, սակայն ես դրա հետ չէի կապի էդ նախնական փուլը, որովհետև կարելի ասել՝ մենք մեր հիմնական բաժանորդներին կհավաքենք ընդհանուր տարիֆային պլանները լիարժեք գործարկելուց հետո», - ընդգծեց Լիանա Հունանյանը:

Մտահոգության մեկ այլ թեմա տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն է բարձրացնում. - «Երբ որ ներդրվում է, այսինքն՝ փորձ է արվում հիմա ներդնել տեսախցիկների տոտալ համակարգի ստեղծում և ներդնում, փաստացի բոլոր տնտեսվարողները պետք է նկարեն ու այդ տվյալները տան Ոստիկանությանը, դրան զուգահեռ երբ որ սա դիտարկում ես որպես ևս մի վերահսկողական համակարգ, տպավորություն է ստեղծվում, որ մի քիչ շատ է պետությունը մեր տեղաշարժին ... Դա նաև ենթադրում է, որ մարդիկ պետք է համոզված լինեն, որ էդ տվյալները պատշաճ կերպով են օգտագործվում»:

Telcell-ից ու քաղաքապետարանից արձագանքում են՝ ընկերության գործունեությունը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից, երրորդ կողմին անձնական տվյալներ տրամադրելու իրավունք չունեն:

Իսկ ով չի ցանկանա նույնականացված օնլայն դրամապանակ ունենալ, կարող է տերմինալից գնել QR կոդ: «Բարեկամություն», «Շենգավիթ» և «Չարբախ» կայարաններում նաև գանձապահներն են արդեն դրանք վաճառում, առաջիկայում այլ կայարաններ էլ կմիանան: Մետրոյում, սակայն, հերթը դեռ ժետոնների համար է, իսկ տերմինալներին դեռ տասից մեկն էլ չի մոտենում:

XS
SM
MD
LG