ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով պատժամիջոցներ է սահմանում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) պաշտոնյաների նկատմամբ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ հետաքննություններ սկսելու համար։
Թրամփի հրամանում նշվում է, որ Հաագայի դատարանը «իրականացրել է անօրինական և անհիմն գործողություններ՝ թիրախավորելով Ամերիկան և մեր մոտ ընկեր Իսրայելին»։
Փետրվարի 6-ին ստորագրված գործադիր հրամանում նշվում է, որ այդ գործողությունները «վտանգավոր նախադեպ են ստեղծում՝ անմիջական վտանգի տակ դնելով ԱՄՆ ներկայիս և նախկին անձնակազմին», այդ թվում՝ ԱՄՆ զինվորականներին։
Հրամանում անդրադարձ կա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ ձերբակալման օրդերին, ինչպես նաև դատարանի վերջին քայլերին, որոնք վտանգ են ներկայացնում ԱՄՆ զինվորականների համար։ Հրամանն ընդունվել է Նեթանյահուի՝ փետրվարի 4-ին Սպիտակ տուն այցելելուց հետո։
Թրամփի հրամանով սահմանված պատժամիջոցները ներառում են ՄՔԴ պաշտոնյաների, աշխատակիցների և նրանց ընտանիքների մուտքի արգելքը ԱՄՆ, ինչպես նաև նրանց ունեցվածքի սառեցումը ԱՄՆ իրավասության ներքո։ Պատժամիջոցները տարածվում են նաև նրանց վրա, ովքեր աջակցել են դատարանի հետաքննություններին։
ՄՔԴ-ն նոյեմբերի 21-ին ձերբակալության օրդեր է տվել Նեթանյահուի, Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի և «Համաս»-ի ռազմական ղեկավար Մուհամմեդ Դեյֆի նկատմամբ, ովքեր ըստ իսրայելական կողմի, մահացած են:
Օրդերները վերաբերում են «ռազմական հանցագործություններին, որոնք կատարվել են առնվազն 2023 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև առնվազն 2024-ի մայիսի 20-ը»: